Ստամբուլում ընթացող Յաշար Դոգուի անվան միջազգային մրցաշարում 65 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Նարեկ Սիրունյանն այսօր հերթական թուրք մրցակցի հետ գոտեմարտից առաջ խաչակնքվեց ու մտավ մրցագորգ, որից հետո ռեֆերին ազդարարեց մարտի սկիզբը:
Առաջին հինգ միավորները վաստակեց թուրք ըմբիշը, բայց դրանից հետո Նարեկը խլեց նախաձեռնությունը ու գորգում իր բացարձակ տիրապետությունը հաստատեց: Հայ մարզիկը «գլորում» հնարքների շարքով հաշիվը դարձրեց իր օգտին՝ 6:5, որից հետո մրցակիցը սկսեց դիմել արգելված, ոչ մարզական հնարքների: Դրվագներից մեկում նա նախ բռունցքով հարվածեց Նարեկի դեմքին, ինչը չվրիպեց մրցավարների աչքից, իսկ քիչ անց, ընկնելով Նարեկի հերթական «գլորման» տակ (հաշիվը դարձավ 15:5)՝ այս անգամ էլ բռունցքով հարվածեց Նարեկի գլխին:
Իսկ երբ հայ մարզիկն այդ պահին արդեն ավարտված գոտեմարտում դիտողություն արեց նրան, թուրք ըմբիշը հայրենակիցների աչքի առջեւ իր խայտառակությունը «մեղմելու» նպատակով պառկած տեղից ոտքով հարվածեց ամենաարգելված տեղին (նկարում): Բայց դա չփրկեց, քանի որ Նարեկը նրան արդեն պատժել էր ժամանակից շուտ բացահայտ առավելությամբ հաղթելով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև