Ժամանակակից սոցիոլոգիան, հասարակական համակարգում առանձնացնում է վեց գլխավոր ինստիտուտներ, որոնցից կազմված է հասարակության ողնաշարը.
✓ Տնտեսություն
✓ Քաղաքականություն
✓ Ընտանիք
Կարդացեք նաև
✓ Կրթություն
✓ Կրոն
✓ Գիտություն
Հասարակական տարբեր համակարգերում նշված գլխավոր ինստիտուտների շարքում ևս կարելի է առանձնացնել առավել ազդեցիկ և առաջնային ոլորտներ: Օրինակ` նախկին ԽՍՀՄ-ում գերիշխողը քաղաքական-գաղափարախոսական բաղադրիչն էր: ԱՄՆ-ում ազդեցիկ և որոշիչ է տնտեսական հատվածը: Իրանի Իսլամական Հանրապետությունում բավականին ազդեցիկ է կրոնը` որպես պետական անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխիք: Հայ հասարակության համար, վերը նշված վեց գլխավոր ինստիտուտների շարքում թերևս առավել ազդեցիկ և գերիշխող են ընտանիքն և գիտությունը: Հանրային կարծիքն առավել զգայուն է արձագանքում ընտանեկան արժեքների ու գիտական համակարգի հետ կապված իրադարձություններին:
Նմանատիպ առանձնահատկությունների, տվյալ հասարակությանը, սոցիալական տարբեր շերտերի բնորոշ յուրահատկությունների իմացությունն ու հաշվի առնելն անհրաժեշտ է հասարակական վերափոխումների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում: Հասարակական համակարգի զարգացումներն ու փոխակերպումները տեղի են ունենում ինստիտուցիոնալ կառույցների էվոլյուցիայի, ավանդական հաստատությունների արդիականացման և նորերի ձևավորման ճանապարհով: Հայ պատմագիրներից Ս. Պալասանյանը գտնում է, որ «հասարակական պրոգրեսի իմաստը անհատի ազատության իրականացումն է…. »:
Սակայն եթե խորը քննության առնենք մեր իսկ պատմությունը, ապա պարզ կդառնա, որ «անհատի ազատության» իրականացումը նախ և առաջ մտավորականության գործունեության արդյունքն է: Մեծաքանակ թե փոքրաքանակ ժողովուրդների (վերջիններիս՝ հատկապես) բնակչության համեմատ, սակավաթիվ մտավորականությունն է սովորաբար ուղղորդում տվյալ ժողովրդին՝ հոգևորը կերտելով, բարոյական կերպարը կառուցելով և միտքը ձևավորելով, նախանշում և թելադրում գործողությունները, սերմանում վեհ գաղափարներ, համոզմունքներ, ձևակերպում ձգտումները, դաստիրակում ազգին մարդասիրության, սիրո ու ճշմարտության խորհրդով: Մեր հարատև պատմության դժվարին դրվագներին, երբ դրված է եղել հայ ժողովրդի լինել- չլինելու հարցը, հայ մտավորականը միշտ հանդես է եկել ազգափրկիչ գաղափարներով:
Մտավորականության գործելակերպի դրդապատճառները և հանձնառությունը հասարակության հանդեպ էականորեն տարբերվում են և մի քանի աստիճանով բարձր են ճնշող մեծամասնության նկարագրից և գործողությունների տարերայնությունից: Մենք այն համոզման ենք, որ իշխանության այս կամ այն ձևն արդյունք է ժողովրդի տվյալ վիճակի, նրա կարիքների: Սա նշանակում է, որ հասարակությունում տիրող տարբեր իրավիճակներին հարիր են տարբեր քաղաքական կառույցներ:
Կյանքի պայմանների փոփոխմամբ, գիտության առաջընթացից ելնելով, փոփոխության է ենթարկվում նաև պետական համակարգը, և սա իր կնիքն է դնում ազգի նկարագրի, պետության ներքաղաքական կյանքի զարգացումների վրա: Այս ճշմարտությունն ըմբռնելու համար անհրաժեշտ է ծանոթ լինել ժողովուրդների հոգեբանական առանձնահատկություններին, որոնք գիտնականները բաժանում են երեք կատեգորիաների՝ իմացական, կամային և ոչ տիպիկ: Գիտությունը, ճշմարտությունը, քաղաքականությունը այն չափով են արժեքավոր, թե որքան արդյունավետությամբ են ծառայում ազգին, հետևապես՝ նաև պետականաշինությանը:
Պետք է հիշել, որ ժողովուրդները ոչ միայն քաղաքական մրցակիցներ են, այլ նաև՝ գիտական: Ահա թե ինչու այնքան կարևորվում է մտավորականության մակարդակի աստիճանը, նրա որակը: Մեր գիտակցության մեջ աշխարհի պատկերը, հանդես է գալիս իբրև տրամաբանական-լեզվական կոնստրուկտ, որը հենվում է մտքի ու լեզվի օբյեկտիվ միասնության վրա: Կեցության և գիտակցության հարցն արդիական է բոլոր ժամանակներում և շատերի համար, անկախ նրանց գիտական կամ իմացական աստիճանից: Այլ հարց է, թե մտավորականությունն ինչպե՛ս կարող է ուղղորդել այն դեպի պետականաշինությունը, ազգայինը:
Յուրաքանչյուր անհատ և հասարակություն՝ որպես հանրույթ, հանդիսանում են գաղափարի կրող ու դրան արձագանքող: Մարդկային արտացոլման գիտակցված բնույթը, այդ արտացոլման հիմնական առանձնահատկությունն է գիտակցությունը: Գիտակցությունը ձեռք է բերում մի կարևոր գիծ. այն հանդես է գալիս՝ որպես իրականության փոփոխման չափազանց ակտիվ գործոն: Դրա շնորհիվ մարդն իր և արտաքին պայմանների միջև համապատասխանություն է հաստատում ո՛չ միայն իր, այլ նաև իր՝ գործողություններ փոփոխելու կարողության և կամքի միջոցով: Մարդու գիտակցությունը, որ իր գոյության պայմանների, իր կյանքի պրակտիկայի արդյունքն է, ինքնին դառնում է այդ պայմանների փոխակերպման միջոց, նրա պրակտիկային ուղղություն տվող գործիք: Մարդկանց կողմից արտաքին աշխարհի արտացոլման գիտակցվածությունը, նրանց գործելակերպը լիովին վերահսկելի է դարձնում իրենց՝ սեփական բանականության միջոցով:
Ինստիտուցիոնալացման հակառակ երևույթը ինստիտուցիոնալ ճգնաժամն է: Դա մի իրավիճակ է, երբ ինստիտուտը ի վիճակի չլինելով կատարել իր վրա դրված առաքելությունը, սկսում է խոչընդոտել հասարակական զարգացման գործընթացները, առաջացնել նորանոր խնդիրներ: Ճգնաժամը, սակայն, վեր հանելով ինստիտուտի գործառնության առկա խոչընդոտները, օգնում է նաև մեթոդապես հիմնավորված գործունեության դեպքում վերացնել դրանք` կատարելագործելով հասարակական համակարգի կառուցվածքային և գործառնութային նկարագիրը:
Վերում ասվածից հետևում է, որ պետք է կարողանալ ճիշտ կարդալ և ճիշտ վերլուծել, մատուցել զգայարանների «ցուցմունքները», որոնք աշխարհի մասին մեր գիտելիքների աղբյուրն են, և այն ժամանակ կպարզվի, որ նրանք ավելի շատ բան են արտացոլում ու ավելի ճիշտ, քան մենք կարծում ենք: Թող սա չզարմացնի մեզ: Խոսքը հսկայական ազդեցություն է գործում ողջ հասարակության վրա: Առանց լեզվի անհնար է ռացիոնալ կերպով ձևակերպված գաղափար կյանքի կոչել, հասնել նշանակալի մասշտաբով հասարակական արդյունքի: Խոսքը ներգործում է նաև հենց իրենից օգտվող մարդկանց վրա: Աշխատանքը և հոդաբաշխ խոսքը դառնում են երկու կարևոր, գլխավոր գործոններ, որոնց ազդեցությամբ կատարելագործվում է ուղեղը: Ահա թե ինչու այնքան կարևորվում է մտավորականության մակարդակի աստիճանը, նաև որպիսությունը , և թե ու՛ր և ու՛մ է ուղղված նրա պայքարի սուրը:
Տնտեսագետ, տ.գ.թ. Իշխան Արտաշեսի Սոխակյան
11 փետրվարի 2017թ.