Լրահոս
Օրվա լրահոսը

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը որպես պահնորդ շներ է պահում, բայց չի կերակրում

Մարտ 11,2017 15:30

Շներն էլ գազազած՝ այս ու այն կողմ ընկած կեր են հայթայթում

Թափառող կենդանիների, մասնավորապես՝ շների խնդիրը մեր մայրաքաղաքում ոչ մի կերպ չի լուծվում: Եթե կենտրոնում որոշակի առումով այդ խնդիրը լուծված է, եւ թափառող շները գոնե այնքանով անվտանգ են, որ մարդկանց վրա չեն հարձակվում, ապա ծայրամասային թաղամասերում, հատկապես աղբավայրերի մերձակայքում, ոհմակով շներ են թափառում: Եթե դրանք ստերջացված չեն, ապա հաճախ են մարդկանց վրա հարձակվում, վախեցնում ու անգամ կծում:

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի բակում տասից ավելի շուն է բնակվում: Այդ շները երկար տարիներ է՝ տարածքի պահապաններն են, սակայն արդեն որքան ժամանակ է՝ շներն իրենց «զբոսանքի աշխարհագրությունն» ընդլայնել են: Բանն այն է, որ շների կերն իրենց տարածքում պակասել է, քանի որ քիմիայի ինստիտուտն իր նախկին հզորությամբ չի աշխատում, ուստի շներին կերակրող չի լինում, եւ կեր հայթայթելու համար ինստիտուտի շները դուրս են գալիս իրենց պահպանության տարածքից:
Ինստիտուտի շների կերակրատաշտերից մի քանիսը Սրտաբանական հիվանդանոցի հարեւանությամբ գտնվող Պարույր Սեւակի փողոցի երկայնքով տեղակայված աղբամաններն են: Հենց այդտեղ էլ թափառող շները լուծում են իրենց առօրյա սննդի հարցերը:

Սոված շների ճանապարհը մինչեւ Պարույր Սեւակի փողոցի աղբամաններ անցնում է ինստիտուտի հարեւանությամբ գտնվող շենքերի բակով:

Բնակիչների պատմելով՝ մարդ տեսնելիս շները գազազում են, գռմռում, անգամ հարձակվում: Թափառող շների թիրախում են հատկապես տոպրակներով առեւտուր արած մարդիկ, որոնք ձեռքներին սնունդ են տուն բերում: Հոտն առնելուն պես, բնակիչների խոսքերով, միանգամից մի տասը շուն վրա են հասնում: Շենքում շատ կան փոքրիկներ, որոնք բակում խաղում են, մեծահասակներ, որոնք զբոսնում են, բացի այդ՝ բնակիչները մշտապես գնում-գալիս են, եւ ինստիտուտի շներն այդ բոլորի համար էլ վտանգ են ներկայացնում: Նրանք, ինչպես բնակիչներն են ասում` անցորդներին վախի մեջ են պահում: Տարածքը շրջանցելու տեղ էլ չկա, եւ մարդիկ ուզեն թե չուզեն այդ հատվածով են անցնում:

Բնակիչներն իրենց անվտանգությունը ապահովելու համար դիմում են վարչական շրջանի պատասխանատուներին՝ հորդորելով լուծել այդ հարցը: «Տարածքի պահպանությունը հանձնել են շներին՝ այն դեպքում, երբ բազմաթիվ ժամանակակից մեթոդներ կան, սակայն ինչպես որ հարկն է՝ տեր չեն կանգնում իրենց «պահնորդներին»: Ամեն օր կեր հայթայթող շները օրերից մի օր էլ վնաս կտան մարդկանց, սակայն սրա համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրի»,- ասում են բնակիչները:

 

Սեփ.լր.

Լուսանկարը`  արխիվային

«Առավոտ»

10,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031