Դանիայի վարչապետ Լարս Լոքե Ռասմուսենը մարտի 12-ին առաջարկել է հետաձգել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի նախապատրաստվող այցը Դանիա՝ Թուրքիայի և Նիդերլանդների միջև այս օրերին լարված դիվանագիտական հարաբերությունների ֆոնին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Այս հանդիպումը չի կարող առանձնացվել Թուրքիայի կողմից Նիդերլանդների դեմ ներկայիս հարձակումների համատեքստից։ Հետևաբար ես առաջարկել եմ իմ թուրք գործընկերոջը հետաձգել իր այցը»,- հայտարարել է Ռասմուսենը։
Ավելի վաղ Նիդերլանդների իշխանությունները չէին թույլատրել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի մուտքը երկիր, որը պատրաստվում էր շաբաթ օրը մասնակցել Ռոտերդամում թուրքական համայնքի հանրահավաքին և կոչ անել նրանց քվեարկել Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների օգտին։ Չավուշօղլուից հետո Նիդերլանդներն արգելել է Թուրքիայի ընտանեկան և սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթիմե Բեթյուլ Սայամ Քայեի մուտքը։ Այս միջադեպից հետո Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Քայեն որոշել է ավտոմեքենայով մուտք գործել Նիդերլանդներ:
Սահմանի վրա թուրք նախարարը վեճի է բռնվել հոլանդացի ոստիկանների հետ, ինչի հետևանքով անցանկալի անձ է հայտարարվել ու արտաքսվել երկրից։
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=povvi9cS_EA
Ի պատասխան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Նիդերլանդները կվճարի Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու համար:
«Եթե դուք Թուրքիայի հետ ձեր հարաբերությունները զոհաբերեցիք հանուն ընտրությունների, գին կվճարեք»,- ասել է նա:
Էրդողանի խոսքով՝ թուրքական կողմը դեռ «չի արել ամենը, ինչ պահանջվում է»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ