Վերաքննիչ քրեական դատարանը մարտի 13-ին քննում էր Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի բողոքը:
Բողոքը քննիչի անձեռնմխելիության վերաբերյալ գործով էր, երբ ոստիկանները փորձել էին ներխուժել Եղնուկյանի բնակարան, եւ Եղնուկյանը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, որ ոստիկանները առանց հիմնավորման, առանց օրինական ընթացակարգերի ներխուժել են իր բնակարան: Քրեական գործի հարցումը մերժվել էր:
Նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը Aravot.am-ին հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը մերժել է կողմի բողոքը. «Մեր բողոքի հետ կապված սահմանադրական փոփոխություններ են տեղի ունեցել, Սահմանադրությունը փոխվել է, եւ հստակ նշված է, որ բնակարանի անձեռնմխելիության խախտումը պետք է թույլատրելի լինի միայն օրենքով: Եվ նախատեսվում է, որ օրենք պետք է լինի բնակարանի անձեռնմխելիության խախտման մասին: Հիմա այդպիսի օրենք չկա, Ազգային ժողովը սահմանադրական փոփոխություններից հետո նման օրենք չի հասցրել ընդունել, բայց ոստիկանները ապօրինի, անօրինական, առանց օրենքով կարգավորված ընթացակարգի ներխուժել էին բնակարան, բայց, միեւնույն է, դատարանը՝ դատավոր Չիչոյանը համարեց, որ այդտեղ խախտում չկա»:
Տիգրան Հայրապետյանը հավելեց, որ Կարո Եղնուկյանը փորձում է օրենքի բոլոր հնարավորությունները օգտագործել, բողոքարկում է, փորձում է իր իրավունքները վերականգնել Հայաստանի Հանրապետությունում, սակայն վերջում հասնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Այսինքն՝ Եղնուկյանի ոչ մի գործ այստեղի դատարանները չեն բավարարել: Եվ այս գործը եւս պետք է բողոքարկենք Եվրոպական դատարան, որովհետեւ թե՛ մեր օրենսդրությամբ, թե՛ Եվրոպական կոնվենցիայով սա կոպիտ խախտում է: Սա Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում է, որովհետեւ բնակարանը պետք է ուժեղ պաշտպանված լինի, եւ անձի բնակարան ներխուժելը չպետք է այդքան հեշտ լինի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ