«Ծառուկյան» դաշինքը նպատակահարմար չի գտնում և երբևէ չի գտել, նախկինում՝ 2012-ին էլ չգնաց կոալիցիոն կառավարման և չի էլ պատրաստվում»,- այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը:
Ըստ նրա, այդ մասին նախընտրական հանդիպումների ժամանակ խոսում է նաեւ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը. «Կոալիցիա չի կարող լինել, եթե լիներ՝ կլիներ 2012-ին։ Մենք գնում ենք մեծամասնություն տանելու, եթե չտանենք, ապա կարող ենք քննարկել միմիայն առանձին կառավարման ձևերը»,- հավելեց պարոն Ուրիխանյանը՝ շեշտելով, որ մասնակի կառավարումը կարող է լինել առանձին՝ նոր սահմանադրական կարգավորմամբ, այն էլ քննարկման հարց է:
Ընդդիմության հետ հնարավոր միավորման մասին հարցին էլ, պարոն Ուրիխանյանը պատասխանեց՝ միշտ ասվել է, որ իրենք պատրաստ են քաղաքական մեծամասնության կուրսին իրական այլընտրանքային կուրս իրականացնող ուժերի հետ համագործակցել:
Պատգամավորի թեկնածուն խոսեց նաեւ ընտրությունների վրա ազդեցության բոլոր հնարավոր մեթոդների մասին. Ըստ նրա կիրառվում են վարչական լծակներ, ֆինանսական ազդեցություն, ընտրակաշառքների ցուցակների ձևավորում, ընտրողների վերագրանցումներ և այլն:
Aravot.am-ի դիտարկմանը, թե ահազանգ կա, որ «Ծառուկյան» դաշինքն էլ է ընտրողներին ցուցակագրում ու գումարներով խրախուսում պարոն Ուրիխանյանը պատասխանեց. «Փաստեր կա՞ն, կարող եք ներկայացնել համապատասխան մարմիններ, կարող է՝ այդ մարդիկ աշխատում են, և օբյեկտիվ է, որ ստանում են նաև աշխատավարձ։ Դա նորմալ իրողություն է, վստահ եմ, որ որևէ խախտում համապատասխան իրավապահ մարմիններն անարձագանք չէին թողնի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ