Երեկ, Արմավիր քաղաքում հավաքված կանայք, որոնք եկել էին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչներին լսելու,-Aravot.am- հետ զրույցում ասացին, որ իրենց կարծիքով այս ընտրությունները շատ են տարբերվելու մյուսներից, նախ նրանով, որ մարդկանց մեծ մասը հիասթափված են, եւ այն ոգեւորվածությունը չկա, նույնիսկ ՀՀԿ-ի հանդեպ. «Հանրապետականներին կընտրեն միայն հիմնարկների աշխատողները, անհատ ձեռներեցները, վերջ»:
Մասնագիտությամբ շինարար-ինժեներ Ստեփան Նավասարդյանը ոգեւորված էր. «Կոնգրես-ՀԺԿ»- ի կողմից առաջադրված է Արմավիրի մարզում. «Իմ կարծիքով Լեւոն Տեր-Պետրոսյանի պես մտավորական, ավելի մտահոգված, ազնիվ մարդ ես չեմ տեսնում»,-ասում է նա՝ ավելացնում, որ տարիներ առաջ չհասկանալով Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ընդդիմացել է:
Ազգությամբ եզդի Աշոտ Շավեշյանը, որը եւս առաջադրված է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից, այլեւս չի ցանկանում ոչ հայ, ոչ եզդի կանանց աչքերը արցունքոտվի՝ թող միշտ լինի խաղաղություն: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Խաղաղության հաստատումից հետո կհաստատվի ե՛ւ ժողովրդավարությունը, ե՛ւ սոցիալ տնտեսական հարցերը կկարգավորվի, ե՛ւ արտագաղթը կկասեցվի»:
Նրա խոսքերով՝ Հայաստանում այդպիսի գյուղ, քաղաք չկա, որ եզդի ընտանիքներից էլ երեխաները չարտագաղթեն. «Մեր բնօրրանը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղն է, բայց համարյա 50, 60 տոկոսը արտագաղթել է: Բայց վատը էն ա, որ գնում էլ են, ոչ մի բանի չեն հասնում, մահանալուց էլ թաղվում են ռուսի, խախոլի կողքը»:
Կարդացեք նաև
Եթե հայ ազգի մեջ տարածված է, որ տղա չկա, որ աղջիկները ամուսնանան, ապա, ըստ Աշոտ Շավեշյանի` եզդիների մեջ մարդ կա ուզում է տղային ամուսնացնի, աղջիկ չկա, որը ցանկալի է եզդի ազգի ներկայացուցիչ լինի. «Երեխային ուղարկում են Ռուսաստան, Եվրոպա, քանի որ աղջիկը այնտեղ է: Նրանք էլ ամուսնանում, մնում են էնտեղ, հետ չեն գալիս»:
Նրա խոսքերով՝ ինչքան էլ արտագաղթում են, այնուամենայնիվ բոլորն էլ ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Եվրոպայում, սպասում են, որ Հայաստանում կատարվի ժողովրդավարական գործընթացներ, որ կարողանան վստահությամբ լցվել եւ ետ վերադառնալ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ