Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց մեկնաբանությունների

Մարտ 12,2017 15:28

Երկու օր է` Ֆեյսբուքում անընդհատ պտտվում է 2016 թ. ընթացքում Վրաստան այցելած 6 միլիոներորդ զբոսաշրջիկի ընդունելության տեսագրությունը: Նրան դեռ օդանավակայանից սկսած ջերմ ու ճոխ դիմավորում էր սպասվում, ապա` ընթրիք երկրի վարչապետի հետ, որից հետո բազմաթիվ անմոռանալի ճամփորդություններ` Վրաստանի տուրիստական գրավիչ վայրերով:

https://www.youtube.com/watch?v=wj3v_UPRauY&sns=fb

Երեկ Խոր Վիրապում էի: Երեւանին ամենամոտ գտնվող Հայաստանի զբոսաշրջության գլխավոր կետերից մեկը հանդիսացող վայրում: Մոտ  1 ժամվա ընթացքում, որ գտնվում էինք այնտեղ, եկեղեցի այցելեց առնվազն 10-11 խումբ` սկսած մի քանի տասնյակ հոգուց բաղկացած արտասահմանցի զբոսաշրջիկներից, վերջացրած 2-3 հոգանոց ընտանեկան փոքրիկ խմբերով:

Եկեղեցու ողջ տարածքում կա միայն մեկ զուգարան, որն ունի երկու մուտք` կանանց եւ տղամարդկանց համար: Կանանց բաժինը փակ էր, չէր աշխատում: Զուգարանի մոտ կանգնած անբարեհամբույր տարեց կինը կանանց էլ ուղղորդում էր տղամարդկանց զուգարան: Ասաց, որ «նասոսները վառվել են, դրա համար մենակ մեկն ենք աշխատցընըմ»: Անջուր զուգարանում տիրում էր լուսանկարում պատկերված տեսարանը: Երկու ռուս կին հրաժարվեցին մտնել այդ տարածքը եւ մի քանի րոպե փնթփնթում էին Հայաստանում զբոսաշրջության համար ենթակառուցվածքների բացակայությունից:

Մեկ շաբաթ առաջ Երեւանի արագ սննդի ամենահայտնի կետերից մեկում էի: Մի խումբ զբոսաշրջիկներ մտան` ակնհայտորեն Արեւելյան Ասիայից: Սննդի օբյեկտում գտնվողները մի ակնթարթում մոռացան իրենց գործը, հեռախոսները, ուտելիքները եւ մոտ 20 րոպե ակնդետ հետեւում էին այդ մարդկանց: Իսկ երբ այդ ակնապիշ ուշադրությունից մի կերպ մազապուրծ լինել պատրաստվող զբոսաշրջիկները սկսեցին հագնվել` հայտնվեց հավաքարարը եւ հենց նրանց ներկայությամբ սկսեց տառացիորեն «պռտել» ամեն ինչ, ինչին հավանական է, որ դիպել էին այդ մարդիկ, անգամ աթոռի ոտքերը, շշի բացիչը, անձեռոցիկի տուփը… եւ այդ ամենը` պարբերաբար թարս-թարս նայելով զբոսաշրջիկներին: Զբոսաշրջիկների տարակուսած հայացքներին ի պատասխան` նա գրեթե հրելով այդ մարդկանց` շարունակում էր իր ոչ առաջին թարմության շորով եւ քիմիական նյութերով վերացնել նրանց թողած բոլոր հետքերը: Իսկ երբ դուրս եկան` մի թեթեւացած շունչ քաշեց եւ հաղթանակած նայեց շուրջբոլորը` փնտրելով իր նման «հայու գեն» կրողների հավանություն արտահայտող արիական հայացքները…

Կասեք` ինչո՞ւ ես միայն վատը տեսնում, չէ՞ որ զբոսաշրջիկներին գրավելու շատ բաներ ունենք, շատ ջանքեր ենք թափում: Դեմ չեմ: Սակայն նման դեպքերը` անգամ եզակի օրինակով, տեղ չպիտի ունենան զբոսաշրջությունը գերակա ուղղության հռչակած երկրում: Առնվազն` Խոր Վիրապում չաշխատող զուգարան չպետք է լինի: Գոնե դա «հայու գենի» հետ որեւէ կապ չունի:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031