Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաշինիստ ունեինք, որ Գերագույն խորհրդի դեպուտատ էր»

Մարտ 11,2017 16:30

Կոմունիստներն ավելի շատ հիշում են կոմունիստական լավ օրերը,
քան խոսում իրենց ծրագրերի մասին

Ինչո՞ւ պետք է ընտրեն Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (ՀԿԿ). այս հարցին ՀԿԿ ղեկավար Տաճատ Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում հարցով պատասխանեց` «իսկ ինչո՞ւ չպետք է ընտրեն»: Այնուհետեւ սկսեց գովել Կոմկուսին. «Ինչո՞ւ չպետք է ընտրեն 114-ամյա կուսակցությանը, որը բազում փորձություններով անցնելով՝ 70 տարի ղեկավարել է: Հանրապետությունը, որը գտնվում էր անգրագիտության ճիրաններում, համաճարակ, սով ու տիֆ, Կոմկուսն այն դարձրեց ծաղկուն, բարգավաճ երկիր»: Այս առիթով Տաճատ Սարգսյանը հիշեց Մյասնիկյանի խոսքերը. «Արցունքի երկիրը դարձավ վարդերի երկիր»: Նա հիշեցրեց, թե Կոմկուսի գլխավորած տարիներին հանրապետության տարածքով սփռված էին գիտության, կրթության, մշակույթի օբյեկտներ:

Այնուհետեւ կրկին շարունակեց գովեստների շարքը. «Ինչո՞ւ ընտրողը չպետք է ընտրի մեզ, երբ կոմունիստների օրոք սոցիալական բոլոր խնդիրները լուծված էին. կրթությունը, բուժումն անվճար էին: Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ ընտրողը չպետք է ուզենա, որ մենք վերադառնանք, ինչի արդյունքում հնարավորություն կստեղծենք կամաց-կամաց վերականգնել այն բոլոր առավելությունները, որ կային խորհրդային իշխանության տարիներին»:

Խնդրեցինք կոնկրետ քայլեր, ծրագրեր նշել, թե ինչից են սկսելու, երբ մուտք գործեն խորհրդարան: Պարոն Սարգսյանը կրկին հիշեց խորհրդային տարիները. «Հզոր արդյունաբերություն եւ գյուղատնտեսություն կար: Երկուսը միասին ՀՆԱ-ի գրեթե 90 տոկոսն էր կազմում: Հանրապետությունը չուներ աշխատատեղերի կարիք, ինչի պատճառով մարդիկ արտագաղթեին, ընդհակառակը՝ դրսից էինք աշխատուժ բերում: Նման հզոր արդյունաբերություն եւ գյուղատնտեսություն ունեցող երկրում այնքան մեծ էր շահույթը, որ հնարավորություն կար անվճար ապահովել քաղաքացիների խնդիրները:

Հիմա էլ կարող ենք անել դա, եթե խելոք ղեկավարենք երկիրը»: Խնդրեցինք, այնուամենայնիվ, իրական քայլերի մասին խոսել. «Մենք ունենք հանքեր` ոսկու, պղնձի, մոլիբդենի: Փոխանակ այդ հումքը օտարին տալու, որը հումքը վագոններով տեղափոխում է արտասահման, այդ հումքի բազայի վրա կստեղծենք արտադրություն: Մարդկանց համար աշխատատեղեր կստեղծենք, շահույթը կմնա ՀՀ-ի ներսում: Պետք է մեծացնենք գյուղատնտեսական հողակտորները` հողի վաթսուն տոկոսի օգտագործում է պետք: Պետք է զարկ տալ տեխնոլոգիական արտադրությանը, գիտությանը: Պատերազմող երկիր ենք եւ պարտավոր ենք ռազմական արդյունաբերությունը զարգացնել: Ունենք շատ խելոք երիտասարդներ, հարկավոր է օգտվել գիտության առաջնակարգ ձեւերից ու մեթոդներից: Կամաց-կամաց անցնելու ենք այն լավ օրերին, որի ընթացքում մեր սերունդը ապրել է»:
Մեր այն դիտարկմանը, թե հասարակության լայն զանգվածների մոտ հենց այդ վախը կա, որ Կոմկուսի` խորհրդարան անցնելու դեպքում խորհրդային համակարգը կվերադառնա` իր բոլոր թերություններով հանդերձ, պարոն Սարգսյանն արձագանքեց. «Ոչ մի հասարակարգ էլ անթերի չի եղել, այդ թվում նաեւ խորհրդային կարգերը: Բայց այդ թերությունները քննադատվել եւ ընդունվել են հենց Կոմունիստական կուսակցության կողմից: Այդ դեպքում հարց կտաք, թե ինչու փլուզվեց Խորհրդային Միությունը: Իրոք, կարգապահությունը երկրում կամաց-կամաց ավելի ցածր դիրքերի վրա էր, գումարվել էր գաղափարախոսության պայքարը, մենք տնտեսության բազմակարծության ձեւին չկարողացանք ժամանակին անցնել, ուստի արդյունքն այն եղավ, որ երկրում իրոք դժգոհությունը մեծացավ»:

Մեր այն դիտարկմանը, թե խորհրդային խրախուսման մեխանիզմները կոմունիստները խոստանո՞ւմ են վերականգնել, երբ բանվորը հիմնարկի ղեկավարից բարձր աշխատավարձ կարող էր ստանալ, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Խորհրդային իշխանության ժամանակ կային խրախուսման տարբեր ձեւեր ու մեթոդներ: Տեքստիլ կոմբինատում էի աշխատում, որտեղ կար 6-7 հազար աշխատող: Կային չորաթել մանողներ, որոնք ստանում էին հիմնարկի ղեկավարի աշխատավարձի կրկնակին: Առաջավոր ենթավարպետ ունեինք, մաշինիստ ունեինք, որը Գերագույն խորհրդի դեպուտատ էր եւ այլն, եւ այլն»:
Տաճատ Սարգսյանը հիշեցրեց, թե լավ աշխատողներին անվճար ուղարկում էին «սանատորիաներ», այն բանվորի երեխայի նկարն էին ստենդի վրա փակցնում, որը գերազանց էր սովորում դպրոցում, ՀԿ-ները խրախուսում էին այն ծնողներին, որոնց երեխաները դպրոցում գերազանց էին սովորում. «Լավ աշխատողներն անգամ չէին ուզում գնալ Հայաստանի սանատորիաները, արդեն ձգտում էին Ադլեր ու ավելի առաջնակարգ հանգստավայրեր: Ուղեգիրն անվճար տրվում էր հիմնարկի ղեկավարի կողմից»:

Ամփոփելով ու հիշեցնելով, որ աշխարհի հզորագույն պետություն համարվող Չինաստանում կոմունիստական կարգեր են` Տաճատ Սարգսյանը վստահեցրեց, որ թեկուզ փոքրաթիվ կազմով կլինեն խորհրդարանում, բայց հազիվ թե կգտնվեն պատգամավորներ, որոնք չեն համաձայնի կոմունիստների առաջարկներին. «Մենք կանենք այնպես, որ երկրում տնտեսական վիճակը բարելավվի, ավելի շատ ձեռնարկություններ կառուցվեն, տղամարդը վերադառնա ընտանիք, կինն էլ՝ իր երեխաների մոտ: Ու փոխանակ ազգով հավաքվեն, մի քանի կոպեկ ճարեն իրենց հարազատի բուժման համար, ավելի լավ կլինի, որ անենք այնպես, որ պետությունը դա անի»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

10,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031