Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս նախկին զինծառայողը հայտնվեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի քարոզչական հոլովակում (Տեսանյութ)

Մարտ 13,2017 14:08

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ «Հաղթանակը խաղաղությունն է» քարոզչական հոլովակում  նկարահանվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող Զաքար Ղազարյանը: Նա 2016-ին է զորացրվել է բանակից:

Aravot.am-ը Զաքարից հետաքրքրվեց՝ պարզապես նկարահանվե՞լ է տեսահոլովակում, թե՞ նաև կիսում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի գաղափարախոսությունը, Զաքարը պատասխանեց, թե «միանշանակ կիսում և անվերապահորեն վստահում է դաշինքին»:

Այնուհետև պատմեց, թե ինչպես եղավ, որ հայտնվեց դաշինքի քարոզչական հոլովակում. «Ընկերներ ունեմ Կոնգրեսում, իրենք առաջարկեցին, ու ես համաձայնեցի»:

Հարցին՝ ինչպե՞ս է ընկալում խաղաղության գաղափարախոսությունը, Զաքարը պատասխանեց. «Խաղաղություն, բայց ոչ ամեն գնով: Այսինքն՝ արժանապատիվ խաղաղություն, երբ Ղարաբաղի հարցում, օրինակ, տարածքների հանձնումից հետո լինում են երաշխիքներ»:

Հստակեցրինք՝ այսինքն 7 շրջանների հանձնմանը կո՞ղմ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նախ՝ խոսքը 5 շրջանների մասին է: Եվ եթե երաշխավորվում է խաղաղություն, ապա տարածքների հանձնմանը կողմ եմ: Երաշխավորված, արժանապատիվ և հաղթանակած խաղաղությանն եմ կողմ, որ մեր ունեցած տարածքներն ամրագրենք, որ ամեն օր զինվոր զոհվելու վտանգը չլինի: Տարածքները հանձնել արժանապատիվ, երաշխավորված ձևով, որ միջազգային հանրությունը երաշխավորի խաղաղություն, և ճանաչվի ԼՂՀ ժողովրդի անկախությունը»:

Մեր այն դիտարկմամը, թե տեսակետ կա, որ եթե տարածք հանձնենք, Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանալու, Զաքարը պատասխանեց. «Եթե Հայաստանն իր դիրքորոշումն արտահայտում է խաղաղության հարցում և ստանում միջազգային հանրության համակրանքը, Ադրբեջանը մնում է մենակ ողջ աշխարհի դեմ և դժվար թե դուրս գա ամբողջ աշխարհի դեմ: Այդպիսով կպարտադրվի նրան խաղաղություն»:

Զաքար Ղազարյանն այժմ մասնակցում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի քարոզարշավին: Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պատճառը, որ լինելով երիտասարդ՝ հետաքրքրված է քաղաքականությամբ: Նա պատասխանեց, որ ամեն օր շփվելով անարդարությունների հետ՝ մեր երկրում անհնար է դառնում քաղաքականությամբ չզբաղվելը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031