«ԵԼՔ» դաշինքն այսօր հերթական ընտրարշավն իրականացրեց Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Դաշինքի մասը կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ «ԵԼՔ»-ի քաղաքական թիմի ներկայացուցիչները քարոզչական թերթիկներ բաժանեցին բակերում՝ հավաստիացնելով, որ «ելք կա»:
Փաշինյանը բնակիչներին կոչ արեց չտրվել հուսահատությանը եւ ապրիլի 2-ին կատարել ճիշտ ընտրություն: «Խաղաղություն Ձեր տներին» մաղթեց պատգամավորը յուրաքանչյուր բակ այցելելիս:
Կարդացեք նաև
Քաղաքացիներն առանձին դեպքերում հարցեր էին ուղղում դաշինքի թեկնածուներին, ոմանք էլ պատուհանից ձեռքով էին անում Փաշինյանին: Տարեց տղամարդկանցից մեկն էլ լսելով պատգամավորի խոսքը, ասաց թե՝ «ելքը ո՞րն է, երկրից արտագաղթե՞լը»: Դաշինքի անդամներից մեկն էլ հակադարձեց՝ ասելով, որ ելքն այդ արտագաղթը կասեցնողներին ընտրելն է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ