Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը քարոզարշավի ժամանակ սպանված զինվորների գործերի չբացահայտման համար մեղադրեց իրավապահ մարմիններին

Մարտ 12,2017 18:54

Այսօր Արմավիրի մարզում «ՕՐՕ»-ի քարոզարշավի ընթացքում, երբ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը հերթով թվարկում էր, թե Հայաստանն ինչն է կործանում, մի քաղաքացի մոտեցավ եւ թվարկեց. «Կործանում է նաեւ, որ զինվորներին բանակում հոշոտում են, որ զինվորներն են մեր երկիրը պահում, զինվորներին, որոնց սպանում են եւ ոչ մի մեղավոր որ մինչեւ այսօր պատասխան չի տվել դրա համար»: Պարզվեց կինը բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորներից մեկի մայրն է, որի որդու սպանությունը մինչեւ այսօր չի բացահայտվել:

Դիմելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ասաց. «Պարո՛ն Օհանյան, դուք եք եղել պաշտպանության նախարար իմ տղայի սպանության ժամանակ: Ես ուզում եմ ձեզ հավատալ, որովհետեւ ուզում եմ փոխվի այս ամենը, ես Րաֆֆիի հետեւից գնացել եմ ամեն տեղ, բոլորը գիտեն, բայց այսօր մենք կանգնեցինք կոտրած տաշտակի առջեւ: Ես ուզում եմ ձեր կողքին կանգնել, եթե զինվորներին սպանողները պատժվեն: Պետք չէ, որ դառնաք իշխանության գլուխ նոր, դուք իշխանության գլուխ եք եղել, պաշտպանության նախարար եք եղել: Դուք այդ ժամանակ պիտի թույլ չտայիք: Ես այսօր սատանու կողքն էլ կկանգնեմ միայն թե իմ տղային սպանողը պատասխան տա: Ես գիտեմ, որ իմ երեխային հետ չեմ բերելու, բայց այս բոլոր ծնողները, որ այստեղ կանգնած են, իրենք չվախենան  իրենց երեխաներին ուղարկեն բանակ, իմ երեխան պարելով է գնացել բանակ: Էս որ ասում են վառելանյութի պակասի պատճառով տանկերը տեղ չեն հասել, ինչի պիտի վառելիքը գողանան, զինվորը տեսնի ու դրա համար գլուխներն ուտեն, իմ տղային հենց դրա համար են սպանել, որովհետեւ ականատես է եղել վառելանյութի գողությանը»:

Սպանված զինվորի մայրը Սեյրան Օհանյանից պահանջեց՝ լինի իշխանության գլուխ, թե չլինի՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկի. «Բոլորդ էլ շատ լավ գիտեք՝ զորամասերում ինչ է կատարվում»: Տիկնոջ ելույթը ուղեկցվեց ծափահարություններով: Ի պատասխան Սեյրան Օհանյանն ասաց, որ բազմիցս հանդիպել է զոհված զինվորների ծնողներին, ապա ասաց, որ կոնկրետ այս գործով իրավապահ մարմինները խախտում են թույլ տվել դատահետքաբանական փորձաքննության ժամանակ, բայց ցավոք իրավապահները իրեն չեն ենթարկվել. «Ինչ վերաբերում է բանակին, ադմինիստրատիվ ծառայական քննություն իրականացնել եւ պատժել, այդ իրականացվել է, տարիներ ի վեր ես ինքս պայքարել եմ եւ առաջինն եմ հրաժարվել բանակի ենթակայության տակ քննչական վարչությունից, եւ ասել, որ իմ ենթակայությունից հանեք, որովհետեւ քննչական վարչությունը պետք է լինի ազատ, անկախ, դրանից ելնելով էլ գործունեություն ծավալի: Այնինչ դեռեւս մի քանի վարչություններ այսօր մնում են իրենց գերատեսչության ենթակայության տակ»:

Ապա Սեյրան Օհանյանն ասաց, որ ինքը փորձել է պատասխանատվությունը դնել այն մարդկանց վրա, որոնք որ իրավական գործունեություն են ծավալում, որոնք օպերատիվ հետախուզական խնդիրներ պետք է կատարեն եւ անաչառ գործը վարեն: Պարոն Օհանյանն ասաց, որ նույնիսկ աջակցել է, որ փաստաբաններ ունենան:
«Անկասկած թերություններ ունեցել եմ նաեւ ես, բայց այդ թերությունների զգալի մասը, ոչ թե պաշտպանության նախարարից է կախված եղել, այլ՝ իրավական համակարգից եւ այն ընդհանուր մթնոլորտից, որ այսօր Հայաստանում գոյություն ունի»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով. «Այս դաշինքը ստեղծվել է ձեզ համար, այս դաշինքի հիմքում կանգնած երեք պետական գործիչներն ունեն մեկ ցանկություն՝ հզորացնել մեր երկիրը, պաշտպանել մեր ժողովրդի շահը: Երեքն էլ կայացած անձիք են անձնական շահ չունեն, երեքի հնարավորություններն էլ շատ-շատ մեծ են եղել եւ երեքն էլ իրենց գործունեությամբ ապացուցել են, որ իրենք պետության շահը պաշտպանող, պետության շահը սպասարկող գործիչներ են»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի` Սերժ Սարգսյանի կուսակցությունը երկիրը հասցրել է թշվառության եւ բացի երեք-չորս բնագավառներից մնացած ոլորտներում առաջընթաց չի եղել. «Իսկ առաջընթացը եղել է արտագաղթի մասով, վերջին տարում արտագաղթն արդեն 48 հազարի է հասել, աղքատությունը 34 տոկոսի է հասել»:
Արմեն Մարտիրոսյանը նաեւ ասաց, որ Սերժ Սարգսյանի իշխանության հատկապես վերջին տարիներին քաղբանտարկյալների թիվն ավելացել է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031