Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ատոմ Մարգարյան. Պետական պարտքը չի թողնի, որ կուսակցությունների խոստացած 6-8 % տնտեսական աճն ունենանք

Մարտ 13,2017 17:49

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող որոշ քաղաքական ուժեր իրենց նախընտրական ծրագրերում խոսում են 6-8 տոկոս տնտեսական աճի մասին, ինչը տնտեսագետ, փորձագետ Ատոմ Մարգարյանի համոզմամբ իրատեսական չէ: Ըստ նրա, արտաքին պարտքը մոտենում է 60 տոկոսի շեմին, մինչդեռ պարտք-համախառն ներքին արդյունք` ՀՆԱ-ն 25 տոկոս է եւ այդ ցուցանիշը գերազանցելու դեպքում խոսք չի կարող լինել բարձր տնտեսական աճի մասին:

Այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում նա վերլուծեց ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերը:

Տնտեսագետն անդրադառնալով ՀՅԴ-ի նախընտրական ծրագրին ասաց, որ այնտեղ գրեթե չկան թվեր, քանակական նշաձողեր եւ միակ «թվային» խոստումը նվազագույն կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին հավասարեցնելն է:
Ատոմ Մարգարյանը համոզված է, որ այն կուսակցություններն ու դաշինքները, որոնք կոնկրետ թվեր են ներկայացրել իրենց նախընտրական ծրագրերում, հետագայում խնդիրներ են ունենալու մեկ ընդհանուր կոալիցիային ինտեգրվելու առումով. «Կամ պիտի հրաժարվեն այդ խոստումների մի մասից, որովհետեւ, ի վերջո, եթե տրված է միջին կենսաթոշակի վերաբերյալ ինչ-որ թիվ, ցուցանիշ, տարբեր կուսակցությունների մոտ բնական է դրանք տարբեր են, հետեւաբար պետք է մտածեն` ինչ անել դրանց միջին թվաբանականը ընդունել որպես հիմք, թե միջին երկրաչափականը»:
Ըստ պարոն Մարգարյանի, «Ելք»-ը, «Ազատ դեմոկրատները»-ը, «Ծառուկյան» դաշինքը հստակ թվեր են մատնանշում` մինչեւ 6-7 տոկոս տնտեսական աճ, որն, ըստ տնտեսագետի, «շատ ծանր նշաձող է»:
Պարոն Մարգարյանի կարծիքով «Ազատ դեմոկրատների» ծրագիրը կարելի է հանգիստ դիտարկել, որպես կառավարության գործունեության ծրագիր, քանի որ «ամենայն մանրամասնությամբ վերլուծություններով, հիմնավորումներով ու փաստերով է» համեմված:

«Ծառուկյան» դաշինքի ծրագրի 15 քայլերն էլ Ատոմ Մարգարյանն իրատեսական է համարում, որովհետեւ թոշակների, աշխատավարձերի բարձրացումը միանգամայն հնարավոր է. «Ինչու, որովհետեւ մենք ունենք ռեսուրս, ռեզերվ, որ կարելի է շատ արագ ներգրավել տնտեսական շրջանառության մեջ»: Ըստ նրա այդ ռեսուրսները ստվերային տնտեսությունում են:

ՓՄՁ բիզնեսին շնչելու հնարավորություն տալը, նույնպես, Ատոմ Մարգարյանի կարծիքով դրական քայլ է «Ծառուկյան» դաշինքի կողմից, սակայն դաշինքը չի նշում, թե ինչի հաշվին. «Շատ լավ է, բարի ցանկություն է, բայց նման առաջարկի դեպքում պետք է ասել ինչպիսի հարկային կամ բյուջետային հետեւանքներ կունենա, որտեղից պետք է այդ բացը լրացվի եւ արդյոք խոշոր բիզնեսը պատրաստ է փոխհատուցել այդ վնասները, կորուստները: Ես, որպես քաղաքացի, պարոն Ծառուկյանի արտահայտությունների մեջ չեմ լսել այդ մասին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031