Լրահոս
Օրվա լրահոսը

Քողարկման նպատակով կնքված գործարքը առոչինչ է

Մարտ 13,2017 14:00

Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ավարտել է Արթուր Սահակյանն ընդդեմ «Հայբիզնեսբանկի» Շենգավիթի մասնաճյուղի նախկին կառավարիչ, գրավատան նախկին տնօրեն Արթուր Պետրոսյանի եւ նրա եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Արտյոմի գործով բողոքի քննությունը:

Դատարանը՝ դատավորներ Կ.Հակոբյան, Ա.Հունանյան, Ա. Սմբատյան կազմով, բեկանել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանի վճիռը:

«Վերաքննիչն անտեսելով շինծու գործարքը, իմանալով, որ գործարքը կնքողներից մեկը գտնվում է հետախուզման մեջ, որ կան նմանատիպ այլ գործեր էլ, բավարարել է Պետրոսյանների բողոքը: Մասնավորապես, Դավիթաշեն 1-ին թաղամասի 29/23 800 քմ հողատարածքի գործով, նույն թաղամասի 29/35 տունն իր հողամասով (նկարում)»,-«Առավոտին» ասում է Արթուր Սահակյանը: Նա դիմելու է Վճռաբեկ դատարան: Արթուր Սահակյանը հայտնել էր, որ Արթուր Պետրոսյանը փոխառությամբ իրեն տվել է 6 միլիոն դրամ: Որպես երաշխիք կողմերի միջեւ կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Գրանցվել է Արթուր Սահակյանի սեփականության իրավունքը Դավիթաշեն 29/17 բնակելի տան նկատմամբ: Հետագայում, կողմերի միջեւ կնքվել է գրավոր պայմանագիր, Ա. Սահակյանը 2009-2014թթ. ապրիլը ժամանակահատվածի համար յուրաքանչյուր ամիս Արտյոմ Պետրոսյանին վճարել է 450 000 դրամ, մայր գումարի 5-6 տոկոսը, ինչը նշյալ ժամանակահատվածի համար կազմել է 30 միլիոն դրամ: Նշենք, որ Արտյոմ Պետրոսյանը պայմանագրի իրավական կողմերից մեկն էր: Արթուր Սահակյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ հետագայում չի մուծել մնացած գումարը, քանի որ, ինչպես արձանագրված է դատական նիստերից մեկի արձանագրությունում նույնպես, «պայմանագրի իրական կողմը քրեական հանցագործության պատճառով գտնվել է հետախուզման մեջ»:

Ա. Սահակյանը հետագայում իմացել է, որ առուվաճառքի մեկ այլ պայմանագրով իր գույքը օտարվել է Վարդան Գեւորգյանին, նա էլ իր հերթին մեկ այլ քաղաքացու՝ Ռայմոնդ Քոնարաքիին: «Արթուր Պետրոսյանը պետք է գրավով պարտավորված շենք-շինությունները վերադարձնելու պարտավորությունները կատարեր, առնվազն դատապարտելի է, որ վերաքննիչ դատարանը նրա օգտին անհասկանալի որոշում է կայացնում, առաջին ատյանի իրավական գնահատականներին անգամ չծանոթանալով»,-ասում է Ա. Սահակյանը:

«Նշված գործարքները շինծու գործարքներ են: Բացի գույքը չօտարելու պայմանից, առաջին պատասխանողը՝ բանկի նախկին կառավարիչը վաշխառությամբ ինձնից շորթել է 30 միլիոն դրամ, եւ իմ գույքը օտարելով՝ ստացել է գերշահույթ»,-նշում է Ա. Սահակյանը: Առաջին ատյանի դատարանն անվավեր էր կատարել գործարքները եւ վերականգնել էր Ա. Սահակյանի բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը:
Դատարանը հաշվի էր առել այն հանգամանքը, որ երկու Արթուրների միջեւ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է Կենտրոն նոտարական գրասենյակում, եւ գույքը իրենից ներկայացնում էր կիսակառույց բնակելի տուն, իր հողամասով:

Գործի նյութերում կար նաեւ պատասխանողներից մեկի՝ Արթուր Պետրոսյանի պարտավորագիրն այն մասին, որ պարտավորվում է բնակելի տունն իր հողամասով վերադարձնել Ա. Սահակյանին, գումարը ստանալու դեպքում. «Դատարանը գնահատելով սույն քաղաքացիական գործով ապացույցները՝ արձանագրել էր, որ նշված պարտավորագրով հիմնավորվում է Արթուր Սահակյանի եւ Արթուր Պետրոսյանի միջեւ փոխառության եւ դրա ապահովման նպատակով կնքված գրավի իրավահարաբերությունների առկայության փաստը»:

Վերաքննիչ դատարանը հաշվի չէր առել առաջին ատյանի վճռի այս գնահատականը նույնպես. «Արթուր Պետրոսյանն իրավասու չէր Վարդան Գեւորգյանի հետ, իսկ Վարդան Գեւորգյանն էլ Ռայմոնդ Քոնարաքիի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր»: «Վերադաս դատարանը» «ստորադաս դատարանի» եզրահանգման իրավաչափությունը գնահատելիս անհրաժեշտ էր համարել արձանագրել, որ «դատարանի պատճառաբանությունները հակասական են, մասնավորապես, մի դեպքում դատարանը հաստատված է համարել, որ փոխառության գումարի չափը պարտավորագրում նշված գումարի չափը չէ, մյուս դեպքում էլ նույն պարտավորագրով հաստատված է համարել առուվաճառքի պայմանագրով փոխառության գործարքը քողարկելու փաստը»:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

11,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031