Լրահոս
Օրվա լրահոսը

Ավուր խոսքի առարկա

Մարտ 11,2017 17:00
merujan Ter-Gulanyan

Աստված մարդուն սիրում է մարդու միջոցով, ծառի, խոտի, ծաղկի, ջրի կենդանի ծփանքի ու լույսի միջոցով…

Այսինքն թե՝ պետությունն էլ իր ժողովրդին պիտի սիրի իշխանության միջոցով, հաստատուն օրենքների եւ արդարության միջոցով, ինչպես որ պետությունն ու իշխանությունը կայանում եւ արժեւորվում են ժողովրդի միջոցով:

Եվ փոխադարձության այս ոսկե կանոնը չի կարելի խախտել, որը, սակայն, մեր երկրում խախտվել է վաղուց՝ նախընտրական քարոզչությունը վերածելով ոչ թե ծրագիր-ասելիքի, այլ դիմացինին ոչնչացնելու անհասկանալիորեն անզուսպ ցանկության, մինչեւ նույնիսկ հայրենապղծության եւ տարիներ շարունակ արդար ընտրությունների մեր հուսահատ փորձերը դարձնելով գրեթե անլուծելի մի աններդաշնակություն, մեր եւ օտարների համար ավուր խոսքի առարկա եւ ոչ ավելին…

Այնինչ հազարամյակների խորքից մեզ զգուշացնում են. իշխանության հասնելու համար դրսից տղերք չհրավիրեք մեր տղերքի վրա, այլ Տղա ու Տիրակալ լինենք մեր տան մեջ:
Եվ չլինի այնպես, որ հաշտվենք մեր հայրենացավի հետ ու մեր տան մեջ ապրենք օտար, եւ հայրենացավն այս դառնա սովորույթ, որ օտարացնի մեզ մեր պետությունից, իշխանությունից, եւ երազենք մի ուրիշ՝ գոյություն չունեցող հայրենիք: Չհասկանալով, որ ոչ ոք իր լավ հայրենիքը մեզ չի տա, ոչ էլ լավ իշխանությունը, ինչպես նաեւ ոչ ոք իր լավ ժողովրդին չի տա մեր իշխանությանը:

Ուրեմն մենք ենք եւ մեր իշխանությունը: Եվ միջնորդի ու միջնորդողի կարիք չունենք:
Ուրեմն այսու պատմության հեռվից մեր երեւելի իմաստունների հուշած ճանապարհով գնանք: Եվ երբ ասում են, թե մեր ձայնը նշանակություն չունի, եւ իբր արդեն ամեն ինչ որոշված է, չլսենք, չհավատանք նրանց, որովհետեւ այդ խոսքերը մեր դեմ են ուղղված, մեզ թուլացնելու, մեզ նսեմացնելու համար են:

Մտածենք, թե ում ձեռքն ենք տալու նժարը: Նա մեր հոգեւոր քաշն է կշռելու, եթե իր քաշն ու կշիռը հստակ ու ճշմարիտ գիտի: Մտածենք նաեւ, որ մեզանից յուրաքանչյուրն այն միակ ընտրողն է, ով կպայմանավորի, թե ինչպիսին կլինի վաղվա իշխանությունը, եւ կյանքի հացն այլեւս չի փոխի օրվա ուտելիքի հետ:

 

ՄԵՐՈՒԺԱՆ
ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

10,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031