Լրահոս
Օրվա լրահոսը

Կարտոֆիլով աղցան` արագ, համեղ եւ մատչելի

Մարտ 12,2017 12:30

Պահքի շրջանում կարտոֆիլն իսկական փրկություն է` տապակած, խաշած, ջեռոցում խորոված, վառարանի վրա «պլեճ» արած… բազմազան եւ մեկը մեկից համեղ տարբերակներ կան: Սակայն կարելի է փոփոխության համար մեկ-երկու բաղադրիչ ավելացնել եւ չափազանց համեղ աղցանը ձեր սեղանին կլինի: Այս աղցանը տանտիրուհիներին կօգնի նաեւ այն դեպքում, երբ պետք եղածից շատ կարտոֆիլ են խաշել կամ խորովել` մի թողեք սառչի եւ անհամանա, աղցան դարձրեք:

Անհրաժեշտ մթերքները

Կարտոֆիլ- 5-6 հատ
Գլուխ սոխ- 1 հատ (կամ մի քանի ճյուղ կանաչ սոխ)
Մարինացված կամ թթու դրված վարունգ- 3-4 հատ (եթե մանր կորնիշոններ են` ավելի շատ վերցրեք)
Թարմ կանաչի- մի քանի ճյուղ (մաղադանոս, համեմ, սամիթ)
Բուսական յուղ -4-5 ճաշի գդալ (կարտոֆիլով աղցանի համար արեւածաղիկի կամ եգիպտացորենի յուղը լրիվ բավարար է, կարիք չկա ձիթապտղի յուղ օգտագործել)
Սեւ պղպեղ եւ աղ- ըստ ճաշակի
Մանանեխ- 1 ճաշի գդալ (պարտադիր չէ)

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը լավ լվացեք եւ կեղեւով խաշեք: Խաշվելուց հետո կեղեւահան արեք: Կտրատեք ձեր նախընտրած չափով եւ լցրեք աղցանամանի մեջ:

Սոխը նույնպես մաքրեք, լվացեք, մանր կտրատեք: Լավ լվացած թարմ կանաչին, մարինացված կամ թթու դրված վարունգը նույնպես կտրատեք եւ ամենն ավելացրեք խաշած կարտոֆիլին: Եթե ունեք կապար (каперсы), մի 10-12 հատիկ կապար ավելացրեք: Կարող եք ավելացնել նաեւ պահածոյացված ոլոռ:

 

Աղցանը համեմեք աղով եւ առատ սեւ պղպեղով:

Եթե մանանեխ սիրում եք, մեկ գդալ մանանեխը լավ խառնեք բուսայուղի հետ, լցրեք աղցանի վրա: Եթե չեք սիրում` միայն բուսայուղով էլ շատ համեղ կլինի:
Վերջ, ձեր բուսական, պահքի ուտեստը պատրաստ է: Սակայն, ցանկության դեպքում այն կարող է հանգիստ վերածվել ոչ պահքային ուտեստի, բավական է միայն վրան ավելացնել մարինացված ծովատառեխ` селдь, селедка, կամ ծխահարված որեւէ ձուկ` իշխան, սիգ, տառեխ, թյունիկ եւ այլն: Ձուկը հարկավոր է մաքրել, փշերից ազատել եւ կտրատել աղցանի վրա եւ լավ խառնել:

 

Բարի ախորժակ:

 

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

11.03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031