Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը հրաժարվեց կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծրագրերը մեկնաբանել: Մեր այն դիտարկմանը, որ գրեթե բոլոր ուժերի ծրագրերում նույն խոստումներ են, պարոն Խաչատրյանը, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակում ներգրավված է որպես պատգամավորի թեկնածու, նշեց, որ իրենք առաջարկներ ունեն, որոնք գումարներ կարող են բերել:
«Օրինակ՝ մենք առաջարկում ենք շքեղության հարկման մոդելը, սա նշանակում է հարուստներին ավելի շատ է պետք է հարկել, սա բյուջեն լցնող մոդել է: Սա նաեւ կոչվում է Ռուբին Հուդի հարկ»,-ասաց Խաչատրյանը:
Տնտեսագետի խոսքերով՝ «Հանդիպե՞լ եք ՀՀԿ-ի ծրագրում անօրինական գումարների վերադարձման կետ: Մենք առաջարկում ենք Հայաստանից գնացած գումարները վերադարձնել:
Մենք առաջարկում ենք դեօֆշորիզացիա, այսինքն՝ ասում ենք՝ կամ օֆշորի գումարը բեր ներդրի Հայաստանում, կամ մենք բացահայտելու ենք եւ ազգայնացնելու ենք, հնարավորություն ենք տալիս գումարը հետ բերի»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ բոլոր ուժերն էլ աշխատավարձերի բարձրացում, ստվերի կրճատում, նոր ձեռնարկությունների հիմնում, էժան վարկեր, առողջապահական ու գյուղատնտեսական ապահովագրություն ու նման խոստումներ են տալիս, ՀՎԿ-ն էլ բացառություն չէ, պարոն Խաչատրյանը վստահեցրեց՝ այս կուսակցությունը նաեւ մեխանիզմներն է ցույց տալիս, թե դրանք ինչպես է կյանքի կոչելու:
Aravot.am-ի այն հարցին՝ ՀՎԿ-ն իր ծրագրով առաջարկում է՝ 20 խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծում՝ արդիականացում կամ վերագործարկում, որո՞նք են սրա մեխանիզմներն ու որտեղից են գումարներ հայթայթելու, պարոն Խաչատրյանը պատասխանեց.«Ամեն մարզում 1-2 խոշոր ձեռնարկություն պե՞տք է լինի, թե՝ ոչ, գոնե մեկ հատ պետք է լինի: Ֆինանսավորումը. բանկային համակարգը ֆինանսավորում է պետական բյուջեի դեֆիցիտը, սա 250 միլիոն դոլար է, քանի՞ նման խոշոր ձեռնարկություն կարելի է այդ գումարով ստեղծել: Խոսքը ե՛ւ մասնավոր, ե՛ւ պետական ձեռնարկության մասին է: Այսինքն՝ բանկերից այդ փողը բյուջե վերցնելու փոխարեն, թող ասեն՝ գնա այդ ձեռնարկությունը ֆինանսավորի, թող նաեւ շահույթ ունենա ու քո վարկերն էլ փակի, մենք էլ քեզ կսուբսիդավորենք»:
Իսկ թե պետական պարտքն ինչպե՞ս պետք է մարվի, եթե դրա սպասարկման գումարները ձեռնարկություններ հիմնելուն պետք է ուղղվեն, մեր այս հարցին էլ ի պատասխան, Խաչատրյանն ասաց. «Թող հստակ շեմ ֆիքսեն ու ժամանակացույց»:
Մանրամասն՝ տեսանյութում
20 նոր խոշոր ձեռնարկության արտադրանքը ՀՀ-ի փոքր շուկայում ինչպե՞ս է իրացվելու, որ երկիր են արտահանելու, կարողանալո՞ւ են արտահանել, մեր այս հարցերին էլ ի պատասխան, տնտեսագետն ասաց, որ երկաթգծի կառուցում էլ են նախատեսել ծրագրով. «Բայց Հայաստանն առաջինը պետք է մտածի ոչ թե արտահանման մասին, այլ՝ ներմուծման փոխարինման մասին: Այսինքն՝ ներմուծված ապրանքները փոխարինենք տեղական արտադրությունով, իսկ ավելցուկն արտահանել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ