«Կապ չունի, թե ինչ Սահմանադրությամբ կգնանք ընտրությունների. ամենալավ Սահմանադրությունն էլ, եթե տանք Հանրապետականին, էլի խախտումներով է անցկացնելու»,- մարտի 13-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ելք» դաշինքի թեկնածու Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ Հանրապետական կուսակցությունը քաղաքական կամք չունի իր ռեյտինգային ցուցակով չառաջադրելու այն անձանց, որոնք ճնշումներ են իրականացնում, ցուցակներ կազմելով եւ շուտով ընտրակաշառք կբաժանեն:
Հանրապետական թեկնածու Արագած Ախոյանը թուլություն որակեց այս հայտարարությունը. «Թուլություն է ի սկզբանե մեղադրել իշխող կուսակցությանը: Փաստերով խոսե՛ք: Եթե ի սկզբանե խոսում եք ինչեր կանեն, կլինի, ուրեմն՝ անիմաստ է: Եթե խոսում եք ընտրակաշառքից, ուրեմն՝ հայտարարում եմ՝ ընտրակաշառքը հորինել է ընդդիմությունը: Այնպիսի թվերից են խոսում եւ գցել են այս խեղճ ժողովրդի, կոպիտ ասած, ջանին, որ անհնար է: Ասում են՝ ճի՞շտ է, որ 30, 40, 100 մինչեւ 500 դոլար փող եք տալիս, ասում եմ՝ հա՛, ընդդիմությունը տալիս է»:
Արայիկ Հարությունյանը արձագանքեց. «Հրահանգե՛ք ձեր «ժեկերի» պետերին չմտնել եւ այդ թվերը չբարձրաձայնել: Ձեր «ժեկերի» պետերն են բարձրաձայնում»:
Կարդացեք նաև
Արագած Ախոյանը շարունակեց. «Այս արատը տարածել է ընդդիմությունը, որպեսզի փորձեն ընտրազանգվածին պահել որոշակի սահմաններում, որպեսզի ժողովուրդը ասի՝ չէ՛, սպասե՛ք կգան մեզ փող կտան, այդպիսի գումարներ եւ ընդհանրապես գումարներ տալու չկա, որպեսզի վերջում ամեն ինչ անկառավարելի լինի: Սա տեխնոլոգիա է, սա երրորդ ընտրությունն եմ անցնում, նման տեխնոլոգիաներ բազմիցս կիրառվել են, բայց չեն աշխատել: Եվ ընտրակաշառքից խոսելիս իմացե՛ք քրեորեն պատժելի է, որովհետեւ իմանալ, չհայտնելու համար հոդված կա, որի համար կարելի է նաեւ պատասխանատվության ենթարկվել»:
Արագած Ախոյանը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ընդդիմությունը ունի իր ընդդիմությունը: Արայիկ Հարությունյանը հորդորեց նրան պոպուլիզմով չզբաղվել:
«Ես պոպուլիզմի այնքան դրսեւորումներ գիտեմ, որ առաջարկ ունեմ՝ ձեր ասածի վրա կարելի է մի լավ երգիծական գիրք այս նախընտրական խոստումներով տպագրել, որը կդառնա լավ երգիծական համար, որովհետեւ այսքան խոստումներ եւ այսքան հեշտ հանգիստ պատկերացնել … նույնիսկ երկրի արտաքին քաղաքականության մեջ, Ղարաբաղի հարցի մեջ սեփական տեսակետը ցանկալի ճշմարտության տեղն անցկացնելը երգիծական ժանրից է»,- պատասխանեց Արագած Ախոյանը՝ պոպուլիզմ անվանելով «Ելք»-ի ծրագիրը:
Արայիկ Հարությունյանն ասաց. «Երգիծական գիրք գրեք ձեր պատգամավորների՝ Առաքել Մովսիսյանի, Սամվել Ալեքսանյանի եւ մնացածի մասին»: Նա հավելեց, որ Հանրապետական կուսակցության վերադասավորումները «շիրմա» են. «Ես կհասկանայի այդ վերադասավորումը, եթե Առաքել Մովսիսյանը, Սամվել Ալեքսանյանը, Սեյրան …»:
Արագած Ախոյանը ընդհատեց նրան. «Անուններ մի՛ տվեք: Կարծում եմ՝ մեկը հենց դուք կխնդրեիք, որ գային ձեր ռեյտինգային ցուցակ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ