Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծնողներից մեկն ինձ ինչ ասես, որ չասեց». Սեյրան Օհանյանը պատասխանում է իր հասցեին քննադատություններին

Մարտ 13,2017 19:43

Այսօր Վետերանների միությունում վետերանների հետ հանդիպման ժամանակ ՕՐՕ դաշինքը գլխավորող ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «Իմ ղեկավարության ժամանակ 2014-ին ես դպրոցների, իրավապահ մարմինների հետ միասին պայքար եմ հայտարարել արատավոր բոլոր երեւույթների դեմ՝ այսպիսի սկզբունքով՝ բանակը մեր տունն է, մեր ամրոցը, մեր ամրոցում՝ մեր օրենքներով, ով չի ուզում ապրի մեր օրենքներով, թող գնա ապրի այլ ամրոցի՝ բերդի օրենքներով: Բոլոր դպրոցներին՝ շուրջ 100 հազար ուղերձ եմ ես կազմել՝ անձամբ իմ ձեռքով գրված»:

Լրագրողների հետ զրույցում դիտարկմանը, որ ձեր հասցեին հնչող հիմնական մեղադրանքն այն է, որ դուք պաշտոնավարման ժամանակ ինչու ձայն չեք հանել առկա խնդիրների մասին ու պաշտոնից ազատվելուց հետո նոր խոսում եք, օրինակ, սեւազգեստ մայրերի հետ հանդիպման ժամանակ էլ մայրերին ասում էիք, որ խնդիրներ են եղել գործի քննության ժամանակ ու հարց էր առաջանում՝ ինչու եք լռել դրա մասին իշխանության մեջ լինելով, չեք պահանջել գործերը վերաբացել, երբ այդ կանայք տարիներ շարունակ ցույցեր էին անում՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց.

«Ես երեկ ասացի, որ հասկանում եմ որդեկորույս մայրերին երկու հանգամանքից ելնելով, առաջինը, որ նրանք կորցրել են իրենց զավակներին եւ երկրորդ՝ նրանք իհարկե ձգտում են,որ պատիժը մաքսիմալ լինի, ովքեր իրենց զավակներին վատ վիճակի են հասցրել: Այդ առումով ես երբեւիցե չեմ խուսափել նրանց հետ հանդիպել: Ինքս եմ ընդառաջ գնացել, ինքս եմ կանչել: Շատ են եղել դեպքերը, որ հենց  իմ աշխատասենյակում, ելնելով որդու զոհվելու հանգամանքից, վերլուծություններ եմ կատարել»:

Նա ասաց, որ երեկ բանակում սպանված զինվորի մայր Նանա  Մուրադյանին ասել է, որ դատահետքաբանական փորձաքննության ոչ պատշաճ մակարդակի իրականացման հետ կապված խնդիր է նկատել. «Ես այն ժամանակ ասել եմ իրավապահ մարմիններին, գրություններ եմ գրել մի քանի անգամ: Իհարկե, ես հրապարակում կամ կառավարության շենքի դիմաց չեմ վեր կացել եւ հրապարակային ասել, բայց միեւնույն ժամանակ նույն կառավարության շենքի դիմաց, նախագահականի դիմաց ես գնացել եմ ընդառաջ, հանդիպել եմ, փորձել եմ այդ հարցերը լուծել: Բայց դատաիրավական համակարգը ինձ չի ենթարկվում: Եվ փառք Աստծո, որ ինձ չի ենթարկվում, որովհետեւ երբ մենք գանք իշխանության, մենք ամեն ինչ անելու ենք, որ դրանք լինեն ազատ, անկախ, որպեսզի կարողանան առանց մի պարտադրման անկախ գործունեություն ծավալեն: Դեպքերից մեկի ժամանակ ծնողներից մեկն ինձ ինչ ասես, որ չասեց: Ես իրեն ասացի հետեւյալը՝ ընդունում եմ դա, որովհետեւ այն, ինչ դուք ասացիք, միգուցե առօրյայում այլ մարդկանց կողմից վիրավորական ընդունվեր իմ կողմից, բայց որքան էլ ես այդ հարցում նեղսրտվեմ, այնուամենայնիվ, դա այն չէ, ինչ դուք եք կորցրել: Ասեք ձեր սրտի ուզածը մինչեւ վերջ, նոր դրանից հետո ես կարող եմ ասել: Ավարտեցի՞ք, հանգստացա՞ք, ինչո՞վ ես ձեզ հիմա օգնեմ: Եվ փորձել եմ օգնել»:

Լրագրողները Սեյրան Օհանյանին եւս մեկ թարմ քննադատություն փոխանցեցին՝ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբ եք այցելում, բայց երբ կալանավայրում էր կամ հիվանդանոցում, այն ժամանակ չեք այցելել՝ Սեյրան Օհանյանը արձագանքեց.

«Այն ժամանակ ես իմ պարտականություններն եմ կատարել: Գիտեք, ՊՆ նախարարի պաշտոնն այնքան ծանր եւ այնքան բազմազբաղ պաշտոն է, որ ինքը, եթե լիարժեք իրականացնում է պաշտպանական քաղաքականություն, կարելի է ասել, դա մի ամբողջ պետության գործ է, որ դու ուզում ես քո ուսերի վրա տանես՝ եւ բանակը, եւ պետության պատրաստումը պատերազմին, եւ ռազմահայրենասիրական դաստիարակությունը, եւ առաջին գծի բնակավայրերը: Ես ինչի համար եմ ասում, որ այդ փորձն ունեմ եւ կարող եմ մեր երկիրը առաջնորդել, այդ փորձը ես ձեռք եմ բերել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031