Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը հասարակության մեջ է

Մարտ 11,2017 10:00

Երբ ես գրում եմ, որ մեր հիմնական խնդիրը հասարակական է, մարդկանց մեծամասնությունն ինձ հետ չի համաձայնում եւ շարունակում է մնալ այն համոզմանը, որ չար, ագահ, հանցագործ մարդկանց պետք է փոխարինել բարի եւ մեծահոգի մարդկանցով, եւ ամեն ինչ կփոխվի: Իսկ հանցագործները պետք է դաժանորեն պատժվեն:

Բայց իրականում ոչ մի դաժանություն էլ պետք չէ: Խնդիրը շատ ավելի պարզ է: Եթե, ենթադրենք, իմ որդին հանցագործություն է կատարել, նա պետք է դատվի եւ ազատազրկվի: Ես, իմանալով նրա ձերբակալության լուրը, չպիտի ինձ պատեպատ խփեմ` նրան պատասխանատվությունից ազատելու կամ նրա պատիժը մեղմացնելու համար: Նա պետք է նույն պատիժը կրի, ինչպես ցանկացած, «անտեր տղա»: Ես կվարվե՞մ այդպես: Խիստ կասկածում եմ: Որովհետեւ ինձ չորս կողմից մեղադրելու են «անջիգյարության» մեջ, որ տղաս փորձանքի մեջ ընկավ, իսկ ես մատս մատիս չխփեցի, որ այս անիրավ երկրում չի կարելի սկզբունքների հետեւից ընկնել: Հիշեցվելու են` «բա Պողոսի տղան», «բա Կիրակոսի տղան»: Դե, հիմա իմ տեղը պատկերացրեք որեւէ իշխանավորի, մանր կամ մեծ չինովնիկի, որն ինձնից 100 կամ 1000 անագամ շատ ավելի լծակներ ունի: Եթե ես այդպես եմ մտածում, ապա ինչու պետք է նա այլ կերպ մտածի: Մենք օդի մեջ, վերացականորեն բողոքում ենք` «ախ, անպատժելիություն», «ախ, կամայականություններ», բայց երբ դա անձամբ մեզ է վերաբերում, մենք շատ ավելի «լայն եւ բազմաշերտ» ենք պատկերացնում իրականությունը:

Մյուս մեր հասարակական խնդիրն այն է, որ մենք ոչ թե քաղաքացիներ ենք, ոչ թե  ընտրողներ ենք, այլն ուզվորներ: Վերջերս երիտասարդ թեկնածուներից մեկն ինձ հետ մասնավոր զրույցում տարակուսում էր՝ քարոզարշավի ժամանակ մեր հանդիպած մարդկանց զգալի մասն ընդհանրապես պատկերացում չունի, թե ինչ է նշանակում ապրել պետության մեջ եւ, հետեւաբար, այդպիսինների հետ անիմաստ է խոսել, թե ինչպիսի՛ պետություն ենք մենք ուզում կառուցել:

Բնորոշ մի դրվագ. երիտասարդն ընտրարաշվի ժամանակ մոտենում է Գագիկ Ծառուկյանին, որը պատրաստվում է ելույթ ունենալ: Սկզբից նա փորձում է հաճոյանալ ԲՀԿ առաջնորդին եւ վատ բան ասել Սերժ Սարգսյանի մասին: Բայց Ծառուկյանն ընդհատում է երիտասարդին եւ խնդրում է «չքաղաքականացնել», որովհետեւ շատ լավ գիտի, որ «քաղաքական մասը» միայն «ժուռնալն» է, իսկ բուն «կինոն» ուզվորությունն է: Եվ իսկապես՝ «էս չունեմ, էն չունեմ, ինձ մի հատ գործ տվեք»: Նման դեպքերում Ծառուկյանը խնդիրը լուծում է «աշխատանքային ռեժիմով»՝ համարդ գրիր, դիմիր այսինչին, կունենաս՝ ինչ որ ուզում ես: Առանց խորանալու՝ իսկ այսինչին պե՞տք է արդյոք այդ երիտասարդը: Ահա  ձեզ ամբողջ ընտրարշավը եւ գաղափարական պայքարը:

Նրանք, ովքեր ընդհանրապես կորցրել են արժանապատվությունը, ընտրությունների ժամանակ պարզապես ողորմութոււն են ուզում (որը նրանց այս շրջանում հաճույքով տրվում է): Նրանք, ովքեր դեռեւս չեն կորցրել արժանապատվության վերջին փշուրները, ասում են՝ «մի հատ գործ տվեք» (ենթադրելով, հավանաբար, որ ինչ-որ հիմնարկում ինչ-որ ժամանակ են անցկացնելու եւ դրա դիմաց աշխատավարձ են ստանալու): 21-րդ դարում, շուկայական հարաբերությունների պայմաններում աշխատանք չեն մուրում, աշխատանք ստեղծում են: Դա դժվար է հասկանալ, բայց առանց այդ գիտակցության մենք չենք կարողանա կայուն պետություն ունենալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Այս խեղճ ու չքավոր մարդիկ, որոնք պաշարում են Ծառուկյանին եւ աղերսագրեր հանձնում, մեր ամոթն են, մեր չարածի, մեր գործած հանցանքների, մեր անտարբերության ապացույցը։ Նման տեսարաններ դիտող իշխանավորները պետք է ամոթից ուղղակի գետինը մտնեին, մինչդեռ էկրանների առաջ գլուխներն են տարուբերում եւ ծպծպացնում՝ մեղադրելով մարդկանց անգրագիտության, անխելքության, ծախվածության մեջ։
    https://www.aravot.am/2017/03/11/864675/

  2. Աբո says:

    Առաջին մտքի հետ համամիտ եմ, որ բոլոր հանցագործները պետք է պատժվեն, իսկ երկրոդի հետ ոչ: Անցած տարիների ըթացքում մարդկանց դարձրեցին մուրացկան:Ինչու՞ է ձեզ թվում, որ բոլորը պետք է կամ կարող են կոմերցիայով զբաղվել: Արտասահմանու կան մեծ ֆաբրիկաներ որտեղ հազարավոր մարդիկ են աշխատում, ամեն օր գնում են գործի ԲԱՐԵԽՃՂՈՐԵՆ կատարում են իրեց հանձնարարված աշխատանքը, ստանում աշխատավարձ, որը ապահովում է նրանց բարեկեցիկ կյանք, իսկ ով ցանկանում է ճոխություն՝ նա խորանում է բիզնեսում: Դուք առաջարկում եք նորց սեղանիկներ, կրպակներ, առևտու, տաքսու կամ երթուղայինի վարորդ:

  3. araqel says:

    “Մենք օդի մեջ, վերացականորեն բողոքում ենք` «ախ, անպատժելիություն», «ախ, կամայականություններ», բայց երբ դա անձամբ մեզ է վերաբերում, մենք շատ ավելի «լայն եւ բազմաշերտ» ենք պատկերացնում իրականությունը: ”

    100 տոկոս համաձայն եմ: Սակայն խմդիրը այն է, որ այսպիսին է ոչ միայն հայը, այլ նաև վրացին, թւորքը, ռուսը, ֆրանսիացին ու պարսիկը: բոլորը: Սա համամարդկային մոտեցում է:
    Մեր խնդիրը էն է, որ մենք չենք կարողանում երջանիկ լինել առանց մեր “ուեցածով” սրա-նրա “աչքը հանելու”: Ու նաև հակառակ կողմից, չենք կարողաում գոհանալ ” մեզ բաժին հասած խոտով”: Ոչովհետև համատարած անգրագիտություն է ու արդեն տեղ չկա Արվեստի, Գիր-Գրականության համար:

    Մեր, հայաստանցիներիս համար ամեենաբնութագրականը – դա Պուշկինի “Ոսկե ձկնիկի” մեջի պառավի տիպարն է:

  4. gib.gibindus says:

    Եթե խնդիրը հասարակության մեջ է, ինչը նշանակոում է “ժողովուրդը էն չի”, ինչու՞ եք ամեն անգամ գնում ընտրությունների:

  5. Լավատես says:

    Միգուցե սխալ բաներ եմ ասում, բայց կարծում եմ սոված առանց աշխատանքի քաղաքացուց իսկական ընտրող դուրս չի գա, դա բնական է, եւ քանի որ ոչ ժողովրդավարական երկրում փորձում ենք ժողովրդավարական ընտրություններ անցկացնել, նույնիսկ ամենաարդար ու ամենաթափանցիկ ընտրությունների դեպքում կունենանք ՝ուզվորական՝ անիմաստ ընտրություններ: Դրա համար կարծում եմ մեկ անգամ կարելի էր գնալ սեփական սկզբունքների դեմ ու սփյուռքով ու բարի քաղաքացիներով փող հավաքեինք ու ընտրակաշառք տայինք մեր ուզվորներին, որ ընտրեին բարի պատգամավորների, որ վերջիններս իշխանության գալով բարձրացնեին քաղաքացիների կենսամակարդակն ու հիմնովին բնաջնջեին ընտրակաշառք դավաճան երեւույթը:

  6. Ruben says:

    Ակնհայտ է, որ արժանապատվություն ունեցողը աշխատանք չի մուրա, այլ կստեղծի:
    Այսօրվա Հայաստանում արդար աշխատանք (բիզնես) ստեղծելը, արարելը հավասարազոր է ինքնասպանության:
    Կամ էլ, գոյատեւելու համար, պետք է պատերազմ հայտարարես բարքերի ու կարգերի դեմ:
    Կայուն է, օրինակ՝ արտագաղթը…

  7. Հ.Շ. says:

    Արտագաղթը սկսած էր Անկախութեան առաջին օրէն իսկ:

    Լայն արտագաղթը տեղի կ’ունենար, Անկախութենէն առաջ անգամ: «Լօս»ի հայաստանցնիների մեծամասնութիւնը հեռաւոր անցեալի կամաւոր պանդուխտներ են – երկրորդ սերունդից սկսեալ արդէն՝ այլասեռած, շուռ տուած…

    Այս առարկայական տուեալների լոյսին տակ, արտագաղթի էական պատճառը երկրի վիճակը չէ ուրեմն: Դարերէ ի վեր, հայերը միշտ եղել թափառական, հիւանդագին հաճոյքով ընդգրկել են ղարիպութիւնը, ունեցել են հայրենասիրութեան անբաւարար ըմբռնողութիւն, եւ իրենց անհատական երջանկութիւնը միշտ – եւ ի զուր – փնտռել են այլուր, օտար երկիրներում:

    Հայաստանում փոքր կամ միջին չափի բիզնես հիմնելի անհնար չէ – մեծերից հեռու պիտի մնաս միայն, եթէ խնդիր չես ուզեր ունենալ – :

    Սակայն, լաւագոյն պայմաններում անգամ, անհնար է որ բոլոր բնակիչները բիզնեսի տէր դառնան: Իսկ իրողութիւնը այն է թէ շատեր չեն ուզում աշխատիլ, կամ լրջօրէն աշխատիլ, եթէ չլինեն գործատէր: Կան անշուշտ ժրաջան, խելքը գլխին աշխատաւորներ, սակայն կան նաեւ մեծ թիւով անձեր որոնք եթէ պիտի աշխատին «ուրիշի համար», լաւ չեն աշխատելու, կամ ել նախընտրում են վաբշե չաշխատիլ, եւ առաջին առիթով լքել երկիրը, երազելով որ դրսում հեշտօրէն դառնալու են հարուստ: Ի դէպ, անոնք դրսում ընդունում են աշխատիլ ուրիշի համար, նոյնիսկ ամենավատ ձեռավարձով, եւ այդ պարագային ել աշխատամում են կանոնաւոր կերպով…

  8. մարդամեկ says:

    Ասեմ որ, գրպանում կոպեկ չունենալը եվ հոգով հարուստ մնալը ամեն մարդու չի տրված. Այնպես որ երազել թե բոլորը «Կամո» են դառնալու, շատ ուտոպիական երազանք է.

  9. Լավատես says:

    Ոչ ոք ոչ մի խելքը գլխին լուծում Արցախի խնդրի հետ կապված չի առաջարկում, բացի ամենապարզունակ ախմախ փոխզիջումային իրա արեւին քաղաքականապես իրատեսական՝ իրականում դավաճանական տարբերակը, որն առաջարկվել է առաջին նախագահի միջոցով։ Դրա համար մի քիչ երկար կստացվի, չնայած խոստացել էի այլեւս երկար չգրել, բայց կարճ անհասկանալի կլինի։ Ուրեմն՝ ինչպե՞ս լուծել Արցախի խնդիրը։ Լուծման առաջին չափանիշը՝ լուծումը պետք է փոխշահավետ լինի բոլոր հակամարտող կողմերի համար, եթե ընդունենք, որ այդ կողմերը ունեն լավագույն մարդասիրական ու արդյունավետ պետական համակարգերը՝ այսօրվա համակարգերը դրան չեն համապատասխանում, այսինքն՝ հիմիկվա մակարդակի հակամարտող կողմերը այս խնդիրը չեն լուծի։ Այսպիսով, մի պետության ռազմավարական օրենքները միանշանակ ընդունվում են հակամարտության կամ շահագրգիռ բոլոր մնացած պետությունների կողմից։ Երկրորդ չափանիշը՝ այդ պետություններն ունեն ոչ միայն անկեղծ ցանկություն այդ օրենքների ի կատար ածել, այլեւ տիրապետում են հզոր ուժի այդ օրենքները միանշանակ կիրառելու, այսինքն՝ օրենքները պետք է լինեն գործող։ Այդ ռազմավարական օրենքները պետք է կիրառվեն նաեւ բոլոր շահագրգիռ պետությունների ողջ տարածքում, այսինքն՝ հակամարտող պետությունների ներքին թե արտաքին ռազմավարական օրենքները պետք է լինեն բացարձակ նույնը։ Երրորդ չափանիշը՝ չափսը կապ չունի՝ ինչ սկզբունքով ու արժեքներով ապրում ու գործում է պետությունը, նույն սկզբունքներով ու արժեքներով ապրում ու գործում են այդ պետության բոլոր բաղկացուցիչ մասերն՝ ընդհուպ մինչեւ ամենատարրական ամենափոքր պետական տարրը՝ քաղաքացին։ Սա էլ նշանակում է, որ քաղաքացին կարող է հրաժարվել իր քաղաքացիությունից, ընդունել ուրիշ երկրի քաղաքացիություն, նմանապես՝ գյուղը կարող է դուրս գալ պետության կազմից ու մտնել այլ պետության կազմի մեջ։ Օգտագործելով մասնավորի օրենքները ընդհանուրի վրա տարածելու սկզբունքը եւ հակառակը՝ ընդհանուրի օրենքները մասնավորի վրա տարածելու սկզբունքը կստանանք ոչ հակասական օրենքների լիարժեք բազմություն։ Այսպիսով՝ բոլոր հակամարտող պետությունները պետք է ունենան միեւնույն միանշանակ գործող ռազմավարական օրենքներ եւ տարբերվեն այդ պետությունները միայն այդ ռազմավարական օրենքների իրացման մարտավարական օրենքներով, որոնք լավագույնի ու արդյունավետի փնտրտուքը պետք է լինի, իսկ ժամանակի մեջ իր արդյունավետությամբ հաղթող մարտավարական օրեքները մտնում են ռազմավարական օրենքների դասի մեջ։ Հաջորդ չափանիշը՝ բոլոր պետական մակարդակներում պետք է սեփական ուժերով կազմակերպել կառավարումը, դրա համար սկսած քաղաքացուց վերջացրած նախագահով բոլորը պետք է ծնված օրվանից դաստիարակվեն ու գիտելիքներ ու փորձ ձեռք բերեն պետական կառավարման բնագավառում։ Այսօրվա պետական կառավարման հարցում մեր անգրագիտությունը թույլ է տալիս տիկնիկավարներին մեզ տիկնիկի տեղ օգտագործել։ Ուժ, օրենք, հարստություն՝ այս երեք ռազմավարական արժեքները իրար պահում պահպանում են, եթե մեկը մյուս երկուսից է սնվում եւ միայն երեքով են դառնում բացարձակ ինքնաբավ, իսկ եթե մեկը տկար է կամ բացակայում է կամ էլ ուրիշինն է՝ դա էլ բացարձակ կարգազանցն է։ Պետք է հասկանալ, որ թույլը, օրինազանցը եւ աղքատը՝ դրանք բոլորն էլ մի մակարդակի քաղաքական կարգազանցներ են, նրանց քաղաքական ընտրության իրավունք չի կարելի տալ։ Բոլոր պետական մակարդակները պետք է ունենան իրենց սեփական այս երեք արժեքները՝ ուժ, օրենք, հարստություն։ Այսպիսով, առաջին քայլը՝ ստեղծել մարդասիրական արդյունավետ գործող ռազմավարական օրենքներ՝ քաղաքացուց մինչեւ պետություն։ Երկրորդը՝ ստիպել մյուս հակամարտող կողմերին ընդունել մեր ռազմավարական օրենքները, իսկ եթե նրանց օրենքներն են ավելի մարդասիրական ու արդյունավետ՝ ապա վերցնում ենք նրանց օրենքները։ Սա է լուծումը։ Ծովից ծովի խնդրի լուծումն էլ եմ այս ձեւով պատկերացնում։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031