Պաշտպանը 43 էջանոց մեքենագիր
բողոքում խայտառակ բացահայտումներ է կատարել
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արթուր Ալիխանյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 5 տարվա ազատազրկման դատապարտված Արփինե Մայսուրյանի գործով:
Պաշտպանն անդրադարձել է քրեական գործի նախապատմությանը: Մասնավորապես՝ վեց տարի առաջ օգոստոսին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում ստացված հաղորդմանը: Զարուհի Պողոսյանը (հանգուցյալ) հաղորդումով դիմել էր ոստիկանության բաժին, հայտնելով, թե Երեւանի Խանջյան փողոցի 31 շենքի իր բնակարանը վաճառելու նպատակով Կենտրոն նոտարական գրասենյակում առուվաճառքի եւ փոխառության պայմանագիր է կնքել Արփինե Մայսուրյանի եւ Արմենակ Հովհաննիսյանի հետ, պայմանով, որ բնակարանի գումարը տան, ինչը չեն տվել: Խոսքը 35 000 դոլարի մասին է: Ըստ հաղորդման, տունը նրա անունով չեն վերաձեւակերպել:
Մինչդեռ, պաշտպանական կողմի տեղեկացմամբ, Արփինեի եղբայրը, որն ընտանիքով Ուկրաինայում էր, նոտարական վավերացմամբ հայտարարության մեջ հայտնել էր, թե 30 հազար դոլար է ուղարկել քրոջը՝ «Զապորոժյե-Երեւան» երթուղային տաքսու վարորդի միջոցով, իսկ հայրն էլ՝ Սերժիկ Մայսուրյանը հեռախոսով խոսել է Զարուհի Պողոսյանի հետ, տեղեկանալով, որ նրան փոխանցվել է ողջ գումարը, մինչ այդ էլ հինգ հարյուր դոլարը, որպես կանխավճար:
Կարդացեք նաև
Խարդախության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, սակայն այն հանցակազմի բացակայության հիմքով հետագայում մերժվել է:
Քաղաքացիաիրավական հարաբերությունները տեղափոխվում են քաղաքացիական դատարան, առաջին ատյանը՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, կայացնում է վճիռ, հօգուտ Ա. Մայսուրյանի, որն էլ մտնում է օրինական ուժի մեջ:
Կենտրոնի դատախազ Սամվել Հարությունյանը դիմում է վերաքննիչ բողոքով դատարան, սակայն մերժվում է նրա բողոքը, պատճառաբանությամբ, թե կա օրինական ուժի մեջ գտնվող վճիռ: 2012թ. հոկտեմբերի 29-ին Զարուհի Պողոսյանը կրկին հաղորդմամբ դիմում է Կենտրոնի ոստիկանության բաժին, եւ դատախազ Ս.Հարությունյանի որոշմամբ հարուցվում է քրեական գործ: Կենտրոնական քննչական բաժնում ձերբակալվում է Ա. Մայսուրյանը, ապա նրա նկատմամբ ընտրվում է կալանքը: Կալանքի դեմ բողոք է բերում ճանաչված փաստաբան Ամալյա Ավագյանը, որն Արփինեի առաջին պաշտպանն էր: Սակայն մերժվում է: Աղջնակը մեկ ամիս տասնմեկ օր մնաց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, իսկ Կենտրոնի նախկին դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ ընտրվեց այլընտրանքային՝ երկու միլիոն դրամի չափով՝ գրավով խափանման միջոցը:
Պաշտպանն իր բողոքում նշել է, որ Արփինեն արդար է, եւ նա որեւէ հանցագործություն չի կատարել, բարեխիղճ գնորդ է եղել:
Նա վերաքննիչ դատարան է ներկայացրել տուժողի կողմից մի քանի անգամ այդ նույն վաճառված բնակարանը ձեռքբերողների՝ գնորդների մասին տարբեր դատարանների վճիռները: Նաեւ՝ ՀՀ ժողովրդական պատգամավորների Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի որոշումը, համաձայն որի՝ վիճելի բնակարանի սեփականատեր էր դարձել Տատյանա Բաղդասարյանը: Նրան տրվել է սեփականության վկայագիր:
Մեկ այլ նոր հանգամանք կա այս գործով, պարզվում է, որ 2001թ. հոկտեմբերի 4-ի օրինական ուժի մեջ գտնվող վճռի համաձայն, ոմն Խոսրով Ավագյանը խաբել է Տատյանա Բաղդասարյանին եւ տիրացել նրա բնակարանին: Միայնակ կնոջը չի օգնում, ապա Խ. Ավագյանը նվիրատվություն է կատարում որդուն: Այնուհետեւ՝ Տատյանա Բաղդասարյանը տանը, տունը վաճառում է Զարուհի Պողոսյանին՝ 7 600 դոլարով:
Վերաքննիչ բողոքից պարզվում է նաեւ, որ Խոսրով Ավագյանը ճանաչել է Զարուհի Պողոսյանին, որի հետ նրանք ծեր, միայնակ կնոջը՝ Տատյանային տեղափոխել են այլ բնակարան, վարձով, հետագայում վարձն էլ չեն տվել, ապա այս մարդը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ սպանության, միայնակներին խաբելու, նրանց գույքը տիրանալու համար: Իսկ վիճելի բնակարանն այդպես էլ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում չի գնահատվել, եւ քանի որ Տատյանան չուներ ժառանգ, այն չի պետականացվում, այլ մնում է Զ.Պողոսյանի տրամադրության տակ: Հետեւում են այս բնակարանի այլ վաճառքներ նույնպես, եւ նույն ձեռագրով, թե գնորդը գումարը չի տվել…
Վերջին գործարքը՝ Արփինե Մայսուրյանին բնակարանը վաճառելուց առաջ Զարուհի Պողոսյանը 1 ամիս 27 օր առաջ կատարել էր գործարք Ներսես Վարդանյանի հետ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
10,03.2017