Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար, ԵՊՀ կենսաքիմիայի դասախոս Անի Զախարյանի գործով առաջին դատական նիստը: Նա մեղադրվում է մի խումբ անձանց դիտավորությամբ ուրիշի գույքը վնասել դրդելու մեջ:
Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, Անի Զախարյանը 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուն հաջորդած ցույցերի եւ հավաքների ժամանակ՝ Խորենացի եւ Քրիստափորի փողոցների արգելափակված հատվածում բարձրախոսով հնչեցրել է ոստիկանական ավտոմեքենան կոտրելու եւ վնասելու կոչեր, որոնց հետեւանքով մի խումբ անձը չբացահայտված անձինք ոտքերով, ձեռքերով եւ այլ իրերով հարվածել են ոստիկանական ծառայողական ավտոմեքենային՝ ոստիկանությանը պատճառելով 216 000 դրամի գույքային վնաս: Այս քրեական գործով տուժող կողմ է ՀՀ ոստիկանությունը:
Ամբաստանյալ Անի Զախարյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: «Բացարձակապես կապ չունեմ այս միջադեպի հետ»,-ասաց նա:
Զախարյանի շահերի պաշտպան Վարդգես Գեւորգյանը հայտարարություն արեց՝ մեղադրանքը որակելով անհիմն. «Այն չի համապատասխանում քրեական գործի փաստական հանգամանքներին, չկա ապացույց՝ իմ պաշտպանյալին վերագրված հանցանքը հիմնավորելու համար: Կատարողներն էլ բացահայտված չեն: Տուժող ճանաչված ոստիկաններն ուղղորդված՝ մեկը մյուսի նման ցուցմունքներ են տվել: Նրանք տարբեր տեղերում լինելով՝ չէին կարող դեպքը միանման ընկալել եւ նկարագրել: Քննչական մարմինն էլ չի պարզել, թե ինչն է հանդիսացել մեքենայի վնասման պատճառը»:
Կարդացեք նաև
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատարանի շենքը հոսանքազրկվեց: Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 20-ին, ժամը 14:30-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ