Երեկ եւ այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածուները Արմավիրի մարզի գյուղերով եւ քաղաքներով շրջելով իրենց դաշինքի «խաղաղություն» էին քարոզում:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածու, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում համեմատական անցկացնելով նախորդ ընտրությունների քարոզարշավի եւ այս տարվա շրջայցերի միջեւ, նշեց, որ նախ մարդիկ են ֆիզիկապես պակասել՝ 350 հազար մարդ, ծերանում է ժողովուրդը, տարիքով ավելի մեծ մարդիկ են հանդիպում եւ երկրորդ, որ այս աղքատության ֆոնի վրա կա հոգեբանական, բարոյական փոփոխություն. «Քաղաքացիները նույնիսկ այն վիճակում են, որ սպասում են, որ իրենց 10 հազար դրամ տան եւ իրենք դրանից մի քիչ փրկվեն, իսկ մի մասը աչքը դրսում է, շատերը սպասում են, որ սա էլ, եթե բան չստացվեց՝ թողնեն, գնան: Դժվար, տխուր, թշվառ վիճակ է իսկապես: Մենք շենքեր տեսանք, որոնք վթարային էին, ավիրվում են աչքի առաջ, ոչ մի իշխանավորի պետքը չէ: Ավերակ երկիր է, մեր երկիրը սպառումից կփրկի միայն խաղաղության ծրագիրը»:
Պարոն Մանուկյանը հիշեցրեց, որ այդ ծրագիրը փոխզիջումային միակ ծրագիրն է, որ Ղարաբաղին կարգավիճակ կտա, Ադրբեջանի կազմից դե ֆակտո հանելու եւ Հայաստանի տոտալ շրջափակումը դուրս հանելու ծրագիր է. «Այն, ինչ ներկայացնում ենք, զարգացման ծրագիր է: Կամ այս ծրագիրը ընդունում են, կամ չեն ընդունում, այլ ելք չկա»:
Կարդացեք նաև
Ընդհանրական գնահատականը, ըստ Արամ Մանուկյանի, թշվառություն է ընդհանուր գյուղերում, խիստ երեւացող աղքատությունը. «Երեւի Երեւանում չգիտեն էլ, որ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղերում մի մետր փոսեր են եւ մեքենաներով նորմալ գնալ հնարավոր չէ, երեւի մեր իշխանությունները չգիտեն, որ գյուղեր կան, որ խմելու ջուրը վաճառում են: Այս թշվառությունը համատարած է, եւ, որը սպանում է մարդու մեջ քաղաքացուն: Մարդը կա, մի կերպ գոյատեւում է: Անտարբեր է ընտրությունների եւ կուսակցությունների նկատմամբ: Հույս ու հավատ չի մնացել, որ կարող է մի բան փոխվել: Իշխանությունները ուղղակի սպանել են մարդու մեջ քաղաքացուն: Հիմա մեզ համար շատ դժվար է այդ մարդկանց մեջ հույս արթնացնել, ծրագիր ներկայացնել, ասել, որ քո զարգացման ճանապարհը սա է, դժվար է, կփորձենք, իհարկե մի քիչ դանդաղ, ճռռալով առաջընթաց ապահովել»:
ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանն էլ մեր հետ զրույցում նշեց, որ անգամ գյուղը գյուղից տարբերվում է իր ակտիվությամբ, իրավագիտակցությամբ, արժանապատվության հավատի չափով. «Հատկապես այն գյուղերում, որտեղ ընտրակեղծարարություն չի եղել, տեսնում ենք` մարդիկ այլ կերպ են տրամադրված, ավելի արժանապատիվ, պայքարող տրամադրությամբ, որտեղ ընտրակեղծարարություն եղել է եւ մարդկանց կամքը տարիներ շարունակ ոտնահարվել է, բնականաբար, հոգեբանական տրավմայի նման մի բան է, որ մարդկանց գիտակցության մեջ տպավորվել է, որ այստեղ գործ ունենք ավելի հուսահատ, թերահավատ ժողովրդի հետ: Խնդիրը իսկապես մեծ է. ավերածությունը, որ այս իշխանությունը գործել է տարիներ շարունակ կազմակերպելով ընտրակեղծարարությունը՝ շատ մեծ է, բայց մենք պետք է հաղթահարենք»:
Լեւոն Զուրաբյանը նշեց նաեւ, որ, ժողովրդավարությունը շատ մեծ արժեք է եւ մեր ազգի ապագան մեր ժողովրդավարության մեջ է. «Մենք պետք է մեր գաղափարը եւ գործողություններով, եւ օրենսդրական փոփոխություններով ամրապնդենք եւ փորձենք վերածնել այդ հավատը»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ