Երեկ լրացավ 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթը: Ամփոփելով քարոզարշավի այս ժամանակահատվածը` կարելի է փաստել, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, նախընտրական գործընթացները ընթանում են աննախադեպ հանդարտությամբ ու կոռեկտության սահմաններում: Ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլ նաև հանրապետության բոլոր մարզերում և հատկապես նախընտրական ինտրիգներով նախորդ ընտրություններում աչքի ընկած հյուսիսային մայրաքաղաք Գյումրիում ձևավորվել է յուրօրինակ համերաշխ մթնոլորտ:
Այս համատեքստում, թերևս, մեծ է Շիրակի մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Ֆելիքս Ցոլակյանի դերը, որը չնայած նրան, որ որպես թեկնածու` առաջին անգամ է մասնակցում ընտրություններին՝ նոր մշակույթ մտցրեց քաղաքական գործընթացներում: Ֆելիքս Ցոլակյանի նախընտրական ուղերձն ավելի շատ համերաշխության և հանդարտության կոչ է ոչ միայն առաջադրված թեկնածուներին, այլ նաև նրանց աջակիցներին և, առհասարակ, ընտրության յուրաքանչյուր մասնակցին:
Այսինքն՝ Ֆելիքս Ցոլակյանն ի սկզբանե փաստեց, որ իր համար ընտրության արդյունքներն ու թեկնածուների, այդ թվում՝ նաև իր, ստացած քվեները նվազ կարևոր են, քան այն մթնոլորտը, որում պետք է անցնեն ընտրությունները, փաստեց, որ վերջնանպատակը ոչ թե ընտրություններին անձնական հաջողություն ունենալն է, այլ քաղաքակիրթ ընտրություն անցկացնելն է հաջողությունը: Դա խոսում է Ցոլակյանի պետականամետ մտածողության և լայնախոհ հատկանիշների մասին։
Բացի այդ, նախընտրական հանդիպումներին Ֆելիքս Ցոլակյանին չեն ուղեկցում մեքենաների շարասյուներ, նրա հետևում չեն կանգնում մի քանի տասնյակի հասնող թիկնապահներ: Ցոլակյանը կարևորում է անմիջական շփումն ու առանց միջնորդների երկխոսությունը շիրակցիների հետ։ Նա գնում է հանդիպումների միայնակ, նրա հանդիպումներին չեն նախորդում և չեն հաջորդում շոու ծրագրեր, համերգներ չեն կազմակերպվում:
Կարդացեք նաև
Հանդիպումների ժամանակ շիրակցիների հետ շփվում է երևի թե ճիշտ այնպես, ինչպես այն տարիքում էր շփվում, երբ չէր զբաղեցնում ոչ մի պաշտոն, շփվում է առանց կաշկանդվելու և կաշկանդելու՝ շիրակցուն բնորոշ անմիջականությամբ, ով երբեք խոստումներ չի շռայլի, արածները մատնացույց չի անի, անելիքների մասին էլ կգերադասի մինչև անելը չխոսել:
Մնում է հաջողություն մաղթել առաջադրված բոլոր թեկնածուներին և քաղաքական ուժերին, հուսալ, որ հանրապետությունում տիրող խաղաղ և հանդարտ մթնոլորտը հարատև կլինի և երազել, որ Ցոլակյանի սկբունքայնությունը մի օր էլ այլ թեկնածուների կողմից կորդեգրվի, քանզի լինել իշխանության մեջ չի նշանակում կտրվել հասարակ ժողովրդից: