Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեյտինգային գզվռտոց

Մարտ 12,2017 12:00

Հաց չկա, բայց տեսարաններ՝ ինչքան ուզեք

Այս անգամ նախընտրական տեսարաններն ու հրմշտոցները սկսվեցին շատ ավելի շուտ, քան պաշտոնապես կազդարարվեր նախընտրական քարոզչության սկիզբը: Նախքան նախընտրական քարոզչության սկիզբը պաշտոնապես կազդարարվեր, նաև տեղի ունեցան զարմանազան ծեծկռտուքներ, որոնք մեր Ազգային ժողովի ընտրությունների պատմության մեջ միանգամայն նորություն էին: Ավելի ճիշտ՝ ոչ թե ծեծկռտուքներն էին նորություն, այլ՝ կոնկրետ այս անգամվա ընտրապայքարի ծեծկռտուքները, որոնք տեղի ունեցան ոչ միայն հակառակորդ կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչների, այլև կուսակիցների ու դաշնակիցների միջև: Պատճառը, միանշանակ, այսպես կոչված, ռեյտինգային ընտրություններն են, որոնց իմաստն ու նպատակը ոչ միայն շարքային ընտրողը չի հասկանում, այլև՝ շատ ու շատ քաղաքական գործիչներ և նույնիսկ քաղաքագետներ: Ինչպես նաև՝ ձեր խոնարհ ծառան:

Ես, իհարկե, ոչ քաղաքական գործիչ եմ և ոչ էլ քաղաքագետ, բայց, որպես Հայաստանի քաղաքացի ու ընտրող, փորձում եմ հասկանալ ու ընկալել ռեյտինգային կոչված ընտրակարգի իմաստը և չնայած դեռևս չեմ հասկացել, այդուհանդերձ, շարունակում եմ այդ ուղղությամբ մտորումներս: Մտածում եմ՝ եթե իշխանություններն այս ռեյտինգային ընտրակարգը մոգոնել են, ուրեմն՝ դրանից պետք է որևէ օգուտ ունենան, բայց ինչքան էլ մտածում եմ, չեմ հասկանում թե՝ ինչ օգուտ կարող են ունենալ: Ավելի շուտ վնաս կարող են ունենալ, քան՝ օգուտ. իմ մտածելով ու իմ հասկանալով, իհարկե: Որովհետև ռեյտինգային պայքարում արդեն իսկ իրար դեմ են դուրս եկել ոչ միայն տարբեր կուսակցությունների ու տարբեր դաշինքների ներկայացուցիչները, այլև իշխանության կուսակցությունը ներկայացնող թեկնածուները: Ընդ որում՝ պայքարը չափազանց սուր ու անզիջում է և, ըստ ամենայնի, գնալով ավելի ու ավելի կսրվի: Պայքարում են, թե՝ ով ավելի շատ ձայն կբերի հարազատ՝ մայր կուսակցությանը: Ընդ որում՝ կարող ես հարազատ կուսակցությանդ լիքը ձայներ բերես, բայց պատգամավոր չդառնաս: Տարօրինակ է, բայց այդպես է:

Ստացվում է, որ իշխող կուսակցությունը պայքար է հրահրում սեփական թեկնածուների միջև: Այսինքն, այս անգամ իշխող կուսակցությունը «բաժանիր, որ տիրես» մտայնությունն ու սկզբունքը ոչ միայն ընդդիմության ու հակառակորդների հանդեպ է կիրառում, այլև՝ յուրայինների:

Մի խոսքով, շատ բան չափազանց անհասկանալի է, և մինչև ընտրությունները չավարտվեն, չես հասկանա՝ ում էր ձեռնտու այս ռենտինգային կոչված շիլաշփոթը: Շատ հնարավոր է, որ ընտրությունների արդյունքում այս ռեյտինգային ընտրակարգը տհաճ անակնկալներ և լուրջ տհաճություններ պատճառի հենց այս ընտրակարգը մոգոնողներին և ստեղծողներին: Երբ նման կարծիք ես հայտնում, ոմանք սկսում են քեզ երկարբարակ բացատրել, որ չնայած կուսակիցները ռեյտինգային ընտրակարգով իրար դեմ են պայքարում և իրարից ձայներ են խլում, արդյունքում նրանց՝ իրարից խլած բոլոր ձայներն էլ գնում են մայր կուսակցությանը:

Ըստ ամենայնի, այսպես են մտածել նաև այս ընտրակարգը մոգոնողները, բայց այս դեպքում ևս կարող է «խիյարը թարս բուսնել», և արդյուքում այնպես ստացվի, որ կուսակիցների՝ միմյանց դեմ կատաղի պայքարից շահող դուրս գան երրորդ, չորրորդ և հինգերորդ կողմերի թեկնածուները, և հավանաբար հենց այդպես էլ կլինի, որովհետև ռեյտինգային կուսակիցներն իրար դեմ շատ ավելի կատաղի են պայքարում՝ նաև մայր կուսակցության ներսում իրենց ռեյտինգը բարձրացնելու նպատակով: Մի քանի անգամ նշեցի ու շեշտեցի «մայր կուսակցություն» արտահայտությունը, և հիմա մտածում եմ, որ մեզանում ընդունված ու տարածված երևույթ է, որ եղբայրներն իրար մեջ պայքարեն՝ թե ով ավելի օգտակար կլինի հարազատ մոր համար:

Բայց մեզանում ընդունված չէ, որ մայրն իր հարազատ որդիների միջև այդ  նպատակով մրցակցություն ու պայքար հրահրի: Փաստորեն, ռեյտինգային ընտրակարգը դրա նման մի բան է:

Մինչ էս հոդվածս ցրցամ տվել ու գրում էի, ինձ թվում էր՝ նորություն եմ ասում, բայց այս ընթացքում զանազան լրատվամիջոցներում ու կայքերում լույս տեսան տասնյակ հրապարակումներ, որոնց հեղինակները նույնպես համարում են, որ ռեյտինգային կոչված այս ընտրակարգն ուղղակի չարիք է՝ օտարների ու յուրայինների միջև լրացուցիչ թշնամանք հրահրելու փորձ:

Սահմանադրական փոփոխության գործընթացի ընթացքում և նոր Սահմանադրության ընդունումից հետո նոր Սահմանադրության կողմնակիցներն ու ջատագովները բազմիցս նշում ու շեշտում էին, որ հետայսու հարյուր տոկոսանոց համամասնական ընտրություններ են լինելու: Բայց հակառակը պարզվեց: Պարզվեց, որ այս ռեյտինգայինները, նախկին մեծամասնականի համեմատ, ոչ միայն քիչ չեն, այլև ավելի վտանգավոր են՝ քաղաքացիական բախումների ու լարվածության իմաստով:

Տա Աստված, որ այսպես մտածողներս սխալվենք, և Դաշնակցությունը ճիշտ դուրս գա՝ նոր Սահմանադրության և պառլամենտական հանրապետության ճշմարտացիության իմաստով: Եվ քաղաքացիական բախումներ էլ չլինեն՝ ոչ յուրայինների միջև և ոչ էլ օտարների:

Մանավանդ որ՝ մեծ հաշվով, բոլորս էլ յուրայիններ ենք: Եվ եթե մեզ մի քիչ ավելի ճիշտ պահենք, իսկապես յուրային  կոչվելու իրավունք կունենանք:

Յուրային կոչվելու իրավունք կունենանք հատկապես այն դեպքում, եթե իրար ընտրակաշառք չտանք ու իրարից ընտրակաշառք չվերցնենք: Մանավանդ որ, բազմիցս ենք համոզվել, որ ընտրակաշառքով մեր հացի խնդիրը չի լուծվում: Այսինքն, բավարար քանակությամբ հաց հաստատ չի լինելու, բայց շատ հնարավոր է, որ տեսարանները չափազանց շատ լինեն: Չափազանց շատ, չափազանց տհաճ և չափազանց անցանկալի:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031