Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը կառավարության ծրագիրն է, մինչդեռ հակառակը պետք է լինի. Ատոմ Մարգարյան (Տեսանյութ)

Մարտ 13,2017 17:05

Ապագա կառավարության ծրագիրը պետք է բխի նախընտրական ծրագրից, այնինչ ՀՀԿ-ի դեպքում հակառակն է` նախընտրական ծրագրի հիմքում դրված է կառավարության ծրագիրը: Այսօր այս մասին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, որը նաեւ ՀՀԿ ցուցակով առաջադրված է պատգամավորի թեկնածու: Ըստ նրա, այդպես է, քանի որ նոր վարչապետի գործոնը կա.
«Ե’վ խարիզմատիկ է ե’ւ վստահության որոշակի ռեսուրս է ձեւավորել ե’ւ, ըստ էության, քարոզարշավում այսօր բավականին կոմֆորտ է իրեն զգում, երբ ներկայացնում է իր գործունեության ծրագիրը եւ կուսակցության ծրագրահենքը»:

Aravot.am-ի հարցին, թե` գուցե մարդիկ այլեւս չեն հավատում նախընտրական ծրագրերին, Ատոմ Մարգարյանը պատասխանեց. «Նախընտրական ծրագիրը պետք է բխեր գործունեության ծրագրից, ինչու, որովհետեւ այդ ծրագրով է թափ հավաքել վերջին ամիսներին Հանրապետական կուսակցությունը եւ հույս ունի որ քվե կստանա հենց վարչապետի, նրա կառավարության գործունեության որոշ արդյունքները քննարկելով, ընկալելով եւ իր ձայնը տալով իշխանությանը»:

Պարոն Մարգարյանը «Նոյյան Տապան» մամուլի սրահում վերլուծեց ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերը: Հանրապետականների ծրագրում թվերը քիչ են, ինչը պարոն Մարգարյանի կարծիքով հասկանալի է, քանի որ իշխող կուսակցությունը գիտակցում է, որ մարդիկ ավելի շատ դատելու են ոչ այնքան թվերից ու խոստումներից ելնելով, որքան` արածով ու չարածով:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե նախորդ ընտրություններին` նախագահի, Ազգային ժողովի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերը բավականին «թվառատ» էին, ներկայիս ծրագրում թվերի բացակայությունը չի՞ խոսում այն մասին, որ այդ թվերն այդպես էլ իրականություն չեն դառնում, եւ ամեն հարմար առիթի դրանք իշխանությունների դեմն են դրվում, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Իհարկե, իհարկե, բայց այսօր աշխատում է նոր կառավարություն, նոր վարչապետ եւ, ըստ էության, նա թե’ բարոյական առումով ազատ է, որովհետեւ վերջերս է անդամագրվել այդ կուսակցությանը եւ պատասխանատու չէ այդ թվերի համար, եւ պատճառներից մեկը դա կարող է լինել, որ մարդն ասում է, ինչու ես պետք է գամ մտնեմ նախորդների ժառանգության տակ, երբ որ այդ կարգի ժառանգություն եմ ես ստացել»:

Մանրամասները` տեսանյութում

Որքան էլ իշխանությունները վստահեցնում են, որ պետական պարտքը կառավարելի է, այդուամենայնիվ Ատոմ Մարգարյանը գտնում է, որ այս հարցում կան ռիսկեր:

«Պետք է այդ ռիսկերը գնահատել, եւ ոտքը մեր վերմակի չափով ձգել»,-ասաց պարոն Մարգարյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031