Փաստաբան Շավարշ Փեթակչյանը «Առավոտ» օրաթերթի 11.03.2017 թվականի համարում հրապարակել է «Անհատույց փոխանցումներ և անտոկոս վարկեր քաղաքացիներից՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությանը» հոդվածը, որտեղ նշել է, որ Ճանապարհային ոստիկանությունն անհիմն վարչական ակտեր է կայացնում 1 րոպե ժամանակահատվածը չգերազանցող կանգառ կատարելու փաստերով, և դժգոհություն է հայտնել Ճանապարհային ոստիկանության կողմից նման որոշումների դեմ վերադասության կարգով բերված գանգատների քննության կապակցությամբ՝ նշելով, որ դրանց մի մասը չի բավարարվում: Հոդվածագիրը անդրադարձ է կատարել նաև քաղաքացիների կողմից վարչական տույժերը վճարելու գործընթացին՝ նշելով, որ քաղաքացիները վճարում են վարչական տույժերը, ապա բողոքարկում դատական կարգով, և Վարչական դատարանի կողմից գործի երկարատև քննության արդյունքում վարչական ակտն անվավեր ճանաչելու պարագայում ստացվում է, որ քաղաքացիներն անտոկոս փոխառություններ են տրամադրում Ճանապարհային ոստիկանությանը:
Թերևս կարիք չառաջանար անդրադառնալ որևէ կոնկրետ փաստի վերաբերյալ մանրամասներ չպարունակող հրապարակմանը, եթե չլիներ մեր քաղաքացիներին իրավական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Հոդվածագիրը, անդրադարձ անելով արգելված վայրում կանգառ կատարելու համար սահմանված մեկ րոպե ժամանակահատվածին, չի նշել այն նախատեսող իրավական նորմը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 39-րդ մասը, համաձայն որի՝ նույն հոդվածի 21-րդ և 25-րդ մասերով (միայն կանգառ կատարելու մասով) նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, այսինքն` օրենսդիրը վարչական տուգանք չկիրառելու համար նախատեսել է թվարկված երեք պայմանների զուգորդում, որոնցից մեկի, օրինակ՝ կանգառ կատարելով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ առաջացնելու իրավիճակի առկայության դեպքում արարքը չի կարող դիտվել նվազ նշանակություն ունեցող:
Բացի այդ, կանգառի կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվություն նախատեսված է ոչ միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21 և 25-րդ մասերով, այլ նույն հոդվածի այլ մասերով, որոնց պարագայում իրավախախտման տևողության համար ժամանակահատված սահմանված չէ: Օրինակ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 26-րդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելու համար, որի դեպքում արարքի որակման համար որևէ նշանակություն ունենալ չի կարող ոչ իրավախախտման ժամանակային տևողությունը, ոչ ուղևորի նստել կամ իջնելու հանգամանքը:
Կարդացեք նաև
Ճանապարհային ոստիկանության կողմից չեն բեկանվում միայն նման կամ նմանատիպ այլ փաստերով կայացված որոշումները, ինչն օրինական է և իրավաչափ:
Առավել մտահոգիչ են անճշտությունները: Օրինակ, մեկ մեջբերում հոդվածից. «(ընդ որում՝ դատական կարգով վիճարկելը չի կասեցնում տուգանքը վճարելու պարտականությունը)»: Սակայն անտեսվում են խնդիրը կարգավորող միանգամից երեք իրավական ակտերի դրույթները:
Այսպես՝
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 290-րդ հոդված՝ «Սահմանված ժամկետում գանգատ տալը կասեցնում է վարչական տույժ նշանակելու որոշման կատարումը մինչև գանգատը քննելը, բացառությամբ սույն օրենսգրքի 25 և 31 հոդվածներով նախատեսված տույժի միջոցները կիրառելու մասին որոշումների, ինչպես նաև վարչական իրավախախտում կատարելու տեղում գանձվող տուգանք նշանակելու դեպքերում:»
2. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մաս՝ «Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը»:
3. ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մաս «Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն, ըստ էության, լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը» :
Վերը նշված իրավանորմերը հստակ փաստում են, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հասցեատիրոջ կողմից ինչպես վերադասության կարգով գանգատարկելու, այնպես էլ դատական կարգով բողոքարկելու դեպքում դրա կատարման ընթացքը կասեցվում է և վերջինս ազատվում է կասեցման ժամանակահատվածում տուգանքի գումարը վճարելու պարտավորությունից:
Հարկ է նշել նաև, որ որոշումը վերադասության կամ դատական կարգով վիճարկելուն զուգահեռ նշանակված տուգանքի գումարի վճարումը քաղաքացու իրավունքն է, որի իրացնելուն խոչընդոտել որևէ պետական մարմին իրավասու չէ: Այնուամենայնիվ նշված դեպքերը եզակի են՝ կապված, միգուցե, օրենսդրական կարգավորումներին անտեղյակ լինելու կամ ամեն դեպքում չկատարված դրամական պարտավորություն չունենալու ազնիվ վարքագծի հետ: Բացի այդ, վիճարկված որոշմամբ նշանակված տուգանքի գումարը վճարած քաղաքացին, որոշման կասեցման ողջ ժամանակահատվածում կարող է դիմել և ետ ստանալ վճարված գումարը:
Ճանապարհային ոստիկանությունը առաջարկում է ոլորտի վերաբերյալ նյութ նախապատրաստելիս դիմել Ճանապարհային ոստիկանությանը և ստանալ անհրաժեշտ սպառիչ տեղեկատվություն:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Շնորհակալություն հրապարակմանն անդրադառնալու համար: Քանի որ նշված էր կոկնրետ փաստերի բացակայության մասին, իսկ ընդհանուր դատական գործերի թիվը մեկ րոպեն չգերազանցելու վերաբերյալ գործերով Datalex.am համակարգում ավելին է, քան 20.000 –ը, կնշեմ դրանից ընդամենը մի քանիսը:
Կոնկրետ փաստեր, վարչական տույժ նշանակելու մասին ՃՈ որոշումները դատական կարգով անվավեր ճանաչելու վերաբերյալ՝
ՎԴ/0287/05/17
ՎԴ/0193/05/17
ՎԴ/8959/05/16
ՎԴ/8947/05/16
ՎԴ/8977/05/16
ՎԴ/8937/05/16
ՎԴ/8819/05/16
Նաև հղում կատարեմ վերոնշյալներից վերջին դատական ակտից բողոքաբերի դիրքորոշումից հատված. «ՃՈ-ն նշել է ակնհայտ սուտ տեղեկատվություն այն մասին, որ տեսանյութի տևողությունը կազմում է 61 վայրկյան»: Ի թիվս այլ մեծաքանակ գործերի, այս գործով ևս Դատարանի կողմից հայցը բավարարվել է, այն պարագայում, երբ վերադասության կարգով քաղաքացու բողոքը մերժվել էր:
Ինչ վերաբերում է կասեցնելուն, շարունակում եմ մնալ իմ կարծքին, քանի որ ակտերի՝ դատական կարգով բողոքարկված լինելու պայմաններում ևս ավելացված տուգանքի չափերով այն հաճախ հայտվում է ԴԱՀԿ ծառայությունում
Էս մի գլուխ օրենքեք գրել, որ մարդկանց ուղեղը լվաք? Օրենքով էլ գրածա, որ Հայաստանը ժողովրդիննա, օրենքն էլ առաջնայինա, բայց սաղս գիտենք, թե իրականությունը ոնցա:
Էսօր սաղի խոսակցության թեման Գայինա ու իրա տուգանքները: Քանի հատ խումբ ու կազմակերպությունա բացվել ձեր տուգանքնրի դեմ ժողովրդին օգնելնու համար: Ժողովրդին քցել եք դատարաների, ադվակատների ու հարկադիրների ձեռը: Կպավ-կպավ պռինցիպով եք աշխատում, զահլա չի անի, կմուծի, էլի քյարա.. Ընտենց չեք մտածում?
Ոչ մի երկրում էսքան կամեռա չկա: Բանը նրանա հասել, որ նախընտրական ծրագրերում էլ են դեպուտատի թեկնածուները ձեր մասին խոսում: Էս չեք?