Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը դեմ է քարոզարշավին»

Մարտ 13,2017 14:30

Նախընտրական խճանկար` Արագածոտնի մարզից

«Երկու օր առաջ Արթուր Բաղդասարյանն էր ստեղ: Գնացի իրա միտինգին, ասեցի՝ դու ասում ես ընդդիմություն եմ, բայց քո գաղափարները իշխանության հետ լրիվ նույնն են: Սաղդ գալիս ասում եք՝ ես կփոխեմ, ես կփրկեմ: Դե որ անկեղծ եք՝ բոլոր ընդդիմադիրներով միացեք իրար ու իրականում փոխեք իրավիճակը, թե չէ գալիս եք՝ լոլո եք կարդում ու գնում»,- երեկ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում «Առավոտի» հետ զրույցում այսպես արտահայտվեց համայնքի բնակիչներից մեկը: Նա չցանկացավ, որ իր անուն-ազգանունը հրապարակվի: Ասաց՝ հոգնել է արդեն, ասում են-խոսում են, կռիվ են տալիս, ընդդիմությունը բան չի անում, հետո իրենք մնում են դեմ առ դեմ իշխանության եւ սեփական հոգսերի հետ: Երեկ էլ մեր զրուցակիցը եկել էր նույն բանը Գագիկ Ծառուկյանին ասելու: Բայց ինքն այնքան հիասթափված է, որ հաստատ է որոշել՝ մեկ ամսից մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: Կտեղափոխվի, կտեղավորվի, հետո ընտանիքն էլ կտանի: Իրեն Հայաստանում անգամ չի պահում այն, որ, ի տարբերություն իր հասակակիցներից շատերի, ինքն աշխատանք ունի: Որովհետեւ աշխատավարձն 90 հազար դրամ է, իսկ այդ գումարով ընտանիք չես պահի:

Առհասարակ այդ բնակավայրում, ինչպես հանրապետության բոլոր բնակավայրերում, նախընտրական անցուդարձը արտաքուստ եւ առերեւույթ հանդարտ է, բայց իրականում՝ շատ պայթյունավտանգ: Այս տարածքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների տարածքային ցուցակներով առաջադրվել են 26 թեկնածուներ, որից 15-ը՝ Հանրապետականից: Գյուղի գյուղապետն էլ առաջադրված է Դաշնակցության կողմից: Ծաղկահովիտը նախկինում եղել է շրջկենտրոն, հիմա էլ որոշակի իմաստով պահպանել է այդ կարգավիճակը, քանի որ այստեղ գործում են ոստիկանության, հրշեջ բաժանմունքներ, հիվանդանոց եւ այլ պետական հիմնարկներ: Տեղի բնակչության, մասնավորաբար՝ երիտասարդների 30-40%-ը զբաղված է այդ պետական հիմնարկ-ձեռնարկություններում՝ աշխատում են: Հիմա բոլորը փաստի առաջ են կանգնել:

Անգամ ընտանիքներում են սկսել հակասություններ առաջանալ, եթե նույն ընտանիքից տարբեր հիմնարկներում աշխատողներ կան: Մի հիմնարկից պահանջում են, որ տեղի աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները ձայն տան տարածքային ցուցակով առաջադրված մի թեկնածուի օգտին, մյուս հիմնարկից պահանջում են ձայնը տալ մեկ այլ թեկնածուի: Ինչպես ամեն տեղ, այստեղ էլ հանրապետականներն իրար դեմ են պայքարում: Հանրապետականների հիմնական մրցակցություն-ձայնփախցնոցին Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի, գազի գրասենյակի տնօրենի որդու՝ Ռոմիկ Հայրապետյանի, Թալինի նախկին քաղաքապետ, պատգամավոր Մնացական Մնացականյանի եւ ԲՀԿ-ից ՀՀԿ անցած Արագած Ախոյանի միջեւ է: Խոսակցություններ կան, որ Սարգիս Սահակյանը բացի գումար բաժանելուց՝ նաեւ սպառնում է. «եթե Նաիրին չանցնի, ձեզ համար լավ չի լինի»:

Մեր զրուցակիցները հավաստիացնում էին, որ իրավիճակն իրականում շատ լարված է, ու մարդիկ չգիտեն, թե ինչ պետք է անեն: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ասացին, որ բոլորն էլ խոստանում են՝ սկսած 10 հազար դրամից: «Ժողովուրդը դեմ է քարոզարշավին, թող այդ գումարով աշխատատեղեր ստեղծեն: Մեզ իրենց խոստացածը պետք չի, մեզ աշխատատեղեր են պետք, որ աշխատենք ու չարտագաղթենք: Այդքան գումարներ որ հինգ տարին մեկ կուսակցությունները ծախսում են քարոզարշավի վրա, թող հավաքեն ու ներդրումներ անեն: Կոնկրետ մեր մարզում անասնապահությունն ու հողագործությունն է զարգացած, թող մթերման, մշակման եւ վերամշակման արտադրամասեր ստեղծեն, որ մարդիկ աշխատեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Արագածոտնի մարզի 114 համայնքներում տարածքային ցուցակներով առաջադրվել են 63 թեկնածուներ: «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Լյովա Խաչատրյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց` մարդիկ զայրացած են, զարմացած, չեն հասկանում՝ ի՞նչ է կատարվում: Ինքը հասկանում է: «Իշխանությունն ուզում է ջրերը պղտորել, որ պղտոր ջրում իրենք ձուկ բռնեն»: Վստահեցնում է. «Չի ստացվի»: Լյովա Խաչատրյանի մրցակիցներից մեկն էլ այս տարածքում Արագած Ախոյանն է: Նախորդ խորհրդարանում երկուսն էլ պատգամավոր էին ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով: 2015-ին Գագիկ Ծառուկյանի հետ կատարված հայտնի իրադարձություններից հետո Արագած Ախոյանը սկսեց ՀՀԿ-ի հետ համագործակցել: Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեցինք` դժվար չի՞ լինելու պայքարը, այդ թվում նաեւ նախկին թիմակցի հետ: «Իմ հիմնական մրցակիցը ժողովուրդն է: Երբ ժողովուրդն իր գնահատականը տա` ամեն ինչ կպարզվի: Ես ուրիշ մրցակից չունեմ»:

Լյովա Խաչատրյանը լուրջ չի համարում այն խոսակցությունները, որ նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանն ահաբեկում է մարդկանց, որպեսզի իր եղբոր` Նաիրիի օգտին քվեարկեն: «Էստեղ ահաբեկող չկա, էստեղ թուրքը չի կարող ահաբեկել»: Հարցազրույցներից մեկում անդրադառնալով Արարատի մարզում տեղի ունեցած նախընտրական միջադեպերին՝ Լյովա Խաչատրյանն ասել էր, որ Արագածոտնի մարզում էլ են միջադեպեր եղել, որոնց մասին մարդիկ եւ մամուլը չեն իմացել: Հետաքրքրվեցինք` ի՞նչ միջադեպերի մասին է խոսքը: «Եղել են միջադեպեր, որոնց մասին չեմ ուզում խոսել: Հուսով եմ, որ չեն կրկնվի»,- ասաց նա: Ճշտող հարցին` ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների՞, թե՞ կուսակցությունների մակարդակում են եղել միջադեպերը: «Իրանց թիմերի»,- եղավ պատասխանը: Մեր զրուցակիցը նկատի ուներ իշխող ՀՀԿ-ի տարբեր թիմերին: Խոսելով մարզի նախընտրական ընդհանուր իրավիճակից էլ՝ մեր զրուցակիցն ասաց, որ 16 համայնքներում ինքն արդեն հանդիպումներ է ունեցել: «Հանդիպումները շատ նորմալ են անցնում: Բայց բոլորին մտահոգում է այս Ընտրական օրենսգիրքը, որը ողջ ժողովրդին հանել է իրար դեմ, պառակտում է ազգը»:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

11,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031