«Հովիկ Աբրահամյանի ժամանակ՝ նախընտրական տարում, մտածում էին՝ թվանկարչությունն այնքան շարունակեն, որ 2017թ. ընտրությունների ժամանակ ցույց տան, թե տարին ավարտել են տնտեսական աճով»,-Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածուների եւ բնակիչների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց դաշինքի թեկնածու, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Ըստ նրա՝ թե ներկա եւ թե նախկին վարչապետերի պաշտոնավարման ժամանակ իշխանությունների՝ տնտեսական աճի եւ գյուղատնտեսական արտադրության արտահանման ավելացման ցուցանիշները թվանկարչություն են՝ իրականությանը չեն համապատասխանում:
«Հովիկ Աբրահամյանին ազատեցին, եկավ նոր վարչապետ ու հայտնագործություն արեց, որ տնտեսության վիճակը ծանր է: Դա այն դեպքում, երբ մենք՝ ընդդիմադիրներս, մինչ այդ էլ ասում էինք, որ տնտեսական աճ չկա, որ այդ ամենը թվանկարչություն է: Պարզվեց՝ մենք ճիշտ էինք. ՀՀ-ն 2016թ.-նն ավարտեց 0,2 տասնորդական տոկոս տնտեսական աճով: Այսինքն՝ տնտեսական աճ չունենք»,-փաստեց Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Նրա կարծիքով՝ պետությունն անպատասխանատու վերաբերվեց հատկապես ջերմոցային տնտեսությունների հանդեպ, որոնք հիմնականում Արարատյան հարթավայրում են տեղակայված: Ըստ տնտեսագետի՝ դրանք պետք է լինեն միջին՝ լեռնային գոտիներում: «Այս ձմեռ Արարատյան դաշտում մեկ ամսից ավելի՝ արեւ չկար…Ջերմոցային տնտեսություններն այս պահին խայտառակ վիճակում են՝ աշխատում են վնասով, բայց, չգիտես ինչու, խրախուսվում է դրանց գործունեությունը: Դրանք տնտեսապես արդյունավետ չեն»,-տեղեկացրեց Խաչատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ