Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել 27 պատգամավորներ:
ՀՀ գլխավոր դատախազի հրավերով՝ մարտի 6-ին հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Հանդիպման ընթացքում պատգամավորներին ներկայացվել է Ա.Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերը, պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145 և 147-րդ հոդվածներով նախատեսված՝ անձնական երաշխավորություն խափանման միջոցի կիրառման կարգը, երաշխավորողների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև վերջիններս նախազգուշացվել են երաշխավորողի պատասխանատվության մասին»:
Հիշեցնենք՝ Էդմոն Մարուքյանի, Լևոն Զուրաբյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի և Արամ Մանուկյանի կողմից 500 հազար դրամ գումարը մուծելուց հետո որոշում կայացվեց Ա.Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին:
Կարդացեք նաև
«Առավոտի» աղբյուրները մի մանրամասնի մասին են պատմում, որը, բնականաբար, ընդգրկված չէ պաշտոնական հաղորդագրության մեջ: Պատգամավորներից ոմանք նախապես դիմել էին խնդրանքով, թե կարո՞ղ են արդյոք յուրաքանչյուրը 250 հազարական դրամ մուծել: «Գարնանային զեղչեր չունենք»,- պատասխանել էր դատախազության բարձրաստիճանը: