Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. Նվիրումի եւ ազնվության առումով ՕՐՕ-ն անխոցելի է

Մարտ 11,2017 18:40

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը մարտի 11-ին իր նախընտրական քարոզարշավը իրականացնում էր Երեւանում: Նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ բնակիչները ապրիլի 2-ին լավ այլընտրանք ունեն:

«Ցանկացած ուժ կարող էր լավ այլընտրանք լինել, որովհետեւ եթե ընտրությունը իշխանության եւ մեկ այլ՝ ցանկացած, քաղաքական ուժի միջեւ է, գոնե գիտեք՝ այս մի իշխանությունը 10 տարվա հետք ունի եւ որեւէ հաջողություն չի արձանագրել այդ տաս տարիների ընթացքում: Մյուս քաղաքական ուժի նկատմամբ առնվազն կարելի է հույս ունենալ, որ հնարավոր է ավելի լավ արդյունքներ ձեռք բերի, եթե գա իշխանության:

Այստեղ ընդհանրապես անհույս է, այստեղ կարող է հույս լինի, բայց այս մասում շատ ավելին է, քան անորոշ հույսը, որովհետեւ այսօր իսկապես ընդդիմադիր դաշտում մի շատ գեղեցիկ ներկապնակ է ձեւավորվել: Ես չեմ հիշում այս 25 տարիների ընթացքում, որ մեր հանրությանը նման ընտրանի առաջարկվի, կարելի էր երազել դրա մասին: Հենց դրա համար է, որ իշխանությունը անընդհատ ասում է, որ ընդդիմություն չկա, ընդդիմությունը միավորված չէ, պետք չէ միավորվել, ընտրեք, հետո կարող են միավորել կառավարություն կազմել»,- ասաց նա:

Օսկանյանի խոսքերով՝ ՕՐՕ-ում հավաքվել են երկրի նվիրյալները, որոնք տարիներով աշխատել են ազնիվ եւ անշահախնդիր: Եվ ըստ նրա, նվիրումի եւ ազնվության առումով ՕՐՕ-ն անխոցելի է. «Ես եւ Րաֆֆի Հովհաննիսյանը 1991 թվականին մեր հանգիստ կյանքն ենք թողել Միացյալ նահանգներում, եկել Հայաստան եւ իսկապես անմնացորդ նվիրվել ենք մեր պետականության կառուցմանը: Նույնը արել է Սեյրան Օհանյանը՝ Սովետական Միության փլուզումից հետո ինքն այլընտրանքներ ուներ, կարող էր շատ ավելի հզոր երկրի բանակում ծառայել, բայց նա ընտրեց Հայաստանը, Ղարաբաղի պաշտպանությունը, Ղարաբաղի ազատագրումը, հին հայրենիքի պաշտպանությունը, իր առողջությունը դրեց այդ հաղթանակի զոհասեղանի վրա: Մեր գործունեության տարիներին մենք ազնիվ եւ նվիրական ենք եղել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031