Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. «Ներքին պարտքային դեֆոլտ կարող է լինել» (Տեսանյութ)

Մարտ 13,2017 16:09

Այս տարվա հունվարի դրությամբ Հայաստանի տնտեսական ակտիվությունը կազմել է 106.5%, արդյունաբերական արտադրանքի աճը՝ 112.2%, գյուղատնտեսությունը՝ 102% աճ, շինարարության ոլորտում 5.3% անկում է գրանցվել: Այս ցուցանիշներն այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ներկայացրեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, որը «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ խորհրդարանական ընտրությունների պատգամավորի թեկնածուների ցուցակում է:

Մեր տնտեսությունում նման բարձր ցուցանիշներ ներկայացնելը, ըստ պարոն Խաչատրյանի, վկայում է այն մասին, որ դրանց միջոցով իշխանություններն ուզում են ցույց տալ, թե տնտեսական տարին բարեհաջող զարգացումներ է գրանցել, եւ նույն տրամաբանությամբ էլ շարունակվելու է:

Տնտեսագետը նշեց, որ որպեսզի պարզ լինի, թե իրականում ինչպիսի տնտեսական ակտիվություն է եղել մեր երկրում, պետք է դիտարկել ձեռնարկությունների շահութահարկի ցուցանիշները, դրանք 30% -ով անկում են գրանցել:

Խաչատրյանի դիտարկմամբ՝ ներքին պարտքի գծով վճարվող տոկոսավճարներն անցյալ տարվա հունվարի համեմատ աճել են 650 %-ով: Ակցիզային հարկի հարկային հավաքագրումները կրկնակի ավելացել են՝ 215.8 %, սա ըստ Խաչատրյանի, ստվերի բացահայտումն է:

2016 թվականի դեկտեմբերին մեր միջազգային պահուստները կազմում էին 2 միլիարդ 200 միլիոն դոլար, այս տարվա փետրվարի վերջին՝ 2 միլիարդ 26 միլիոն դոլար, այսինքն, ինչպես նշեց տնտեսագետը, 174 միլիոն դոլարով պահուստները կրճատվել են, եւ սա ընդամենը 2 ամսում:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Անդրադառնալով արտաքին առեւտրաշրջանառությանը, տնտեսագետը ուշագրավ ցուցանիշներ ներկայացրեց. նախորդ տարվա հունվարին մեր երկրից արտահանման ամբողջ ծավալի մեջ Իրաք արտահանումը 12.6% էր կազմում, այս տարվա հունվարի դրությամբ՝ 2%, այսինքն՝ 10.6%-ով նվազել է:

Տնտեսագետի ներկայացմամբ՝ Ռուսաստան արտահանման ծավալները կտրուկ աճել են. «Մեր կախվածությունը ՝ թե արտահանման, եւ թե ներմուծման, Ռուսաստանի տնտեսությունից ավելանում է աննախադեպ տեմպերով: Անցյալ տարվա համեմատ արտահանման կառուցվածքով 23.6%-ն ուղղվել է Ռուսաստան, ռուսական ապրանքների ներմուծումը մեր երկիր՝ 43% է կազմում: Այստեղ միջնորդ երկրներ գոյություն ունեն, երբ դիտարկում ենք, որ ռուսական ապրանք է, բայց ով է ներմուծել, որոշակի նվազում կա: Այստեղ ես տեսնում եմ հետեւյալը՝ մաքսազերծում են ոչ թե Հայաստանում, այլ նախընտրում են ԵԱՏՄ երկրներում, հատկապես ՌԴ ում մաքսազերծել, նոր բերել Հայաստան»:

Պարոն Խաչատրյանն ասաց, որ ՊԵԿ-ում կիրառվող հսկիչ գները բացասական ազդեցությունն են թողնում ներմուծողների որոշումներ վրա:

Տնտեսագետի ներկայացրած այլ ուշագրավ ցուցանիշներից են՝ եվրոպական ապրանքների տեսակարար կշիռը այս տարվա հունվարի դրությամբ եւս նվազել է՝ 18.1%-ից դարձել է 16.3%, իսկ արտահանման մեջ, դեպի Շվեյցարիա արտահանման ծավալները աննախադեպ աճ են գրանցել՝ 11.2%, նախորդ տարի այս ցուցանիշը 0.1% էր:

Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա տնտեսագետը հիշեցրեց՝ այն մոտենում է 6 միլիարդ դոլարի սահմանագծին, այս տարվա հունվարի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 969 միլիոն դոլար. «Սա ահազանգող է տնտեսության աճի ցածր տեմպերի պարագայում. 14 անգամ ավելի պարտք ենք վերցրել, քան տնտեսությունն է աճել: Ներքին պարտքն էլ գերազանցել է 1 միլիարդ 132 միլիոն դոլարը: Ներքին պարտքային դեֆոլտ կարող է լինել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031