Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրանք սաղ էլ մե կորիզ են, մեր հույսը Աստվածն ա ու Ռուսաստանը»

Մարտ 11,2017 16:00

Մարտունիում որեւէ քաղաքական ուժի չեն վստահում

Երեկ Գեղամավանի գյուղամեջում կարմիր դրոշներով ու «Արդար Հայաստան» պաստառներով մարդիկ էին հավաքվել. փոքր թվով կանայք՝ առանձին մի կողմում, տղամարդիկ՝ մեկ այլ կողմում: Գյուղամեջում էլի նույն պաստառներով ու կարմիր դրոշներով մի քանի թանկարժեք արտասահմանյան մեքենաներ դես ու դեն էին երթեւեկում. Հայ Յեղափոխական Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչների ժամանումն էին ազդարարում: Երեկ ՀՅԴ-ն նախընտրական քարոզարշավի էր ելել Գեղարքունիքի մարզում. սկսեց Գեղամավան գյուղից, ու ոչ պատահական, այս գյուղում գյուղապետի ընտրություններում հաղթել էր Դաշնակցության թեկնածուն: Հիմա դաշնակցական գյուղապետի որդին՝ Իշխան Սաղաթելյանն էլ այս կուսակցության վարկանիշային թեկնածուն է: Նրան հատկապես բուռն, նույնիսկ կրքոտ ու ջերմեռանդությամբ էին սատարում գյուղի կանայք:

Երբ մենք նրանցից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են տղամարդկանցից զատված ու այդպես առանձին կանգնել, կանայք պատասխանեցին. «Ի՞նչ է էղել օր, հըմի գնանք խառնվենք տղամարդկանց»: Ու գնացին:

Կանայք վստահ հայտարարեցին, որ իրենց ձայնը տալու են հենց Սաղաթելյանին: Իսկ թե ինչո՞ւ, Գեղամավանի կանայք մեկը մյուսից առաջ ընկնելով, իրար ընդհատելով՝ փորձում էին մեկը մյուսից ավելի համոզիչ փաստարկ բերել: «Բա ո՞ւմը տանք: Մեր գյուղի տղա է: Գյուղում լուսավորություն է քաշել Նոր տարուց առաջ, փայտ է բաժանել: Գրագետ տղա է, ոչ մի վատ բան չենք տեսել իրանից: Խելոք, լավ տղա է, մեր տղեն է»,- ասում էին տարեց կանայք: Իսկ ավելի երիտասարդները վստահեցնում էին. «Մեր ապագան Իշխանի ձեռքում է, մեր կյանքը վստահում ենք Իշխանին, մեր կյանքը կապում ենք Իշխանի հետ»:
Գյուղում ի՞նչ խնդիրներ կան, որը կուզենային առաջնային լուծում ունենա՝ մեր այս հարցին կանայք նշեցին՝ խաղահրապարակ ու աշխատանք:

Դաշնակցականների ելույթներին հեռվից լսող գյուղի տարեց բնակիչներն էլ մեզ հետ զրույցում վստահեցնում էին, որ դեռ չեն կողմնորոշվել, թե ում են ձայն տալու. ասում էին՝ նոր է սկսվել քարոզարշավը, սպասում են մյուսների խոստումներին:
«Աղջիկ ջան, ուժը ումըն ա, նա էլ կընտրվի, մեր դըրվածքըն էդ ա: Վախկոտ են, մի հադըմ միլիցա գա փըխկցնի, ասի՝ գընում ենք ընտրես էսինչին, վախկոտի նման ընտրելու են: Համ էլ էն շատ խոսացողներն ավելի վաըդն են: Մենք ընչի՞ չենք գիդում որըն ինչ ա»,- ասացին գյուղի տարեցները:

Մեկ այլ տարեց մարդ էլ վստահեցրեց, որ Գեղամավանում տարիներ շարունակ ոչ մի լավ բան չի եղել, ոչ մի թեկնածու ու պատգամավոր որեւէ լավ բան չի արել:

Մարդիկ դժգոհում էին, որ թեեւ գյուղը գազիֆիկացված է, բայց աշխատում են գազ քիչ օգտագործել, քանի որ 9 ամիս ցուրտ է, գազի վճարը շատ է, փորձում են փայտի վառարաններով տաքացնել տները: Մեր դիտարկմանը, որ պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը փայտ է բաժանել գյուղացիներին, գյուղացիներն այսպես պատասխանեցին. «Իշխան խոմ Դիլիջանի անտառը չի բերել: Էնքան գազի փող ենք տալի, որ ձեռներս փող չի մնում»:

Թե ինչո՞ւ է թեկնածուն ընտրություններից առաջ գյուղի լուսավորության հարցը լուծել, փայտ բաժանել, Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ միշտ էլ արել է. «Ուղղակի հայրս հիմա գյուղապետ է, հիմա ավելի մեծ ծավալներով ենք անում»:

Մեր հարցին՝ այսինքն՝ գյուղապետարանի միջոցներո՞վ է այդ բարեգործությունն արել, Սաղաթելյանն այսպես պատասխանեց. «Գյուղապետարանի հաշվին, մեր հաշվին: Ուղղակի գյուղապետարանի փողերը մեր տուն չենք տանում, գյուղի համար ենք գործ անում»:

Մեր դիտարկմանը՝ գյուղապետարանի այդ աշխատանքները վերագրվում են Իշխան Սաղաթելյանին, վերջինս պատասխանեց. «Իշխան Սաղաթելյանը մեծ գերդաստան ունի, միշտ էլ արել է»: Սաղաթելյանը վստահեցրեց, որ դեռ ուսանողական տարիներից բիզնեսով է զբաղվում ու դրա հաշվին էլ բարեգործություն է անում:

ՀՅԴ-ի՝ Գեղարքունիքում քարոզարշավի հաջորդ հանգրվանը Մարտունի քաղաքն էր: Այստեղ ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումը ռեստորաններից մեկի դահլիճում էր. այստեղ «տղամարդկանց աշխարհ էր», հավաքվել էին հիմնականում տղամարդիկ եւ ընդամենը 3 կին, այն էլ, հետո պարզվեց, ակտիվիստ էին, բնապահպանական խնդիր բարձրացնելու համար էին եկել, այս 3 կանանցից մեկն էլ երիտասարդ աղջիկ էր, որը ՀՅԴ-ի դրոշն էր սկզբից մինչեւ վերջ ամուր բռնած պարզել: Հա, մի կին էլ ՀՅԴ-ի թեկնածուն էր, այսինքն՝ դահլիճում մի քանի հարյուր տղամարդկանց մեջ ընդամենը 4 կին կար:
Հավաքվել էին, կարելի է ասել, բացառապես դաշնակցականներն ու նրանց համախոհները: Նրանք, որոնք կուսակցական չէին, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրին ոմանք, դաշնակցական ընկերության «խաթեր» էին եկել: Գեղամավանի հանդիպման ժամանակ էլ մեծ մասը Դաշնակցության կողմնակիցներին էին հանդիպման եկել:

Մարտունու ռեստորանում հավաքվածներից որեւէ մեկը մեզ հետ զրույցում մի կծու խոսք չասաց ՀՅԴ-ի հասցեին, իսկ արդեն դահլիճից դուրս, Մարտունու փողոցներում մեզ հետ զրուցած քաղաքացիները կծու, թթու ու նույնիսկ վիրավորական խոսքեր հնչեցրին անխտիր բոլոր քաղաքական ուժերի հասցեին:

Քաղաքի ավտոկայանի մոտ հավաքվածներն ասացին, որ իրենք որեւէ քաղաքական ուժի կամ առանձին դեմքի հետ հույս չեն կապում. «Ահ, մեր հույսըն Աստվածն ա ու Ռուսաստանը: Մենք տարվա մեծ մասը Ռուսաստանում ենք, գնում ենք աշխատում, տուն պահում»:

Մեր դիտարկմանը, որ այսօր Դաշնակցության ներկայացուցիչները հանդիպման էին եկել քաղաքի բնակիչների հետ, տղամարդկանցից մեկն ասաց. «Ընչի են եկել, որ: Դաշնակցությունն մինչեւ էսօր ի՞նչ է արել Մարտունու համար, ոչ մի բան»:
Մեկ այլ տղամարդ էլ սկսեց գովել վարչապետ Կարեն Կարապետյանին, ասաց. «Լավ տղա է, այ, որ ինքը լինի մեր երկրի գլուխը, ինձ թվում է՝ լավ կլինի: Չէ, բայց որ դառավ հանրապետական, էտի վատ ա»:

«Էսօր սաղ էլ ժողովրդին խաբած ուժեր են, ձայները խաբելով տանում են: Մեզի նմանների մասին ոչ մեկն էլ չի մտածում: Էն անգամ Արթուր Բաղդասարյանը որ եկավ դդումի ջեմերը բաժանեց, հետո խաբեց, հիմա մի հատ էլ էդ ձեւի արթուրբաղդասարյաններ են գալու էլի: Հըմը որ ստեյով քայլես, կտեսնես, որ միլիցեքը, գայիշնիկները Մարտունու ժողովրդից շատ են: Բա տենց բան կըլնի՞: Ժողովուրդը սոված ա ապրում: Զզված են էս ժողովուրդը, էդ ասում են՝ եսիմ ինչ-եսիմ ինչյան, տենց բարեգործություններ են անում, հելնում խոստումներ տալիս, դրանք սաղը մե կորիզ են, սաղ էլ հանրապետականների ճտերն են: Մենք ոչ մեկին էլ չենք հավատում, սաղ էլ զիբիլ են»,- վրդովված ասացին մարտունեցիներն ու հիշեցին վարչապետին. «Մի հատ թող գա ստեղ ապրի, տեսնեմ՝ «դիլխոր» չի՞ ընգընի»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

10,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031