«Երաժշտության, գեղանկարչության ու գրականության կապը շատ կարևոր է ու հետաքրքիր: Այդ կապի կարիքն իրոք կա այսօրվա հասարակության մեջ: Այսօր էլ փորձելու ենք այդ կապը ցույց տալ»,- ասաց կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը՝ նախքան Արամ Պաչյանի «Օվկիանոս» գրքից մի հատված կարդալը:
Մարտի 13-ին «Օպուս 3» փառատոնի շրջանակում տեղի ունեցած զրույց-հանդիպումն արձակագիր, էսսեիստ Արամ Պաչյանի և կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի հետ էր, որոնք հանդիպման ընթացքում խոսեցին հեղինակի գործերից, քննարկեցին դրանք, ապա պատասխանեցին ուսանողների և հյուրերի հարցերին:
«Օվկիանոս»-ը կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը ներկայացրեց որպես հասուն ժողովածու, որտեղ արտահայտվում են այն հատկանիշները, որոնք հեղինակը՝ Արամ Պաչյանը կուտակել է տարիների ընթացքում: «Պաչյանի ստեղծագործությունների մեջ ոչինչ ավելորդ չի լինում, ամեն բան սահմաններ ունի»,- ասաց նա:
Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ