Մարտի 11–ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացավ «Քարոզարշավ. ինչպե՞ս տարբերակել կեղծիքն իրականությունից» թեմայով ասուլիս, որի բանախոսներն էին Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը, ՌԴ Ստի հետազոտման միջազգային ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչ, պրոֆայլեր Գոռ Սարգսյանը, «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» ղեկավար, PR-խորհրդատու Հայկ Կիրակոսյանը:
Ռուբեն Աղուզումցյանը զրույցի ժամանակ ասաց, որ ընտրողները պիտի ինքնուրույն որոշում կայացնեն, բայց, ցավոք սրտի, փոքրաթիվ ազգերի շրջանում ճնշումն ավելի մեծ է: «Փոքր երկրներում ընդունում են այն, ինչն ընդունված է ընդունել, այսինքն` շրջապատի մարդկանց ազդեցությունը մեծ է: Օրինակ` մեկ ընտանիքում ընդունված է նույն անձնավորության օգտին քվեարկել, իսկ եթե տարբեր մարդկանց օգտին են քվեարկում միևնույն ընտանիքի անդամներն, ապա խնդիրներ ու լարված իրավիճակ է ստեղծվում: Պետք է գիտակցել, որ հասարակ մարդկային հարաբերություններն անհամեմատ բարձր արժեքներ են, քան ցանկացած այլ բան»,- ասաց նա:
Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչը խորհուրդ տվեց հայերին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ծանր դատել, չներշնչել ու ազդեցության տակ չընկնել. «Կարգի փոփոխումը, որոշ կուսակցությունների համախմբումը և այլն լարված իրավիճակ են ստեղծում ընտրողների համար: Նախ, առաջարկում եմ ընտրական համակարգին ծանոթանալ: Շատ բան մեզանից է կախված, թիրախային կողմը ընտրողի իմացության մեջ է»:
Ըստ Ռուբեն Աղուզումցյանի` ընտրողի ու ընտրվողի նպատակները չեն համընկնում. «Ընտրվողի նպատակն է իր օգտին շատ քվեարկողներ հավաքել, իսկ ընտրողինը՝ կատարել ճիշտ ընտրություն»:
Կարդացեք նաև
Ռուբեն Աղուզումցյանի խոսքը շարունակեց PR-խորհրդատու Հայկ Կիրակոսյանը: «Հայ քաղաքական գործիչներ չկան, մերոնք անհաջող քաղաքական դերասաններ են»,- ասաց նա, այնուհետև շարունակեց,- «Միայն խոստումներ են տալիս՝ հույս ունենալով, որ ժողովուրդը հետո կմոռանա դրանք ու այդ հարցերն էլ չի բարձրացնի: ՈՒ այդպես էլ լինում է: Միջազգային, համաշխարհային մասշտաբի ոչ մի հարցի լուծում տալ չեն խոստանում: Ու միշտ այդպես է եղել: Ոչ մի քաղաքական գործիք տեսիլք չի ունեցել, երազ չի տեսել, որից հետո արթնացել է ու որոշել փոխել իր քաղաքականությունը»,- կատակեց նա:
Հայկ Կիրակոսյանն առաջարկեց ընտրական գործընթացին հետևյալ կերպ նայել. «Պատկերացնենք, թե քաղաքական ուժերը պաղպաղակներ են, մեր խնդիրն է սառնարանից այնպիսի պաղպաղակ ընտրել, որն ավելի մոտ է մեր ճաշակին»,- ասաց նա:
Խոսելով քաղաքական ուժերի PR-ի տեխնիկական միջոցների մասին, PR-խորհրդատուն ասաց, որ դրանք ընտրությունների ժամանակ բոլոր հայ քաղաքական ուժերի մոտ նույնն են, ու ոչ մի տարբերություն չկա նախորդ տարիների հետ համեմատելիս: «Մեկ ամսում PR չի արվում, ու ընդհանրապես PR-ը խորհրդատվական աշխատանք է: Հիմա հարց է ծագում, արդյո՞ք մերոնց PR-ը այս կարճ ժամանակահատվածում լավ է ստացվում, կամ նրանք ընդհանրապես զբաղվո՞ւմ են PR-ով: Չնայած որոշ հոլովակներ, արշավներ քիչ թե շատ ստացված են, բայց դրանք ասես սուրճ լինեն, որը խմում ես ու հետո հասկանում, որ դրանից վատ համ է գալիս»:
Ամփոփելով իր խոսքը` Հայկ Կիրակոսյանն ասաց. «Կարելի է ընտրությունների ամբողջ գործընթացը մեկ նախադասությամբ բնութագրել. «Ընտրեք մեզ լավ կլինի», բայց այստեղ ստորակետը դուք ինքներդ պիտի դնեք: Եթե դնեք «մեզ»-ից հետո, ապա արժե նրանց վստահել, եթե «ընտրեք»-ից հետո, ապա պետք չէ նրանց օգտին քվեարկել»:
Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ