Մարտի 8-ին` երեկոյան ժամը 6-ին, տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ գրողների միության (ԱՄՆ ՀԳՄ) գարնանային, հանդիսավոր, տոնական երեկո-ճաշկերույթը Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքի հրաշագեղ, ճոխ ռեստորաններից մեկում՝ արաբական համեղ ճաշատեսակներով, աղցաններով և այլ ուտեստներով հանրահայտ Ֆենիսիայում:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին, ԱՄՆ ՀԳՄ անդամներ, հյուրեր, հանրահայտ երաժիշտներ, կոմպոզիտորներ, նկարիչներ, դերասաններ և ասմունքողներ: Հաղորդման հանդիսավարն էր Աննա Սերոբյանը:
Երեկոն բացեց ԱՄՆ ՀԳՄ նախագահ, բազմաթիվ գրական մրցանակների և հուշամեդալների արժանացած, ճանաչված բանաստեղծ Վազգեն Վանատուրը: Նա, հավուր պատշածի, ջերմորեն շնորհավորեց ներկա գտնվող բոլոր կանանց միջազգային տոնի առթիվ և հանդես եկավ բազմաթիվ բարեմաղթանքներով:
Երեկոյի ընթացքում շնորհավորանքներ և հայտարարություններ հնչեցին ԱՄՆ ՀԳՄ փոխնախագահներ Կարեն Խաչատրյանի և Ֆիրա Ակյանի, ինչպես նաև ԱՄՆ ՀԳՄ ժուռնալիստների խմբակցության (ԺԽ) նախագահ Վահե Մեսրոպյանի կողմից: Մասնավորապես, Կ. Խաչատրյանը, սրտանց շնորհավորելով սիրելի կանանց, նշեց, որ արդեն քառորդ դար չափազանց երջանիկ է իր կնոջ հետ և կանանց համեմատեց գույնզգույն ու բազմերանգ ծաղիկների հետ:
Տոնական, հանդիսավոր ելույթներով հանդես եկան նաև ԱՄՆ ՀԳՄ հիմնադիր անդամ, ՌԴ բնական ԳԱ ամերիկյան բաժանմունքի նախագահ, Վտարանդի Արևմտյան Հայաստանի ԳԱ հիմնադիր նախագահ Սուրեն Ղազարյանը և հեռուստալրագրող, կոմպոզիտոր, պրոդյուսոր, գրող և սցենարիստ Սարկի Մուրադյանը, ով լայնորեն հայտնի է հայ հանդիսատեսին՝ իր «Ալիսիա» (2002թ.), «Մուսա լեռան 40 օրը» (1982թ.), «Սասունի որդիները» (1975թ.), «Սիրո խոստում» (1974թ.) և «Երջանկության արցունքները» (1974թ.) կինոնկարներով:
ԱՄՆ ՀԳՄ նախագահ Վ. Վանատուրն անձամբ պատվոգրեր, դիպլոմներ և անդամատոմսեր բաժանեց: Պատվոգրերով պարգևատրվեցին Անահիտ Սահակյանը, Սվետլանա Տոնապետյանը և Կարեն Շիրինյանը («Հայրենատուն»):
Դիպլոմներ ստացան Արևշատ Ավագյանը («Հայրենատուն», ղեկավար), Մարտիրոս Վարդանյանը (ԱՄՆ ՀԳՄ պատվավոր անդամ), Արման Ավագյանը (ԱՄՆ ՀԳՄ հեռուստահաղորդումների օպերատոր), երգիչ Նշան Ջաղացպանյանը (ԱՄՆ ՀԳՄ պատվավոր անդամ), Պողոս Լագիսյանը (ԱՄՆ ՀԳՄ պատվավոր անդամ), երգչուհի Սոսի Ավագյան/Մարտիրոսյանը, Կարեն Գալստյանը, Կարեն Հակոբյանը (Հայաստան, «Ծիր Կաթինի» ձևավորման համար) և Արմելլա Շաքարյանը (ՀՀ հյուպատոսը մշակույթի գծով):
Անդամատոմսեր ստացան դուդուկահար Աշոտ Հեբոյանը (Արվեստի խմբակցություն), կիթառահար Ժիրայր Բարսամյանը (Արվեստի խմբակցություն), բանաստեղծուհիներ Մարինե Անդրեասյանը, Ալիս Մարկոսյանը, Լուսյա Գևորգյանը, Սիլվա Մանուկյանը, Արմենուհի Բոյամջյանը, Սեդա Դեմիրճյանը, Զվարթ Ֆրոյանը և Մարի Մանուկյանը, բանաստեղծներ Գեորգի Պայտարը և Արմեն Փաշայանը, արձակագիրներ Մարտիրոս Վարդանյանը և Մարտին Շիրինյանը:
Երգիչ Նշան Ջաղացպանայանը պարգևատրվեց նաև Վտարանդի Արևմտյան Հայաստանի ԳԱ պատվոգրով:
Երեկոյին ներկա էր նաև ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանն իր տիկնոջ, դերասանուհի Մարի Մսրյանի հետ: Հ. Բաբախանյանն ուղղակի հիացրեց ներկաներին՝ իր յուրօրինակ ու հետաքրքիր ելույթով: Ներկաները երկարատև ծափերով իրենց խորը հիացմունքն արտահայտեցին սիրված դերասանին:
Երեկոյի սկզբում հյուրերն ունկնդրեցին ինքնուս երգիչ, գուսանական և աշուղական երգերի անզուգական կատարող Նշան Ջաղացպանյանին: Հրաշալի կատարումով հանդես եկավ սփյուռքահայ հայտնի երգչուհի, սոպրանո Սոսի Ավագյան/Մարտիրոսյանը: Այնուհետև, երեկոն անցավ հայկական դուդուկի (Աշոտ Հեբոյան) և շվիի (Նորայր Մանուկյան) կախարդական հնչյունների ներքո՝ դհոլի (Գևորգ Ռոստոմյան) և ակորդեոնի (Աշոտ Հովհաննիսյան) նվագակցությամբ: Անչափ հաճելի էին նաև կիթառահար երգիչներ՝ Կարեն Գալստյանի և Ժիրայր Բարսամյանի կատարումները և այնքան վարակիչ, որ երեկոյի մասնակիցներից ոմանք սիրով ձայնակցում էին նրանց խմբովին:
Կանանց միջազգային տոնին նվիրված տոնական երեկո-ճաշկերույթն անցավ ուրախ, հաճելի և անկաշկանդ մթնոլորտում, բայց միևնույն ժամանակ հագեցած աշխատանքային օրակարգով: Հրավիրվածներից շատերն անձամբ շնորհակալություն հայտնեցին անմոռանալի երեկոյի գլխավոր կազմակերպիչներին՝ Վ. Վանատուրին, Ֆ. Ակյանին, Կ. Խաչատրյանին և Վ. Մեսրոպյանին: Երեկոն տևեց մինչև կես գիշեր:
Մարտին Շիրինյան
Կալիֆորնիա, Գլենդեյլ
10 մարտի 2017թ.