Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Այվազյան. «Շատերի մոտ կա կարծիք, որ մեկ ձայնով ինչ փոփոխություն անենք, եւ այդ պատասխանատվությունը ոչ ոք չի ուզում կրել» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 11,2017 17:45

Այսօր «ԵԼՔ» դաշինքի թիվ 9 ընտրատարածքում առաջադրված թեկնածուները քարոզարշավի շրջանակներում հանդիպեցին Լոռու մարզի Դարպաս համայնքի բնակիչների հետ:

Ընտրողների հետ հանդիպման ժամանակ դաշինքի Վանաձորի շտաբի ղեկավար Քրիստ Մարուքյանն ասաց, որ «ԵԼՔ»-ը ստեղծվել է գաղափարական հենքի վրա, եւ թեկնածուների միջեւ մինչ օրս  որեւէ խնդիր չի առաջացել. «Այս ամբողջ ժամանակահատվածի ընթացքում դաշինքը միայն ավելացել է նոր ուժերով եւ նոր մարդկանցով, եւ որեւէ աղճատում, իրար մեջ գզվռտոց կամ նման բան տեղի չի ունեցել: Այսինքն, միակ գաղափարական հենքի վրա կառուցված դաշինքն է, որն իրականում գնում է իշխանությանը մարտահրավեր կամ ձեռնոց նետելու, եւ որեւէ տեսակի փոփոխություն բերելու համար:

Թեկնածուներից Հրանտ Այվազյանը համոզված է, որ նույնիսկ մեկ ձայնով կարելի է հասնել ցանկալի փոփոխության, ներկաներին հորդորելով չկորցնել իրենց այդ ձայնը. «Շատերի մոտ կա կարծիք, որ մեկ ձայնով ինչ փոփոխություն անենք, եւ այդ պատասխանատվությունը ոչ ոք չի ուզում կրել: Եթե մենք ամենքս մեկ ձայն տալով ուժեղացնենք, հավատացած եղեք, այդ ձայնը հաստատ տեղ կհասնի, եւ  համոզված եղեք, որ մենք կպաշտպանենք այդ ձայնը: Ե՛վ ձեր ձայնը կունենա իր նշանակությունը, ե՛ւ դուք բոլորդ կունենաք, ձեր լուման ե՛ւ ներդրումը վաղվա պայծառ օրվա հանդեպ»:

Դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն էլ հիշեցրեց, որ Հայաստանում 17 տարի իշխանափոխություն տեղի չի ունեցել: Նշեց, որ հիմա եկել էլ է այդ փոփոխությունների ժամանակը. «Հիմա ընտրությունը ձերն է, հնարավորությունը ձեր ձեռքին է, ձեր էդ մի ձայնը ձեր մոտ է, ոչ ոք չի կարող խլել, քայլը ձերն է, ձեր հերթն է, դուք պետք է անեք էդ քայլը: Մենք ինչ-որ կարող էինք ու պետք է անեինք, դա արել ենք: Այսինքն, մենք մասնակցում ենք ընտրություններին, ձեր պահանջով մենք միավորվել ենք, եւ մյուսը՝ մեր ունեցած ռեսուրսը, առողջությունը, ինչ-որ ունենք, մեր կենսագրությունը ներդրել ենք էս քարոզարշավի տակ, որ մենք կարողանանք հասնել ամեն գյուղ, եւ ամեն քաղաքացուն տեղեկացնել, որ կա «ԵԼՔ» դաշինք: Եւ, եթե կա ընտրություն, ուրեմն կա ելք էս իրավիճակից»:

Հանդիպման ժամանակ Կորյուն Շեկոյանն էլ հետաքրքրվեց, թե արդյո՞ք բնակչությունը տեղյակ է ընտրական նոր կարգից: Դրական պատասխան լսելուց հետո շարունակեց. «Քվեարկության ժամանակ, կարող է ձեզ շփոթեցնեն, ասեն, հայտարարեն, թե հնարավոր է հսկել, հասկանալ, տեսնել, թե դուք ում եք քվեարկելու: Իմացեք, որ այդպիսի բան հնարավոր չէ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031