«Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքը, լինելով Արմավիրի մարզի այն գյուղերում՝ Քարակերտում, Հացիկում, Դալարիկում, որտեղ դեռեւս 1990-ական թվականներից խմելու ջրի խնդիր կա, խոստացան ընտրություններում հաղթելու դեպքում այդ հարցը լուծել. «1997 թվականին, շատ արագընթաց ձեւով կառուցվում էր խմելու ջրի խողովակաշար, որ ջուրը Աշտարակից բերեն, հասցնեն այստեղ: Մի քանի ամիս տեւեց ակտիվ շինարարությունը, բայց երբ առաջին նախագահ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, այդ ամբողջ շինարարությունը կանգնեց, իսկ խողովակաշարն էլ թալանեցին, տարան, ու այդպես էլ զրկված մնացինք խմելու ջրից ու հիմա 250 դրամ 4 դույլի համար պետք է վճարեք: Մենք իհարկե խոստենում ենք, որ այդ գործը կավարտենք»,-քարակերտցիներին խոստացավ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը՝ ավելացնելով, որ կանեն նաեւ վարկային համաներում եւ կկառուցեն ապահովագրական մի համակարգ՝ կարկտահարությունից, ցրտահարությունից պաշտպանելու համար:
«25 տարում տեսանք`ինչ եղավ՝ ով քանդել ա թող գա սարքի, կարճ ու կոնկրետ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց քարակերտցի Վաղինակ Թովմասյանը: Նա, իր դժգոհությունը արտահայտելով, ասաց. «Իշխանությունը կուզէ էլի ժողովրդին փողով խաբէ: Փոքր գյուղ է, 10 հատ կազմակերպություն (կուսակցություն) բերել են՝ ժողովրդին գցել մաղի մեջ: Ամեն մեկը իր կողմն է քաշում ժողովրդին»: Ընտրության իր նախապատվության մասին լռեց Վաղինակ Թովմասյանը, բայց ասեց. «Կարող է մտնեմ խցիկը՝ սաղին ջնջեմ, հելնեմ»:
Վաղինակ Թովմասյանը կնոջ, տղայի ընտանիքի հետ է ապրում. «Անասուն ունենք, գոմ-տուն Էսա 25 խոզ ունեի չուման ընգավ վարի գնաց՝ էդ պետության տված դեղերն էր, օգուտ չտվեց, սաղ թափինք, գնաց: Ես իմ քրտինքով ապրող մարդ եմ, բանկերի հետ գործ չունեմ, վայթե գյուղի մեջ միակ մարդը ես եմ, որ բանկերի հետ կապ չունի: Ես իմ տղուն ասել եմ՝ կյանքում չերթաս ուրիշի ձեռքի տակ աշխատես, քո գոմը, անասունը բազմացրա, ապրի քո քրտինքով:
Հացիկ գյուղի բնակիչ, 6 երեխաների հայր Համլետ Գալստայանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ընտանիքը պահում է բանվորությամբ, պղինձ հավաքել-հանձնելով, ապրում է վարձով, իսկ ընտրություններին մասնակցելու է, բայց դեռ չգիտի իր ձայնը ում է տալու՝ բոլորին հավատում է եւ չի կարողանում կողմնորոշվել: Ընտրակաշառքների մասին էլ ասաց. «Բա երեխա եմ պահում, որ տան, կվերցնեմ»:
Կարդացեք նաև
Գյուղերում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչների խոսքը լսելու համար հավաքվում էին մի ընդամենը մի քանի կին, մնացածը, իրենց ասելով, կամ դաշտում կամ տան առօրյա գործերով են զբաղված:
Նելլի Մնացականյանը, որ դստեր հետ եկել էր գյուղամեջ լսելու Լեւոն Զուրաբյանին եւ Արամ Մանուկյանին՝ նշեց, որ գյուղացին մի տեսակ թերահավատ է արդեն. «Բայց դե հույսը վերջում ա մեռնում, դա էլ որ մեռավ, մենք էլ կբռնենք արտագաղթի ուղին»: Տիկին Նելլին 4 երեխա ունի՝ 3 աղջիկ, 1 տղա. «Օր ու գիշեր Աստված ենք կանչում, երկրին խաղաղություն լինի, որ տղես ծառայելուց սահման չգնա»: Նրա 1 դուստրն էլ հիմա ուսանող է, դժվարությամբ են պահում. «Էսքան վարձ ենք մուծում, տանջվում ենք, վերջը երեխեքը ի՞նչ են անում, մեկի խանութում վաճառողուհի են աշխատում, դե ծնող գնա տանջվի, հողի հետ կռիվ տուր, որ վերջում, եթե չկարողանաս գործ գտնել, երեխադ գնա մեկի սուպերմարկետում վաճառողուհի աշխատի»:
Տիկին Նելլին հիմա գոհ է միայն իրենց գյուղի գյուղապետից,՝ Արթուր Եղիազարյանին, որը ոչ միայն իր աղջկան, այլ գյուղի շատ ուսանողներին վարձի եւ այլ հարցերով միշտ օգնում է:
Նրա 20 ամյա աղջիկը՝ Հայկանուշ Մնացականյանը, որ ապագա դատական փորձագետ է, ասաց . «Այսօր այս մարդիկ՝ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը տարբերվում են Աժ-ում եղած շատ մարդկանցից: Նրանք կարողանում են խոսել կիրթ եւ ինչ-որ տեղ հույս են ներշնչում, լսում ես, ուզում ես ինչ որ տեղ հավատալ, որ լավ ա լինելու, բայց գիտակցությանդ մեջ կա, որ թեկուզ այս ընտրություններով ինչ-որ բան չի փոխվելու, բայց ես իմ խղճի առաջ մաքուր լինելու համար, պետք է գնամ ընտրության եւ ամենակարեւորը՝ իմ ձայնը չվաճառեմ»:
Հացիկի մեկ այլ բնակիչ՝ Անդրանիկ Միրզոյանը եւս կլանված, մնացած հավաքվածների հետ լսում էր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչների ելույթները. «Բոլորին էլ լսում ենք, տեսնենք, որ մեկն ա ավելի ճիշտ, նրան էլ կընտրենք: Մենք էլ մեր համոզմունքներն ունենք, բայց բնականաբար բոլորին էլ լսում ենք»: Նրա մտահոգությունը իր միակ, 25 ամյա տղայի երկրից գնալու մտադրությունն է.«Ավարտել է ատամնատեխնիկական բաժինը՝ կարմիր դիպլոմով, գործ չգտավ, ավարտեց խոհարարական կուրսեր, էլի չի գտնում, հիմա ուզում է գնա»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ