Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԸՀ-ն, որ Ծառուկյանին նկատողություն է անում, լավ կլինի ՀՀԿ-ի պաստառներին էլ արձագանքի». Ալեն Սիմոնյան

Մարտ 13,2017 17:58

Թիվ 4 ընտրատարածքում «Ելք» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը ծիծաղելի է համարում այն, որ իրեն մեղադրում են, թե «Արարատ» ամսագրի առաջին էջի իր նկարը, որը մինչև քարոզարշավի մեկնարկը տեղադրված էր գովազդային վահանակների վրա, օրենքի խախտում է: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սիմոնյանը հեգնեց, թե քիչ է մնում իրեն մեղադրեն նաև պետական ռեսուրսների օգտագործման մեջ:

Հիշեցնենք, որ ըստ դիտորդների` ՀՀԿ-ի կողմից մինչ քարոզարշավի մեկնարկը 5 քմ-ից ավելի մակերես ունեցող վահանակների տեղադրումը օրենքի խախտում էր համարվել: Այդպիսի պաստառներում հայտնվել էին Կարեն Կարապետյանը և այլ ՀՀԿ-ականներ:

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք ճի՞շտ է միայն ՀՀԿ-ականներին մեղադրելը այն դեպքում, երբ, օրինակ, Ալեն Սիմոնյանի նկարը գովազդային վահանակների վրա էր փակցված և արդյոք դա օրինական դաշտո՞ւմ էր:

Պարոն Սիմոնյանը պատասխանեց. «Օրենքը հստակ տարանջատում է: Իմ նկարը եղել է «Արարատ» ամսագրի առաջին էջին: Երեք-չորս տարի է տարբեր մարդիկ են լինում այդ ամսագրի շապիկին. օրինակ` Արմեն Աշոտյանը, Նաիրա Նահապետյանը: Եվ այն փաստը, որ դա եղել է ընտրարշավից առաջ, որևէ կերպ չի խախտում օրենքը: Իսկ Կարեն Կարապետյանի և մյուս ՀՀԿ-ականների պաստառներից իմը տարբերվում է շատ բաներով: Իմ պաստառի վրա չի եղել քաղաքական կարգախոս, իմ պաստառի վրա չի եղել գրված քվեաթերթիկի համար, ուստի նման պնդումները համարում եմ կամ անգրագիտություն կամ շահարկում»:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ ընտրարշավը սկսելուց հետո այդ վահանակները հանվել են, այնուհետև հավելեց. «Երբ ընտրարշավը նոր էր սկսվել, կային վահանակներ, որ չէին հասցրել հանել, դրանք էլ հակառակ էին շրջվել: Գագիկ Ծառուկյանի պաստառը` «Դե ֆակտո» ամսագրի առաջին էջին, ևս շուռ էր տրվել»:

Պարոն Սիմոնյանն արձանագրեց, թե քարոզարշավն անցնում է անհավասարության մթնոլորտում. «Նման մեղադրանքները ծիծաղելի են նաև այն պատճառով, որ զուտ ի պաշտոնե ՀՀԿ բազում անդամներ ամենօրյա ռեժիմով Հ1-ով ցուցադրվում են` տարբեր պատրվակներով պայմանավորված: Ի սկզբանե անհավասար պայմաններում էինք: Եթե նայեք միայն ՀՀԿ-ի գույքի ցուցակը, կտեսնեք, թե անհավասարության ինչ աստիճան է: Փաստ է, որ Կարեն Կարապետյանի և տարբեր ՀՀԿ-ականների լուսանկարները շենքերի վրա կախվել են քարոզարշավից երկու օր առաջ: Ու եթե ԿԸՀ-ն պարոն Ծառուկյանին նկատողություն է անում տեքստի հետ կապված, ապա ազնիվ կլինի, որ պաստառների հետ կապված ևս արձագանքի»:

Մեր այն դիտարկմանը` ուշ չէ՞ արդեն, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Մայիսի 14-ին մենք նորից ընտրություն ունենք: Նման բաները պետք է ֆիքսենք»:

«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը ևս չի կարծում, թե խախտում է արել: Մեր այն հիշմանը, թե առաջինը հենց Տիգրան Ուրիխանյանի պաստառներն էին փակցված Արաբկիրում, պարոն Ուրիխանյանն արձագանքեց. «Այդ ամենը կարգավորվում է ՀՀ ընտրական օրենսգրքով: Կարող եք դիմել ԿԸՀ և ստանալ պատասխան: Իմ պաստառները շատ ավելի շուտ են եղել` բոլոր հինգ տարիների ընթացքում, տարբեր տեղերում: Թռուցիկներ են բաժանվել, իմ միակ կարգախոսն է եղել՝ կապ պահեք ձեր պատգամավորի հետ: Դա ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջ է պատգամավորի համար: Ինչ վերաբերում է ընտրական կոչերին, դրանք երբեք չեն եղել ու նույնիսկ հիմա էլ չկան»:

«Ծառուկյան» դաշինքը գլխավորող Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ևս պնդեց, թե իրենք օրենքի խախտում չեն կատարել: Նա պարզաբանեց, «Գագիկ Ծառուկյանի նկարը եղել է «Դե ֆակտո» ամսագրի շապիկին` նա ճանաչվել է «Տարվա մարդ»: Ամսագիրը լույս է տեսել դեռ դեկտեմբերին և ամսագիրն իր գովազդային պաստառները փակցրել է վահանակներին` նախօրոք ունենալով պայմանավորվածություն տարբեր կազմակերպությունների հետ: Հետագայում` քարոզարշավի մեկնարկի օրվանից սկսած համապատասխան քանակի վահանակները մտցվել են այն քանակի մեջ, որը ԿԸՀ ցանկով տրամադրվել է «Ծառուկյան» դաշինքին: Այստեղ որևէ օրենքի խախտում չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031