Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բացվեց «Հալալ»-ի գրասենյակը

Մարտ 11,2017 00:13

«Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակի բացումը հնարավորություն կտա, որ տնտեսվարող սուբյեկտները, ՀՀ-ում ստանալով Հալալ սերտիֆիկատ, կարողանան իրենց արտադրանքը մատչելի դարձնել 57 իսլամական պետություններում»,- մարտի 10-ին  Հալալ գրասենյակի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նրա խոսքով նախաձեռնությունը ցուցաբերել է Հայաստանը, որպեսզի տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռի «Հալալ»-ի սերտիֆիկացումը իրականացնել ՀՀ-ում, ինչը ավելի մատչելի կլինի և ավելի դյուրին. «Սա մեր համատեղ աշխատանքների արդյունքն է:

Մենք մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ այդ գրասենյակի բացումով մենք կսկսենք մեր հիմնական աշխատանքները: Անհրաժեշտության դեպքում կընդլայնենք և գրասենյակներ կստեղծենք նաև մեր բոլոր այն մարզերում, որտեղ կլինի Հալալ-ի սերտիֆիկացման պահանջարկ՝ մասնավորապես դա կլինի հարավային մարզերում, առաջնայինը կլինի Սյունիքի մարզը»,-ասաց նախարարը:

«Հալալ»- գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարին  իր ողջույնի խոսքում ասաց. «Այսօր անմոռանալի օր է  մեզ համար, քանի որ հնարավորություն ունենք բացելու մեր գրասենյակը Հայաստանում: Ավելի քան 2 տարի է ինչ աշխատում ենք Հայաստանում և սերտիֆիկատ ենք տրամադրել 2 սպանդանոցների: «Հալալ» գրասենյակի բացման նպատակը Հայաստանում  մուսուլման զբոսաշրջիկների պահանջները ապահովելն է , ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտներին իրենց արտադրանքը մուսուլման երկրներին արտահանելու հնարավորություն ընձեռնելն է:

Տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանի խոսքով՝ սա մեր արտադրողների համար ոչ միայն նոր շուկաներ մտնելու հնարավորություն է ստեղծում, այլ միաժամանակ խթանում  է երկրում զբոսաշրջության զարգացումը. «Հալալ»-ի գրասենյակը նաև առնչվում է մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներին ՝ ծառայություններ, արտադրանք, ռեստորանային ծառայություններ, հյուրանոցային համալիրների գործունեություն, առևտրի վայրեր: Սա հնարավորություն է տալիս երկրի զբոսաշրջային գրավչության զարգացմանը՝ առավել ևս, որ այս գրասենյակի բացումը նախորդեց Նովրուզին, որի շրջանակում մենք սպասում ենք մեծ քանակի զբոսաշրջիկներ»:

Փոխնախարարի խոսքով՝ արտահանումից տարեկան 50-65 մլն դոլար է ստացվում. «Մենք կանխատեսում ենք առնվազն կրկնապատկել այդ ծավալը, որովհետև ներկրումը 2 անգամ գերազանցում է մեր արտահանումը Իրանից»,- ասաց փոխնախարարը:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը գրասենյակի բացումը գնահատեց որպես դրական գործընթաց. «Վերջին տարիներին քայլեր են կատարվել հատկապես սպանդանոցային մորթի հետ կապված:  Երեկ էլ կառավարության նիստում հաստատվեց սպանդանոցային մորթի անցնելու ժամանակացույցը: Իրանը անասնաբուծական արտադրանքի արտահանման առումով մեզ համար հանդիսանում է պոտենցիալ շուկա: Կան կազմակերպությունների, որ թե´ սպանդանոցի, թե´ հումուսի վերամշակման առումով սերտիֆիկացված են, և գրասենյակի բացումը մեզ հնարավորություն կտա ծավալները ավելացնելու:

Մեր նախնական հաշվարկներով հնարավոր է, որ  հումքի առկայության պայմաններում երկու-երեք անգամ ծավալները ավելանան, որը բավականին կդյուրինացնի մեր տեղական սպանդանոցների , վերամշակողների հարաբերությունները արտահանման հետ կապված»:

Երկուշաբթի օրվանից Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում կանցկացվեն սեմինարներ, դասընթացներ տնտեսվարող սուբյեկտների համար:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031