Լրահոս
Օրվա լրահոսը

«Բախումներն ու պատերազմը կդառնան անխուսափելի». Պապյանը՝ «Կոնգրես-ՀԺԿ»-ի «խաղաղության ծրագրի» մասին (Տեսանյութ)

Մարտ 13,2017 17:53

«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր Aravot.am-ը քաղաքագետ Արա Պապյանին խնդրեց կարծիք հայտնել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրի՝ «խաղաղության  ծրագրի» մասին, որի հիմքում Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակն է:

Արա Պապյանը նախ հիշեցրեց, որ «Կազանյան փաստաթուղթը» բացահայտված է եւ դրա վրա է հիմնված «Մադրիդյան սկզբունքների» փաստաթուղթը: «Կազանի փաստաթղթով, որին ժամանակին համաձայնություն տվեց Սերժ Սարգսյանը, առաջին փուլում հանձնելու ենք հինգ շրջաններ, Քարվաճառը եւ Լաչինը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի»,-ասաց Արա Պապյանը:

Դրանից հետո, քաղաքագետի փոխանցմամբ, տեղի է ունենալու ադրբեջանցի փախստականների վերադարձ ԼՂԻՄ-ի տարածք, ընդ որում, ըստ ադրբեջանական կողմի, նրանց թիվը մինչեւ 600 հազար է, այսինքն՝ ադրբեջանցիները մեծամասնություն են կազմելու: «Դրանից հետո չեմ կարծում, որ հարցը հանրաքվեի հասնի, որովհետեւ եթե նշյալը տեղի ունենա, բախումներն ու պատերազմը կդառնան անխուսափելի: Ակնհայտ է, որ այդ յոթ շրջանների հանձնումից հետո, որոնք հայկական կողմից գրավվել էին որպես անվտանգության գոտի, անվտանգության երաշխիքներ չեն ավելանում: Շատերն են ասում՝ չեն մնա այն գյուղերում, որոնք այդ դեպքում դառնում են ռազմաճակատային: Այդպես հարվածի տակ ենք դնում ոչ միայն Արցախի, այլեւ Սյունիքի բնակչությանը»,-նկատեց Արա Պապյանը:

Նրա գնահատմամբ՝ տարածքներ հանձնելու ճանապարհով հնարավոր չէ խաղաղության հասնել. «Խաղաղություն բառն օգտագործում են՝ փորձելով ձայներ կորզել, եւ փորձում են Ռուսաստանին ուղերձ հղել, թե՝ օգնեք մեզ իշխանության գալ, եւ մենք կանենք ինչ ուզում ենք: Սա Արցախի հարցի շահարկում է՝ ընտրական փուլում»:

Արա Պապյանի բնորոշմամբ՝ անգամ ՀԱԿ-ի մատնանշած՝ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում երաշխիք չկա, որ Ադրբեջանը չի հարձակվելու, քանի որ այդ պետությունը ոչ միայն Արցախն է ուզում, այլեւ Երեւանը:

Հետաքրքվեցինք նաեւ, թե արդոք Տիգրան Մեծը հող հանձնո՞ղ է, ինչպես «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածուն էր մատնանշել: Քաղաքագետը նշեց, որ Տիգրան Մեծը այլ երկրների հողեր էր գրավել եւ դրանցից հրաժարվելով՝ պահպանեց Հայաստանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031