Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցահանդեսներ Լեհաստանի Սոսնովեց և Կրակով քաղաքներում

Մարտ 13,2017 14:40

Մարտի 9-ին Լեհաստանի Սոսնովեց քաղաքի թանգարանում տեղի ունեցավ «Լվովի հայկական տաճարը և դրա կերտողները» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Յացեկ Պուրչլան, Սոսնովեցի քաղաքային խորհրդի նախագահ Վիլհելմ Զիխը, Սոսնովեցի քաղաքապետի տեղակալ Քշիշտոֆ Հալադուսը, հայ համայնքի հեղինակավոր գործիչներ, մտավորականներ, լրագրողներ:

Բացման արարողությանը թանգարանի տնօրեն Պավել Դուշան և պրոֆեսոր Յացեկ Պուրչլանը ներկայացրեցին Լվովի հայկական եկեղեցու պատմությունը, անդրադարձան եկեղեցում առկա գեղարվեստական և պատմական մեծարժեք որմնանկարներին և աշխատանքներին:

Դեսպան Ղազարյանն իր ելույթում նշեց, որ 2017 թվականին նշվում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը:

Էդգար Ղազարյանն իր շնորհակալությունը հայտնեց ցուցահանդեսի կազմակերպման համար, առանձնահատուկ ընդգծելով թանգարանի տնօրինությանը և Սոսնովեցի տեղական իշխանություններին, ինչպես նաև գոհունակությամբ նշեց, որ Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում արդեն իսկ հնարավոր է դարձել այդ ցուցադրությունը կազմակերպել Լեհաստանի տարբեր քաղաքներում:

Մարտի 10-ին Լեհաստանի Կրակով քաղաքի՝ Բանակի թանգարանում տեղի ունեցավ «Հայերի ծառայությունը Լեհաստանին» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Մալոպոլսկե վոևոդության ղեկավարի տեղակալ Յուզեֆ Գավրոնը, Մալոպոլսկե վոևոդության Սեյմի փոխնախագահ Կաժիմիերժ Բարչյուկը, Լեհաստանի վետերանների և բռնադատվածների հարցերով կոմիտեի նախագահի խորհրդական Յան Սրոկան, Լեհաստանի Հայկական հիմնադրամի նախագահ Մարթա Աքցենտովիչ-Բոհոսևիչը, մտավորականներ, զինվորականներ, լրագրողներ, Կրակովի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցան Կրակովի Բանակի թանգարանի տնօրեն Մարեկ Լասոտան, Լեհաստանի վետերանների և բռնադատվածների հարցերով կոմիտեի նախագահի խորհրդական Յան Սրոկան, Լեհաստանի Հայկական հիմնադրամի ներկայացուցիչ Անջեյ Բոհոսևիչը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:

Իր ելույթում դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց թանգարանի տնօրինությանը և ցուցադրության կազմակերպիչներին աջակցության համար` կարևորելով նման միջոցառումների կազմակերպումը, հատկապես 2017 հոբելյանական տարում։

էդգար Ղազարյանն անդրադարձավ նաև Լեհաստանի պատմության մեջ հայերի ունեցած մեծ դերակատարությանը, այդ թվում Լեհաստանի պաշտպանության և անկախության համար պայքարի գործում:

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունից հետո Կրակովի Բանակի թանգարանի դահլիճում տեղի ունեցավ Լեհաստանի Անհայտ զինվորի խորհրդանշական մայր համարվող հայազգի Յադվիգա Զառուգևիչովայի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն:

Ցուցահանդեսի մեկնարկից առաջ մասնակիցները ծաղիկներ զետեղեցին և հարգանքի տուրք մատուցեցին հայազգի զինվորական Վալերիան Տումանովիչի հիշատակին:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031