Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասում գտնվող «ԵԼՔ» դաշինքի նախընտրական շտաբի պատին փակցված մեծադիր քարոզչական պաստառը, մարտի 11-ի երեկոյան վնասել են:
«Դանակով եկել են, երեսի մասը կտրել-հանել, պոկել ու գնացել են: Պարզ է, որ հակառակ ուժերն են անում: Եւ, թե ով ունի նման ռեսուրս, դա էլ է պարզ: Եւ՛ ճղելու, եւ՛ վառելու, եւ՛ բացահայտելու, էդ ամեն ինչի ռեսուրսն իշխանության ձեռքին է: Իշխանությունն է էդ ամեն ինչի պատասխանատուն»,-ասաց ԱԺ պատգամավորության թեկնածու, «ԵԼՔ» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը:
Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավորության թեկնածուն, նշեց, որ այս քայլով հարված են հասցնում, ոչ թե դաշինքին, այլ ՀՀ քաղաքացուն: Քանի որ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար «ԵԼՔ»-ի բյուջեն գոյանում է քաղաքացիների նվիրատվություններից:
«Մենք ծախսեր ենք անում, եւ դա մեր քաղաքացիների հանգանակած գումարներն են: Ոչ թե ինձ են հարվածում դրանով, այլ առաջին հերթին, էն քաղաքացիներին են հարվածում, ովքեր, որ իրենց հանգանակություններով մեր դաշինքին գումար են տրամադրել: Ինձ դա ցավ է պատճառում»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մարտի 7-ի երեկոյան էլ վնասել էին դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի մեծադիր պաստառը, հատկապես պաստառի Էդմոն Մարուքյանի հատվածը: Իսկ սեւ ներկանյութով պակել էին Տիգրան Մեծ պողոտայում փակցված` Էդմոն Մարուքյանի նկարով փոքր պաստառները:
Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ խնդրով զբաղվում են իրավապահ մարմինները:
Լուսանկարները՝ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ