Լրահոս
Օրվա լրահոսը

Մենաշնորհի դեմ բողոք՝ Բագրատաշենի մաքսակետի մուտքին

Մարտ 12,2017 13:28

Բագրատաշենի մաքսակետից 100-200մ հեռավորությամբ գործում է Հայաստանի ապահովագրական ընկերությունների 30 գրասենյակ, ուր Նոյեմբերյանի տարածաշրջանի մոտ 60 բնակիչ է աշխատում: Նրանք կատարում են ավտոմեքենաների ապահովագրություն: Այդ աշխատողներն այսօր Aravot.am-ին բողոքեցին, որ երեկվանից իրենք անգործ են մնացել: Նրանց  վկայությամբ՝ մարտի 11-ին Բագրատաշենի մաքսակետի տարածքում բացվել է ապահովագրական գրասենյակ, որը «Նաիրի ինշուրանսի»,«Սիլ Ինշուրանսի» եւ «Արմենիա ինշուրանսի» կողմից իրականացնում է ավտոմեքենաների ապահովագրություն:

Դրա հետեւանքով մաքսակետի տարածքից դուրս գտնվող ապահովագրական  գրասենյակները պարապուրդի են մատնվել: Բողոքողներն ասացին, որ օրենքով չի թույլատրվում մաքսակետի տարածքում ապահովագրական ընկերության գրասենյակ բացել:  Ապահովագրողները, ովքեր մեծամասամբ երիտասարդներ են, հայտնեցին, որ անգործ մնալով՝ ստիպված  կլինեն Հայաստանից արտագաղթել: Նրանք  դժգոհեցին. «Ինչ-որ մեկն արտոնյալ կերպով եկել, մաքսակետի տարածքում  ապահովագրական գրասենյակ է  բացել, բոլորիս հացը կտրել»: Բողոքողները  դժգոհեցին, որ մաքսակետի տարածքում բացված գրասենյակը երեկ ներկայացնում էր Հայաստանի ապահովագրական մեկ  ընկերություն, այսօր՝ 3, իսկ մարտի 13-ին ներկայացնելու է 6 ընկերություն:

Ապահովագրական ընկերությունների բողոքող աշխատողները խմբով ուղղվեցին դեպի Բագրատաշենի մաքսակետ,  ցանկացան հանդիպել  Բագրատաշենի մաքսակետի պետի հետ: Նրանց  հանդիպեց  ՀՀ  Սահմանապահ ծառայության Բագրատաշենի սահմանային անցակետի սահմանային վերահսկողության բաժնի պետ Գեւորգ Ղազարյանը, որը հայտնեց, որ խնդրի  վերաբերյալ պարզաբանում  տալու համար  վաղը՝ մարտի 13-ին, ժամը 11-ին  մաքսակետում  նրանց հետ հանդիպում կունենա  Բագրատաշենի մաքսակետի պետ Սողոմ Մելիքսեթյանը:

Ապահովագրական ընկերությունների աշխատակիցները  հեռացան՝ վաղն ավելի մեծ խմբով հավաքվելու վճռականությամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031