«Պարոն Ծառուկյան, դու ստեղ 80 տոկոս ձայն կտանես»,- այսօր Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանին այսպես դիմեց տեղի մի բնակիչ: Կողքից սկսեցին ձայնարկել՝ «շատ, շատ, ավելի շատ»:
Ներկաներից մեկ ուրիշն էլ վրա բերեց. «Ժողովուրդն ընտրում է, դուք էդ Մուկուչյանի դեմը առեք, Ադիբեկյանի հետ համը հանում են»:
Մինչ այդ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում ասել էր, որ եթե «Ծառուկյան» դաշինքը 50+1% ձայն ստանա եւ որոշումներ կայացնելու իրավասություն ունենա, երկրում շատ բան կփոխվի. «Հակառակ դեպքում՝ ժողովուրդ ջան, մեղավորը դուք կլինեք: Ձայն տվեք՝ պահանջեք»:
Արձագանքելով Գագիկ Ծառուկյանի այս արտահայտությանը, տարեց մի տղամարդ ասաց, որ ինքը համաձայն չէ ժողովրդի հասցեին ուղղված այս մեղադրանքի հետ, առհասարակ մեղադրանքը տեղին չէ. «Անցած ընտրությունը ջանդամը, էս ընտրությանը հարյուր տոկոս ձեզ ենք ձայն տալու: Եթե ձեր ձայները պակաս լինի, ՀՀԿ-ինը շատ լինի՝ ուրեմն դուք տիրություն չեք անում, իրանք լցոնում են ինչքան պետք է»:
Կարդացեք նաև
Գագիկ Ծառուկյանը ծիծաղեց եւ ասաց, որ կարեւորը՝ մարդիկ սրտով ընտրություն կատարեն:
Ինչպես Արագածավանում, այնպես էլ Թալին քաղաքում Ծառուկյանին ընդունեցին դհոլ-զուռնայով:
Թալինի հանդիպման մանրամասները` տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ