«Վերջերս ինձ շատ հարազատ մեկն ինձ ասաց՝ ինչ ես կորցրել, ինչի հետեւից ես գնում եւ մինչեւ հիմա այդ արտահայտությունը հանգիստ չի տալիս»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից առաջադրված զոհված զինվորի մայր Անահիտ Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ այո, կորցրել է ապրելու նպատակը, կյանքի իմաստը, բայց եթե ոչ նա, ապա էլ ո՞վ պետք է պայքարի խաղաղության համար. «Եթե ոչ իմ սիրտը, ապա էլ ո՞ւմ սիրտը պետք է ցավի խաղաղ պայմաններում ամեն օր դիրքերից բերվող զինվորների դիակների համար: Այդ իսկ պատճառով շատ եմ մտածել, հասկացել եմ մի պարզ ճշմարտություն, որ միանշանակ մեզ համար ամենամեծ հաղթաթուղթը խաղաղությունն է: Պետք է ամեն գնով աջակցենք խաղաղությանը ու ես լիարժեք կողմ եմ մեր դաշինքին զուտ այդ առումով»:
Տիկին Անահիտը ժողովրդին կոչ է անում, որ իրենց ձայները մանրադրամով չվաճառեն. «Որովհետեւ այդ մանրադրամը տարիներ շարունակ իրենց ուսերին է մնալու, եւ ով վճարում է այդ գումարը, նրան հետաքրքիր չէ, այդ տարիների ընթացքում ինչպես է ժողովուրդն ապրելու: Պետք է գիտակցի ժողովուրդը, որ վաղվա, իր երեխայի ապագայի համար պետք է ընտրի խաղաղությունը»:
Հիշեցնենք, որ տիկին Անահիտի որդին՝ Անդրանիկ Հայրապետյանը, զոհվել է 2008 թվականի մայիսի 15-ին Մարտակերտի դիրքերում: Պաշտոնական վարկածով՝ հակառակորդի գնդակ:
«Բայց մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կային, հետո էլ քրեական վայրում պակասեցին դեպքի վայրում ապացույցները եւ այդպես էլ չկարողացա բացահայտել, քանի որ կեղծիքը այնքան խորը արմատներ ուներ, իմ ուժերից վեր էր բացահայտելը»,-ասաց Անահիտ Կիրակոսյանը:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ