Այսօր մենք ՕՐՕ դաշինքը գլխավորող ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցրեցինք՝ ձեր մարզային քարոզարշավային ելույթներում կարմիր թելի նման անցնում էր այն գիծը, որ Սահակաշվիլիի սխալները մենք չենք անելու եւ ՌԴ-ի հետ ենք լինելու, սրանով դուք այդքան կարեւորո՞ւմ եք ՌԴ-ի դերը, որովհետեւ ՌԴ-ի լծակները մեզ վրա շատ մեծ են՝ նա պատասխանեց.
«Ես կարեւորում եմ համագործակցությունը հավասարակշռված դաշտում, ՌԴ-ի հետ համագործակցությունը՝ որպես մեր ռազմավարական գործընկերոջ: Ոչ մեկը չի ասում, որ ՌԴ-ն ռազմավարական գործընկեր չի: Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ պատմական, աշխարհագրական, անվտանգային, նաեւ տնտեսական մի այնպիսի տարածության մեջ ենք, որ առանց մեկս մյուսի հետ համագործակցելու, չենք կարող մեր ընդհանուր զարգացումը, անվտանգությունն ապահովել: Բայց դա չի նշանակում, որ մենք միայն մեկ բեւեռով ենք համագործակցելու: Հավասարակշռված քաղաքականություն է: Հատկապես այնպիսի արդյունավետ գործոն, ինչպիսին հայ ժողովուրդն ունի, մեր ժողովրդի մեծ մասը սփռված է այլ երկրամասերում, որոնց հնարավորությունները, անկասկած, մենք պետք է օգտագործենք մեր երկրի անվտանգությունն ու զարգացումն ապահովելու համար»:
Հարցին՝ մեղադրանքներ կան այս առումով, որ գուցե Սահակաշվիլիի փառքին եք ձգտում՝ Սեյրան Օհանյանն ի պատասխան հակադարձեց. «Ինձ ոչ մի փառք պետք չի, ես իմ արժանիքները ձեռք եմ բերել: Մնացած բոլոր արժանիքները ես փորձում եմ մեր թիմակիցների հետ միասին ուղղել՝ մեր ժողովրդի ապագան ապահովելու համար: Յուրաքանչյուր անձնավորություն իր առօրյա գործունեության մեջ պետք է հետեւյալ սկզբունքով աշխատի, որպեսզի լինի աշխատունակ՝ որքան ուշ ես հասնեմ իմ փառքի գագաթնակետին, այնքան ես աշխատունակ կլինեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ