Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը` երիտասարդներին. «Եթե հարցեր չունեք, ուրեմն ամեն ինչ պարզ է» (Տեսանյութ)

Մարտ 12,2017 14:46

«Ես հարցազրույց չեմ տալիս»,-Aravot.am-ին ասաց Հայկական վերածնունդ կուսակցության (ՀՎԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը երիտասարդների հետ նախընտրական հանդիպումից հետո արագ հեռացավ դահլիճից:

ՀՎԿ առաջնորդից ուզում էինք պարզել, թե ի՞նչ միջոցների հաշվին է  պատրաստվում Հայաստանի անապահով երիտասարդների համար անվճար կրթություն ապահովել, էժան վարկերով ու առանց կանխավճարի երիտասարդ ընտանիքներին բնակարաններ տրամադրել, փող չունեցող, բայց բիզնես գաղափար ունեցողներին էլ գումարով աջակցել:

Այս բոլոր խոստումները պարոն Բաղդասարյանի՝ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հնչեցին: Երիտասարդները, որոնց հիմնական մասը հենց Արթուր Բաղդասարյանին պատկանող Եվրոպական ակադեմիայից էին, ՀՎԿ առաջնորդի ելույթից հետո որեւէ հարց չունեին:

«Եթե հարցեր չունեք, ուրեմն ամեն ինչ պարզ է»,-ասաց Արթուր Բաղդասարյանը եւ հեռացավ: Նա երիտասարդների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում շեշտը հիմնականում դրել էր երիտասարդներին առնչվող խնդիրների վրա:
«Հազարավոր երիտասարդներ այսօր չեն կարողանում կրթություն ստանալ, չեն կարողանում ուսման վարձերը վճարել: Ամեն տարի 12 միլիարդ դրամ հատկացվում է կրթությանը՝ պետպատվերի համար, սակայն պետպատվերի համակարգն արատավոր է, այն պետք է հիմնովին փոխել եւ այդ գումարներն ուղղել սոցանապահով երիտասարդների կրթությանը, այլ ոչ թե այդ երիտասարդները ռեկտորների դռների մոտ կանգնեն, դիմումներ գրեն»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:

ՀՎԿ-ն, ընտրվելու դեպքում, պատրաստվում է բոլոր մարզերում ստեղծել կարիերայի կենտրոններ, որովհետեւ, ըստ Արթուր Բաղդասարյանի, «մարզերի երիտասարդները պարապ-սարապ ման են գալիս, քանի որ աշխատանք չկա», իսկ կարիերայի կենտրոնները կապահովեն աշխատաշուկայի եւ կրթության սերտ կապը: Նրա խոսքերով, պետությունը պարտավոր է աջակցել այն երիտասարդներին, որոնք ունեն բիզնես մտածողություն, բայց չունեն փող: Արթուր Բաղդասարյանն ուսումնասիրել է միջազգային փորձը եւ տեսել, որ մի շարք երկրներում ստեղծված են ինովացիոն ֆոնդեր, որոնք օժանդակում են նոր բիզնեսներին:

Նա նաեւ հիշեցրեց, թե իրենց կուսակցությունը՝ երբեմնի ՕԵԿ-ը, նախորդ խորհրդարանում ինչպիսի ձեռքբերումներ է ունեցել: Օրինակ՝ երրորդ եւ ավել երեխային հատկացվող միանվագ գումարները կամ լավ սովորող երիտասարդներին անվճար կրթություն տրամադրելու օրենքների նախաձեռնությունը:
ՀՎԿ առաջնորդը գտնում է, որ նոր ամուսնացող զույգերին էլ պետք է միանվագ գումարներ հատկացվեն, ինչպես որ Արցախում է: Բացի այդ երիտասարդ ընտանիքներին բնակարանի համար հատկացվող վարկերը պետք է լինեն ցածր տոկոսներով եւ առանց կանխավճարի:

Բանակի խնդիրներից էլ, Արթուր Բաղդասարյանն առանձնացրեց 18 տարեկաններին սահմանին կանգնելու հարցը, նրա համոզմամբ, սահմանները պետք է պահեն, ոչ թե տասնութ տարեկանները, այլ՝ «պրոֆեսիոնալ» զինվորները, որոնց մի մասը արտագաղթելու փոխարեն կարող է նորմալ վարձատրության դիմաց ե՛ւ ընտանիքը պահել ե՛ւ՝ հայրենիքի սահմանները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031