Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախընտրական շտաբից այսօր սկսվեց կուսակցության թիվ 1 ընտրատարածքի թեկնածուների քարոզարշավը: Թիվ 1-ում առաջադրվել են Ստյոպա Սաֆարյանը, Հռիփսիմե Բոչոլյանը, Հովսեփ Ավետիսյանը, Ռուբեն Ուռուտյանը, Սոնա Միսակյանը, Սարգիս Բեջանյանը:
«Երբեք պայքարից չենք վախեցել: Վստահ եմ, որ այս ընտրություններում մեր մրցակիցները եւ մենք հարգալից ենք լինելու իրար հանդեպ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը: Նրա բնորոշմամբ՝ այս ընտրատարածքում նախկին ընտրություններն աչքի են ընկել ոչ ցանկալի դրսեւորումներով. «Այնուամենայնիվ, վստահ եմ, որ այս ընտրատարածքում կունենանք մի քանի հաղթողներ: «Ազատ դեմոկրատների» նախընտրական ծրագիրը միակն է, որը խոստանում է մեծ փոփոխություններ»:
Հռիփսիմե Բոչոլյանն իր հերթին հույս հայտնեց, որ նոր խորհրդարանում երիտասարդների թիվը մեծ կլինի, եւ նրանք կկարողանան իրենց գաղափարներն իրագործել:
Կարդացեք նաև
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ այս ընտրատարածքում փորձառու Ստյոպա Սաֆարյանից բացի, հինգ երիտասարդ թեկնածու է առաջադրված. «Մենք ազատ դեմոկրատներ չէինք լինի, եթե երիտասարդությանը չփորձեինք բերել ԱԺ… Ակնկալում ենք քաղաքակիրթ պայքար. անգամ ոչ քաղաքակիրթ մեթոդներով պայքարող թեկնածուներին մենք կբերենք քաղաքակիրթ պայքարի դաշտ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ