«ՀՀԿ-ն եւ մենք բոլորս հույս ունենք, որ ընտրությունները շատ լավ կավարտվեն՝ առանց խախտումների»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նա անդրադարձավ հարցին, թե ինչու է ՀՀԿ նախընտրական քարոզարշավն առաջնորդում վարչապետ Կարեն Կարապետյանը, այլ ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այս անգամ որոշվեց ընտրապայքարի գնալ նման ձեւաչափով, թե դա իրեն որքանով կարդարացնի, կտեսնենք ապրիլի 3-ին: Համոզմունքներ ու վստահություն կապում ենք բոլորիս հետ, առավել եւս՝ մեր վարչապետի: Վստահում ենք նրան: Նա, թեկուզ իր համար առաջին անգամ, բայց ավելի հետաքրքիր նախընտրական արշավ է կազմակերպելու»,-կարծիք հայտնեց Բեգլարյանը:
Նա նշեց՝ ամեն ինչ անելու է, որ ժողովուրդը վստահի իր եղբորը՝ պատգամավորի թեկնածու առաջադրված Հակոբ Բեգլարյանին. «Համոզված եմ, որ ընտրվելու դեպքում նա շատ լավ պատգամավոր կլինի»:
Կարդացեք նաև
Խոսելով ՀՀԿ վարկանիշային թեկնածուների միջեւ տարաձայնությունների եւ պայքարի մասին՝ նա ասաց, որ մասնավորապես Կենտրոն համայնքում միջկուսակցական պայքար չկա. «Կարծում եմ՝ մյուս տեղերում էլ չպետք է լինի: Բոլոր ձայները կուսակցության ձայներն են»:
Բեգլարյանը նաեւ ասաց, որ Գագիկ Ծառուկյանի կողմից՝ գյուղտեխնիկայի տեսքով ընտրակաշառք տալու տեղեկություններին չի տիրապետում եւ չի կարող այդ առնչությամբ մեկնաբանություն տալ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ